1 Այն տարին, երբ մեռաւ Օզիա արքան, տեսայ Տիրոջը, որ նստած էր բարձր ու վերացած աթոռին, իսկ տաճարը լի էր նրա փառքով: 2 Նրա շուրջը սերովբէներ կային, որոնցից իւրաքանչիւրը վեց թեւ ունէր. երկուսով իրենց երեսներն էին ծածկում, երկուսով՝ իրենց ոտքերը եւ երկուսով էլ թռչում էին: 3 Ձայնակցում էին իրար եւ ասում. «Սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ է Զօրութիւնների Տէրը, եւ ամբողջ երկիրը լի է նրա փառքով»: 4 Կանչողների ձայնից դռան բարաւորը վեր բարձրացաւ, ու տունը լցուեց ծխով: 5 Եւ ես ասում եմ. «Վա՜յ ինձ. ես մի տառապած մարդ եմ. ինչո՞ւ եմ ապշած կանգնել մնացել. չէ՞ որ ես մարդ եմ, պիղծ շուրթեր ունեմ եւ պղծաշուրթ ժողովրդի մէջ եմ ապրում, բայց ահա իմ աչքերով տեսայ Զօրութիւնների Տիրոջը»: 6 Եւ ահա ինձ ներկայացաւ սերովբէներից մէկը՝ ձեռքին կայծ բռնած, որ ունելիով վերցրել էր զոհասեղանից: 7 Բերեց մօտեցրեց իմ բերանին եւ ասաց. «Ահա մօտեցրի քո շուրթերին. դա կհանի քո անօրինութիւնները եւ քո մեղքերը կսրբի քեզնից»: