1 Երեսուներորդ տարում, չորրորդ ամսին, ամսուայ հինգերորդ օրը, ես Քոբար գետի ափին գերեվարուածների մէջ էի: Երկինքը բացուեց, եւ ես Աստծուն տեսայ մի տեսիլքի մէջ: 2 Ամսուայ հինգերորդ օրն էր. դա Յովակիմ արքայի գերութեան հինգերորդ տարին էր: 3 Աստուած խօսեց Բուզիի որդու՝ Եզեկիէլ քահանայի հետ Քաղդէացիների երկրում՝ Քոբար գետի ափին: 4 Եւ այնտեղ Տիրոջ ձեռքը հանգեց ինձ վրայ, ու տեսայ, որ ահա հիւսիսից մի հողմ բարձրացած գալիս էր, մի մեծ ամպ էլ՝ նրա հետ: Շուրջը լոյս էր, որից հուր էր փայլատակում: Նրա մէջ թանկարժէք քարերի տեսքը կար, միջից՝ ճառագայթներ: 5 Դրա մէջ չորս կենդանի էակների կերպարանքներ կային: Եւ այս էր դրանց տեսքը. դրանք մարդու կերպարանք ունէին: 6 Ամէն մէկը չորս դէմք ունէր, ամէն մէկը՝ չորս թեւ: 7 Նրանց ազդրերն ուղիղ էին, ոտքերը՝ թեւաւոր. կճղակները նման էին հորթերի կճղակների, եւ դրանցից կայծեր էին թափւում, ինչպէս պղնձի փայլատակումներից: Նրանց թեւերն արագաշարժ էին: 8 Նրանց թեւերի տակ, չորս կողմերում, մարդկային ձեռքեր կային: Նրանց երեսները չորսն էին: Չորսի թեւերն էլ կցուած էին միմեանց: 9 Գնալիս երեսները յետ էին դարձնում. իւրաքանչիւրն իր դէմքի ուղղութեամբ էր ընթանում: 10 Նրանց չորսի էլ դէմքի տեսքը աջից մարդու եւ առիւծի կերպարանք ունէր, իսկ ձախից՝ եզան եւ արծուի կերպարանք. այս էր նրանց տեսքը: 11 Նրանց չորսի թեւերը տարածուած էին վերեւից. իւրաքանչիւր երկուսն իրար էին կցուած ու վերեւից զոյգ-զոյգ ծածկում էին նրանց մարմինները: 12 Եւ իւրաքանչիւրն իր դէմքի ուղղութեամբ էր ընթանում. դէպի որ կողմը որ հողմը փչում էր, նրանք այն կողմն էին գնում եւ ընթանալիս յետ շուռ չէին գալիս: 13 Կենդանի էակների մէջ բորբոքուած հրի պէս մի պատկեր կար, ասես շարժուող լապտերների պատկեր լինէր. կրակի լոյս կար, եւ այն կրակից փայլատակումներ էին սփռւում: 14 Եւ կենդանի էակներն արագ էին ընթանում ու թեթեւ պտտւում էին, արեգակի պէս: 15 Եւ ահա երկրի վրայ, չորս կենդանի էակների յետեւից մի անիւ էի տեսնում. անիւների կերպարանքն ու դրանց կառուցուածքը ոսկեքարի տեսքն ունէին: 16 Թէ՛ չորսի տեսքը, թէ՛ նրանց պատկերն ու կառուցուածքը այնպէս էին, որ կարծես թէ անուի մէջ անիւ էր պտտւում: 17 Նրանք իրենց դէմքերի չորս ուղղութեամբ էլ ընթանում էին ու յետ շուռ չէին գալիս: Բարձր էին: 18 Նայում էի նրանց ու տեսնում, որ նրանց թիկունքները, չորս կողմերում էլ, լիքն էին աչքերով: 19 Կենդանի էակներն ընթանալիս անիւներն էլ նրանց հետ էին գնում, իսկ երբ երկրից բարձրանում էին, անիւներն էլ էին բարձրանում: 20 Դէպի որ կողմը որ գնում էին ամպն ու հողմը, կենդանի էակներն էլ էին ընթանում, եւ անիւները նրանց հետ բարձրանում էին, որովհետեւ այն անիւների մէջ կենդանի ոգի կար: