54.11 «Ո՛վ դու, որ տառապեալ ես եւ խախտուած, ես հաշտուել եմ քեզ հետ, մինչեւ որ դու մխիթարուես: Ահա ես քո քարերը՝ սուտակից եւ քո հիմքերը շափիւղայից պիտի պատրաստեմ. 12 քո աշտարակները յասպիսից պիտի կանգնեցնեմ, դռներդ՝ բիւրեղից եւ քո շուրջը պարիսպ պիտի քաշեմ թանկագին եւ ընտիր-ընտիր քարերից: 13 Աստծուց խրատուած որդիներ պիտի ունենաս, քո մանուկները մեծ խաղաղութեան մէջ պիտի լինեն: 14 Արդարութեամբ պիտի շէնանաս: Հեռո՛ւ կանգնիր անիրաւից, որ ահ չունենաս, եւ դողը քեզ չբռնի: 15 Ահա եկողները իմ անունով պիտի մօտենան քեզ, քեզ մօտ պիտի պանդխտեն եւ քեզ ապաստան դարձնեն: 16 Ահաւասիկ ես քեզ հաստատեցի, բայց ոչ որպէս մի դարբին, որ փուքսով կայծեր է արծարծում եւ գործիքներ է շինում իր համար. ես քեզ հաստատեցի ոչ կորստի ու ոչնչացման համար: 17 Ոչ մի վնասակար գործիք քո դէմ յաջողութիւն չպիտի ունենայ, եւ դու քո դէմ դատաստանի ելնող ամէն մի լեզու պարտութեան ես մատնելու, նրա հետ եւ՝ քո բոլոր դատախազներին: Դա է Տիրոջ ծառաների ժառանգութիւնը, եւ ինձ համար դուք էք լինելու իրաւացի»,– ասում է Տէրը:
55.1 «Ո՛վ դուք, որ ծարաւած էք, գնացէ՛ք ջրի, եւ դուք, որ բոլորովին արծաթ չունէք, գնացէք գնեցէ՛ք ու կերէ՛ք առանց արծաթի եւ առանց գինու համար վճարելու: 2 Բայց ինչո՞ւ արծաթով ճարպ էք գնում եւ ոչ թէ հաց, ձեր վաստակն ինչո՞ւ կշտանալու համար չէք ծախսում: Լսեցէ՛ք ինձ եւ բարիքնե՛ր ճաշակեցէք, ու բարութեան մէջ ձեր հոգիները վայելք պիտի զգան: 3 Ակա՛նջ դրէք ինձ եւ հետեւեցէ՛ք իմ ճանապարհին: Լսեցէ՛ք ինձ, եւ ձեր հոգիները կապրեն բարութեան մէջ, ու ես ձեզ հետ յաւիտենական ուխտ կկնքեմ՝ շնորհելով ձեզ Դաւթին խոստացուած անանց սրբութիւնները: 4 Ահա նրան տուեցի որպէս հեթանոսների վկայ, որպէս ազգերի իշխան եւ հրամանատար: 5 Քեզ չիմացող ազգերը պիտի դիմեն քեզ, եւ քեզ չճանաչող ժողովուրդներն ապաւէն պիտի դարձնեն քեզ յանուն քո Տէր Աստծոյ՝ Իսրայէլի Սրբի, որը փառաւորեց քեզ»: 6 Փնտրեցէ՛ք Տիրոջը եւ, երբ գտնէք, կանչեցէ՛ք նրան. երբ նա ձեզ մօտենայ, 7 ամբարիշտը թող հրաժարուի իր ընթացքից, անօրէն մարդը՝ իր խորհուրդներից, թող նա վերադառնայ Տիրոջ մօտ եւ ողորմութիւն կգտնի, մեր Աստծոյ մօտ, որը բազմապատիկ թողութիւն պիտի շնորհի ձեր անօրինութիւններին: 8 «Իմ խորհուրդները նման չեն ձեր խորհուրդներին, եւ ոչ էլ իմ ճանապարհները՝ ձեր ճանապարհներին,– ասում է Տէրը,– 9 այլ ինչպէս երկինքն է հեռու երկրից, այնպէս էլ իմ ճանապարհներն են հեռու ձեր ճանապարհներից, եւ իմ խորհուրդները՝ ձեր խորհուրդներից: 10 Ինչպէս որ, ասենք, երբ անձրեւ կամ ձիւն է իջնում երկնքից եւ կրկին այնտեղ չի վերադառնում, քանի դեռ չի ոռոգել երկիրը, չի ծլեցրել ու պտղաբերել այն, սերմանողին սերմ եւ ուտելու հաց չի տուել, 11 այդպէս էլ պիտի լինի իմ խօսքը, որ ելնում է իմ բերանից. նա դատարկ չի վերադառնալու, մինչեւ որ չկատարի այն, ինչ կամենում եմ ես: Պիտի հեշտացնեմ քո ճանապարհները, որպէսզի իմ ճանապարհներն էլ դու պահպանես: 12 Ուրախութեամբ պիտի ելնէք եւ ցնծութեամբ պիտի սովորէք. լեռներն ու բլուրները պիտի խայտան, խնդութեամբ ընդունեն ձեզ, եւ անտառի բոլոր ծառերը պիտի ծափահարեն ձեզ: 13 Գիհու փոխարէն նոճի պիտի բուսնի, դժնիկի փոխարէն մրտենի պիտի աճի. եւ դա պիտի լինի յանուն Տիրոջ եւ ի նշան յաւիտենականութեան ու չի նուազելու»: