28 Նոյեմբեր, Եշ
24 Աչքներիդ երեւացածի պէս մի՛ դատէք, այլ ուղիղ դատաստան արէք»: 25 Երուսաղէմացիներից ոմանք ասում էին. «Սա չէ՞ նա, որին ուզում էին սպանել: 26 Իսկ ահաւասիկ, բացայայտօրէն խօսում է, եւ նրան բան չեն ասում. գուցէ, արդարեւ, իշխանաւորներն էլ ճանաչեցին, թէ սա է Քրիստոսը: 27 Բայց մենք նրան գիտենք, թէ որտեղից է. իսկ Քրիստոս երբ որ գայ, ոչ ոք չի գիտենայ, թէ որտեղից է»: 28 Յիսուս աղաղակեց տաճարի մէջ, ուսուցանում էր եւ ասում. «Ե՛ւ ինձ գիտէք, ե՛ւ գիտէք որտեղից եմ. ինքս ինձ չեմ եկել, այլ ճշմարիտ է նա, ով ինձ ուղարկեց. նա, որին դուք չգիտէք: 29 Ես գիտեմ նրան, որովհետեւ նրանից իսկ եմ, եւ նա ուղարկեց ինձ»: 30 Ուզում էին նրան բռնել, բայց ոչ ոք նրա վրայ ձեռք չդրեց, որովհետեւ նրա ժամանակը դեռ չէր հասել: 31 Սակայն բազմութեան միջից շատերը հաւատացին նրան եւ ասում էին. «Երբ Քրիստոսը գայ, մի՞թէ աւելի մեծ նշաններ պիտի անի, քան սա է անում»: 32 Եւ փարիսեցիները նրա մասին ժողովրդի մէջ եղած քրթմնջիւնները լսեցին. եւ քահանայապետներն ու փարիսեցիները սպասաւորներ ուղարկեցին, որպէսզի բռնեն նրան: 33 Յիսուս ասաց. «Մի փոքր ժամանակ էլ ձեզ հետ եմ եւ ապա գնում եմ նրա մօտ, ով ինձ ուղարկեց: 34 Ինձ կփնտրէք եւ չէք գտնի, եւ ուր ես եմ գնում, դուք չէք կարող գալ»: 35 Հրեայ առաջնորդներն իրար ասում էին. «Իսկ նա ո՞ւր պիտի գնայ, որ մենք նրան չգտնենք. մի՞թէ հեթանոսների մէջ ցրուած հրեաների մօտ պիտի գնայ եւ հեթանոսներին պիտի ուսուցանի: 36 Ի՞նչ է այն խօսքը, որ նա ասաց. “Կփնտրէք ինձ եւ չէք գտնի, եւ ուր ես եմ գնում, դուք չէք կարող գալ”»: