Գրքեր
8 Փետրվար, Բշ Սուրբ Մարկոս եպիսկոպոսի, Պիոն քահանայի, Կյուրեղ և Բենիամին սարկավագների և սուրբ վկաներ Աբդլմսեհի, Որմզդանայի և Սայենի հիշատակության օր

Մարկոս Արիթուսայի եպիսկոպոս

Չորրորդ դարի կեսերին, Սիրիայի Արիթուսա քաղաքի եպիսկոպոսն էր նա: Ներկա է եղել զանազան տեղական ժողովների, որտեղ, իբրև բարեկամ կիսաարիոսականների, ձգտել է նրանց ուղղափառության բերել: Նրան է վերագրվում «Որդին ամեն ինչով նման է Հորը» բանաձևը, որը կարող է ընդունելի լինել թե՛ ուղղափառների և թե՛ կիսաարիոսականների համար:

Իր եպիսկոպոսության ժամանակ հեթանոսական տաճար է քանդում, որը վերակառուցելու հրաման է տալիս Հուլիանոս Ուրացող կայսրը: Այս հրամանը չկատարելու համար Մարկոս եպիսկոպոսը թաքնվում է: Չգտնելով եպիսկոպոսին՝ կայսրը սկսում է հալածել հավատացյալներին: Իր ժողովրդի հալածանքների պատճառ չլինելու համար նա վերադառնում է և ներկայանում կայսրին: Ծանրագույն չարչարանքներին հրաշալի համբերությամբ տոկալով՝ ի վերջո հեռավոր վայրեր աքսորվեց, որտեղ նույպես նվիրվեց հեթանոսներին քրիստոնյա դարձնելու սրբազան գործին: Աքսորի մեջ էլ վախճանվեց:

 

Պիոն քահանա

Թորգոմ պատրիարք Գուշակյանը համառոտ տեղեկություններ է տալիս Պիոն քահանայի մասին. «Քահանա և վկա էր Զմյուռնիա քաղաքից, որը բազում հեթանոսներ քրիստոնյա դարձրեց և բազում քրիստոնյաների, որոնք հալածանքների ընթացքում սասանվել էին, ամրացրեց իրենց հավատքի մեջ: Երբ քննության համար ատյան է տարվում, այնտեղ էլ քրիստոնեություն ընդունելու համար սրտագին հորդորներ է ուղղում հեթանոսներին և հրեաներին: Զանազան տանջանքներից հետո ողջ-ողջ այրվեց»:

 

Կյուրեղ սարկավագ

Լիբանանի Հելիոպոլիս քաղաքի սարկավագն էր, որտեղ Կոստանդիանոս կայսեր օրոք մի քանի կռատներ էր կործանել: Այս մեղքը քավելու համար տարվեց Հուլիանոս Ուրացող կայսեր մոտ, որը վերահաստատել էր կռապաշտությունը: 362 թ.-ին վրեժխնդրության համար քուրմերի ձեռքը հանձնվեց, որոնք չարաչար տանջեցին նրան և ըստ Հայսմավուրքների, հանեցին նրա լյարդը և ուտելով մեռան:

 

Բենիամին սարկավագ

Ապրել և գործել է Թեոդորոս Բ. Կայսեր (408-450) և Պարսից Հազկերտ Ա-ի (399-420) օրերին: Ձերբակալվեց Պարսից թագավորի հրամանով և բանտարկվեց քրիստոնեություն քարոզելու մեղադրանքով: Երկու տարի մնաց բանտում: Թեոդորոս կայսրը միջնորդեց նրան ազատ արձակելու համար, բայց պարսից թագավորը խոստացավ ազատ արձակել, եթե նա դադարի քրիստոնեություն քարոզել: Սարկավագը մերժեց այս պայմանն ասելով. «Անհնար է մարդկանց մեջ արգելել Աստծո շնորհը»: Սակայն ի վերջո ազատվում է բանտից և շարունակում իր ավետարանչությունը և նորադարձներին մկրտելը: Փիլիպոս սարկավագի նման, կրկին ձերբակալվեց և ահավոր չարչարանքներից հետո, Աստծուն գոհություն տալով, հոգին ավանդեց 418թ.-ին:

 

Աբդլմսեհ

Ծագումով հրեա էր, ապրում էր Պարսկաստանում: Աշխարհիկ անունը եղել է Ասեր, մկրտության ժամանակ ընկերները իրեն նոր անուն են դնում՝ Աբդլմսեհ կամ Աբդուլ-Մեսիհ, որը նշանակում է Քրիստոսի Ծառա: Ծնողները մեծահարուստ հրեաներ են եղել և բազում զավակներ են ունեցել որոնցից կրտսերը՝ Ասերը, Դավթի պես, արածեցնում էր հոր ոչխարներին և արջառներին: Իր հոտին ջուր տալու համար գալիս էր մի ջրհորի մոտ, որտեղ մյուս հովիվներն էլ էին գալիս: Քրիստոնյա տղաները մի խումբ էին կազմում, պարսիկ կրոնին հետևորդները՝ մեկ այլ, իսկ Ասերը մենակ էր մնում, քանզի ինքն էր միակ հրեա հովիվը: Ինքը ցանկանում էր քրիստոյնա խմբին միանալ, ուստի մի օր մոտեցավ քրիստոնյաներին: Նրանք ասացին, որ մինչև քրիստոնյա չդառնա չի կարող միանալ իրենց: Ասերը համաձայնվեց քրիստոնյա դառնալ և քանի որ շրջակայքում քահանա չկար Ասերը խնդրում է, որ նրանցից մեկը մկրտի իրեն: «Եթե ճշմարիտ է ձեր ասածը, որ Քրիստոս մարդասեր է,-ասաց Ասերը,-ուրեմն Նա պիտի ընդունի իմ հոժարակամությունը և ձեր ձեռքով Ինքը պիտի մկրտի ինձ»: Տղաները, տեսնելով նրա սիրահոժար փափագը և հավատը, մտցնում են ջրհորի մոտ եղող լճակի մեջ և իրենց բարբառով՝ Աբդլ-Մսեհ, այսինքն Ծառան Քրիստոսի մկրտվում է հանուն Հոր և Որդու և Ս. Հոգու» ասելով մկրտեցին նրան և այդ պահից նրան անվանեցին Աբդլմսեհ: Որախությամբ նոր մկրտվածի հետ ողջագուրվեցին և եղբայրացան տղաները և միասին կերան իրենց կերակուրը:

