12 Եղբայրնե՛ր, աղաչում ենք ձեզ, որ ճանաչէք եւ գնահատէք ձեր վաստակաւորներին, Տիրոջ կողմից ձեզ վրայ նշանակուած վերակացուներին, ինչպէս նաեւ ձեզ խրատողներին. 13 եւ առաւելագոյն սիրոյ արժանի՛ համարեցէք նրանց իրենց աշխատանքի համար: Խաղաղութի՛ւն ունեցէք միմեանց միջեւ: 14 Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ. խրատեցէ՛ք ստահակներին, քաջալերեցէ՛ք երկչոտներին, օգնակա՛ն եղէք տկարներին, համբերատա՛ր եղէք բոլորի հանդէպ: 15 Զգո՛յշ եղէք, չլինի թէ մէկը չարին չարով հատուցի. միշտ միմեանց հանդէպ եւ բոլորի հանդէպ բարին գործելու հետամո՛ւտ եղէք: 16 Ուրա՛խ եղէք միշտ, 17 անդադար աղօթեցէ՛ք, 18 ամէն ինչում գոհութի՛ւն մատուցէք, որովհետեւ այդ է Աստծոյ կամքը ձեզ համար ի Քրիստոս Յիսուս: 19 Մի՛ հանգցրէք Հոգին, 20 մի՛ արհամարհէք մարգարէութիւնները, 21 փորձեցէ՛ք ամէն ինչ, բարին ամո՛ւր պահեցէք, 22 հեռո՛ւ մնացէք բոլոր չար բաներից: 23 Եւ խաղաղութեան Աստուածն ինքը թող սրբացնի ձեզ ամբողջապէս, եւ ձեր ամբողջ հոգին, շունչը եւ մարմինը թող անարատ պահուի մինչեւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի գալուստը: 24 Հաւատարիմ է նա, որ կոչեց ձեզ. նա է դարձեալ, որ նոյնը պիտի անի: 25 Եղբայրնե՛ր, աղօթեցէ՛ք նաեւ մեզ համար: 26 Ողջունեցէ՛ք բոլոր եղբայրներին սուրբ համբոյրով: 27 Երդուել եմ տալիս ձեզ Տիրոջով, որ ընթերցէք այս թուղթը բոլոր սուրբ եղբայրներին: 28 Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնո՜րհը ձեզ հետ: