Ա Կորնթացիներ 5.9-6.10

5.9 Գրեցի ձեզ այս թղթում, որ չխառնակուէք պոռնիկների հետ. 10 եւ ոչ միայն՝ այս աշխարհի պոռնիկների կամ ագահների կամ յափշտակողների կամ կռապաշտների հետ. ապա թէ ոչ՝ պարտաւոր պիտի լինէիք աշխարհից իսկ դուրս գալ: 11 Բայց արդ, ձեզ գրեցի, որ չխառնակուէք. եթէ եղբայր կոչուած մէկը պոռնիկ լինի, կամ կռապաշտ, կամ ագահ, կամ բամբասող, կամ հարբեցող, կամ յափշտակող, այդպիսի մէկի հետ հաց էլ չուտէք: 12 Իմ ի՞նչ գործն է դատել նաեւ դրսիններին. չէ՞ որ ներսիններին դուք էք դատում: 13 Իսկ դրսիններին Աստուած է դատելու: Վերացրէ՛ք չարը ձեր միջից:

6.1 Ձեզնից մէկը, եթէ խնդիր ունենայ իր ընկերոջ հետ, կհամարձակուի դատուել անիրաւների՞ առաջ, թէ՞ սրբերի առաջ. 2 չգիտէ՞ք, որ սրբերն են դատում աշխարհը: Եւ եթէ ձեզնով է դատւում աշխարհը, ապա արժանի չէ՞ք չնչին բաներ դատելու: 3 Չգիտէ՞ք, որ մենք հրեշտակներին էլ ենք դատելու, ուր մնաց թէ՝ երկրաւորներին: 4 Իսկ դուք, երբ այս հարցերի մասին վէճեր ունէք, որպէս եկեղեցու դատաւորներ նստեցնում էք մարդկանց, որոնք անարժէք են: 5 Յամօթ ձեզ եմ ասում: Ձեր մէջ չկա՞յ այնչափ իմաստուն մէկը, որ կարողանայ արդար դատ անել իր եւ եղբօր միջեւ: 6 Բայց եղբայրը եղբօր դէմ է դատւում, այն էլ՝ անհաւատների առջեւ: 7 Եւ արդ, բոլորովին վատթար բան է ձեզ համար, որ դատաստաններ էլ կան ձեր մէջ: Ինչո՞ւ ինքներդ զրկանք չէք կրում եւ առաւել եւս ինքներդ նեղութիւն չէք քաշում. 8 այլ դուք էք զրկում ու նեղում. այն էլ՝ նոյնիսկ եղբայրներին: 9 Չգիտէ՞ք, որ անիրաւներն Աստծոյ արքայութիւնը չեն ժառանգում. մի՛ խաբուէք. ո՛չ պոռնիկներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ, 10 ո՛չ իգացողներ, ո՛չ արուամոլներ, ո՛չ գողեր, ո՛չ ագահներ, ո՛չ հարբեցողներ, ո՛չ բամբասողներ, ո՛չ էլ յափշտակողներ Աստծոյ արքայութիւնը չպիտի ժառանգեն:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․