Բայս քրիստոնյա ընկերները մտահոգված էին, թե ինչ անեն, որ Աբդլմսեհը նորից հրեության չվերադառնա:  Ի վերջո որոշեցին նրա հրեությունից հրաժարվելու և Քրիստոսին ծառայելու հիշատակի համար, ծակեն նոր մկրտվածի ականջը և գինդ կախեն, որին Աբդլմսեհն էլ համաձայն էր: Երբ այս վիճակով Աբդլմսեհը տուն վերադարձավ, իր օրվա անցուդարձը պատմեց ծնողներին: Իմաստուն մայրն այնպես արեց, որ հայրը չիմանա եղելությունը: Գիշերը, երբ Աբդլմսեհը երազի մեջ խոսում էր, մայրը արթնացնելով նրան հարցրեց, թե ո՞ւմ հետ է խոսում, Աբդլմսեհը պատասխանեց, որ Քրիստոսին է տեսել երազում, Որն իրեն խավար գբից հանելով խառնում էր մատաղահաս պատանիների խմբին, որոնք փառքով պսակված օրհնում էին Աստծուն երջանկությամբ և մեծ ուրախությամբ: Եվ մորը սկսեց պատմել Քրիստոսի մասին իր իմացածը և մանավանդ նկարագրել այն անպատմելի փառքը և երջանկությունը, որը երկնքում վայելում էին Քրիստոսի հետևորդները, ուստի պատանին եզրակացրեց. «Դու էլ, մայր իմ, հավատա Նրան ում ես հավատացի, որպեսզի հավիտյան միասին լինենք»: Աստծո Լույսը այս բարի կնոջ սրտում էլ ծագեց և ինքն էլ ճշմարիտ հավատքի դարճավ:

Հրեական մի տոնի ժամանակ հայրը, մարդ ուղղարկելով, Ասերին էլ է կանչում: Երբ վերջինս ականջին գինդով եկավ, հայրն իր զավակի ականջին ծառայության գինդը տեսնելով զարմացավ և զայրացավ. «Մի՛ խռովվիր հայր իմ,-ասաց տղան,- ես ինձ Քրիստոսի ծառա դարձրի և այժմ քրիստոնյա եմ»: Կատաղեց հայրը, ապտակներ տեղաց և հասարակության առջև գետին գցելով ոտնակոխ արեց նրան: Ի վերջո, երբ անկարելի եղավ տղային դարձի բերել, հայրը, մոռանալով իր հայրական սերը, հանեց դաշույնը և որդու սիրտը մխրճելով՝ նրան խառնեց այն պսակավոր և երջանիկ երեխաների խմբին, որոնց տեսել էր Աբդլմսեհը երազի մեջ:

 

Որմզդան

Մի պարսիկ քրիստոնյա նախարար էր, պարսկական արքունիկում Հազկերտ Ա-ի օրոք: Կարծիք կա, որ անվան պարսկական տարբերակը Որմիզդ կամ Հյուրմյուզն է: Երբ քրիստոնեությունից հրաժարվելը մերժեց, պաշտոնանկ եղավ և զրկվելով իր դիրքի բոլոր պատիվներից ուղարկվեց արքունի ուղտերին արածեցնելու: Որոշ ժամանակ հետո, երբ Որմիզդն աղքատության և թշվառության մեջ տվայտվում էր, թագավորը ազնվականի շապիկ է ուղղարկում նրան ասելով. «Հիշի՛ր նախկին ազնվական լինելդ և վերադարձիր մեր կրոնին»: Որմիզդը շապիկը կտոր-կտոր անելով ուղղարկում է թագավորին, ասել ցանկանալով, որ իր համար ավելի փառավոր պատմուճան է վերապահված երկնքի արքայությունում: Այս արարքի համար թագավորը հրամայում է գլխատել նրան:

 

Սային

Սա էլ ազգությամբ պարսիկ քրիստոնյա էր և բարձրաստիճան պաշտոնյա: Շատ անգամներ ստիպեցին և բռնություններ գործադրեցին նրա վրա, վերստին կրակապաշտ դառնալու համար, ինչը Սայինը խստիվ մերժեց: Նա ուներ ավելի քան հազար ծառաներ: Նույն Հազկերտ Ա թագավորը հրամայեց պատվազրկել նրան, իր դիրքը և պաշտոնը, ինչպես նաև իր կինը և ծառաներն իր ծառաներից ամենաանարգին տվեցին և հրամայեցին, որ ինքը նրան ծառայի: Աստծո ծառան սիրով հանձնառավ այս նվաստացումները, հիշելով իր Տիրոջը, որը ծառայի կողմից ապտակ էր ստացել: Ի վերջո ինքն էլ սրով ստացավ նահատակության պսակը 418 թ.-ին:

 

Վերոնշյալ սուրբերի տոնը  հիշատակում ենք ենք  Ս. Ծննդյան երրորդ երկուշաբթի օրը:

 

«Հայազգի Սուրբեր», Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշար, Երևան 1997 

Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկ. Դոխոլյան

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․