12 Ես հրճուեցի բոլոր նրանց հետ, ում առաջնորդում էր իմաստութիւնը, բայց չգիտէի, որ ամէն ինչի ծնունդ տուողը նա էր: 13 Ես սովորեցի առանց նենգութեան եւ առանց նախանձի էլ բաշխում եմ, չեմ թաքցնում նրա հարստութիւնը, որովհետեւ նա անսպառ գանձ է մարդկանց համար: 14 Նրանք, որ վարւում են այսպէս, բարեկամանում են Աստծոյ հետ նրա կրթութեան ընծայած պարգեւների շնորհիւ: 15 Տայ Աստուած, որ ես խօսեմ իրաւախոհութեամբ եւ ունենամ նրա տուած շնորհներին արժանի մտածումներ, որովհետեւ նա ինքն է իմաստութեան առաջնորդը եւ իմաստուններին ուղղութիւն տուողը, 16 որովհետեւ նրա ձեռքում ենք թէ՛ մենք, թէ՛ մեր խօսքերը եւ թէ՛ ամէն մի իմաստութիւն եւ խելամիտ գործ: 17 Նա ինձ տուել է եղած բաների մասին անսխալ գիտութիւնը, որ ճանաչեմ աշխարհի հաստատման կարգը եւ տարրերի ներգործութիւնը, 18 ժամանակների սկիզբը, վախճանը եւ միջին մասը, արեգակի շրջանների փոփոխութիւնները եւ եղանակների շրջադարձերը, 19 տարրերի պտոյտներն ու աստղերի դիրքերը, 20 անասունների բարքերը եւ գազանների գազանային յատկանիշները, հողմերի շարժումներն ու մարդկանց մտքերը, տունկերի ձեւափոխութիւններն ու արմատների զօրութիւնը: