1 Եւ բոլոր մաքսաւորներն ու մեղաւորները նրա մօտ էին, որպէսզի լսեն նրան: 2 Փարիսեցիներն ու օրէնսգէտները տրտնջում էին եւ ասում. «Ինչո՞ւ է նա ընդունում մեղաւորներին եւ ուտում նրանց հետ»: 3 Յիսուս նրանց այս առակն ասաց. 4 «Ձեզնից ո՞վ է այն մարդը, որ երբ հարիւր ոչխար ունենայ եւ կորցնի նրանցից մէկը, արօտավայրում չի թողնի իննսունիննին եւ չի գնայ կորածի յետեւից, մինչեւ որ այն գտնի: 5 Եւ երբ այն գտնի, կդնի այն իր ուսերի վրայ խնդութեամբ 6 եւ կգնայ տուն, կկանչի բարեկամներին ու հարեւաններին եւ նրանց կասի. ուրախացէ՛ք ինձ հետ, որովհետեւ գտայ իմ կորած ոչխարը: 7 Ասում եմ ձեզ, որ այսպէս ուրախութիւն կլինի երկնքում մի մեղաւորի համար, որն ապաշխարում է, քան իննսունինը արդարների համար, որոնց ապաշխարութիւն պէտք չէ: 8 Կամ ո՞վ է այն կինը, որ երբ տասը դրամ ունենայ եւ մի դրամ կորցնի, ճրագ չի վառի եւ չի աւլի տունը փութով ու չի փնտրի, մինչեւ որ գտնի: 9 Եւ երբ գտնի, կկանչի բարեկամներին ու հարեւաններին եւ կասի. «Ուրախացէ՛ք ինձ հետ, որովհետեւ գտայ իմ կորցրած դրամը»: 10 Ասում եմ ձեզ. Աստծոյ հրեշտակների առաջ այսպէս ուրախութիւն կլինի մէկ մեղաւորի համար, որն ապաշխարում է»: 11 Եւ ասաց. «Մի մարդ երկու որդի ունէր. 12 նրանցից կրտսերը հօրն ասաց. “Հա՛յր, տո՛ւր քո ունեցուածքից ինձ ընկնող բաժինը”: Եւ նա ունեցուածքը բաժանեց նրանց: 13 Քիչ օրեր յետոյ կրտսեր որդին, փողի վերածելով ամէն ինչ, գնաց հեռու աշխարհ եւ այնտեղ վատնեց իր ունեցուածքը, որովհետեւ անառակ կեանքով էր ապրում: 14 Եւ երբ ամէն ինչ սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղաւ, եւ նա սկսեց չքաւոր դառնալ: 15 Գնաց դիմեց այդ երկրի քաղաքացիներից մէկին, եւ սա ուղարկեց նրան իր ագարակը՝ խոզեր արածեցնելու: 16 Եւ նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերենու պտղով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք այդ նրան չէր տալիս: 17 Ապա խելքի եկաւ եւ ասաց. “Քանի՜ վարձու աշխատաւորներ կան իմ հօր տանը, որ առատ հաց ունեն, եւ ես այստեղ սովամահ կորչում եմ: 18 Վեր կենամ գնամ իմ հօր մօտ եւ նրան ասեմ. հա՛յր, մեղանչեցի երկնքի դէմ ու քո առաջ 19 եւ այլեւս արժանի չեմ քո որդին կոչուելու, ինձ վերցրո՛ւ իբրեւ քո աշխատաւորներից մէկը”: 20 Եւ վեր կացաւ եկաւ իր հօր մօտ. եւ մինչդեռ հեռու էր, հայրը տեսաւ նրան եւ գթաց. վեր կացաւ ու վազեց նրան ընդառաջ, ընկաւ նրա պարանոցով եւ համբուրեց նրան: 21 Եւ որդին ասաց նրան. “Հա՛յր, մեղանչեցի երկնքի դէմ եւ քո առաջ, այլեւս արժանի չեմ քո որդին կոչուելու”: 22 Հայրն իր ծառաներին ասաց. “Անմիջապէս հանեցէ՛ք նրա նախկին պատմուճանը եւ հագցրէք նրան, մատանին նրա մատը դրէք եւ նրա ոտքերին՝ կօշիկներ. 23 բերէ՛ք պարարտ եզը, մորթեցէ՛ք, ուտենք եւ ուրախ լինենք, 24 որովհետեւ իմ այս որդին մեռած էր եւ կենդանացաւ, կորած էր եւ գտնուեց”. եւ սկսեցին ուրախանալ: 25 Իսկ նրա աւագ որդին ագարակում էր. եւ մինչ գալիս էր եւ տանը մօտեցաւ, լսեց երգերի եւ պարերի ձայնը. 26 եւ իր մօտ կանչելով ծառաներից մէկին՝ հարցրեց, թէ այդ ինչ է: 27 Եւ սա նրան ասաց. “Քո եղբայրը եկել է, եւ քո հայրը մորթեց պարարտ եզը, որովհետեւ ողջ-առողջ ընդունեց նրան”: 28 Նա բարկացաւ եւ չէր ուզում ներս մտնել. իսկ հայրը դուրս ելնելով աղաչում էր նրան: 29 Որդին պատասխանեց եւ ասաց հօրը. “Այս քանի՜ տարի է, որ ծառայում եմ քեզ եւ երբեք քո հրամանները զանց չեմ առել. ինձ երբեք մի ուլ չտուեցիր, որ բարեկամներիս հետ ուրախութիւն անեմ: 30 Երբ եկաւ քո այդ որդին, որը քո ունեցուածքը կերաւ պոռնիկների հետ, պարարտ եզը նրա համար մորթեցիր”: 31 Հայրը նրան ասաց. “Որդեա՛կ, դու միշտ ինձ հետ ես, եւ ամէն ինչ, որ իմն է, քոնն է. 32 բայց պէտք էր ուրախ լինել եւ ցնծալ, որովհետեւ քո այս եղբայրը մեռած էր եւ կենդանացաւ, կորած էր եւ գտնուեց”»: