Գրքեր
31 Օգոստոս, Բշ Հիշատակ Սբ. Ստեփանոս Ուլնեցու և Գոհարինե, Ծամիդես, Տյուքիկոս և Ռատիկոս վկաների

Սբ. Ստեփանոս Ուլնեցին ծնվել է Տյուրոս լեռների մոտ գտնվող Կոկիսոն քաղաքում: Լինելով ուխտի զավակ, իրեն մկրտած քահանայի հոգածությամբ և դաստիարակությամբ ձևավորվել է աստվածային պատվիրաններով և քաջատեղյակ էր Ս. Գրքին: Նրա դաստիարակ քահանայի համար ասված է, թե. «Ամեն կիրակի մյուս քրիստոնյաների հետ նաև պատանի Ստեփանոսին էր հաղորդում Տիրոջ մարմնի ու արյան կենարար խորհուրդը»: Հուլիանոս Ուրացող կայսեր հալածանքների ժամանակ չարաչար տանջանքների ենթարկվելով` նահատակվել է իր ընտանիքի և այլ քրիստոնյաների հետ: Նրա գերեզմանի վրա կառուցվել է եկեղեցի: Ս. Ստեփանոս Ուլնեցու վկայաբանությունը քրիստոնեական դաստիարակության լավագույն օրինակ է: Այն ուսանելի է մասնավորապես այսօր, երբ անհրաժեշտությունն ունենք բարձր բարոյականությամբ կրթված հայ քրիստոնյաներով ձևավորված առողջ և կայուն հասարակության՝ պատրաստ մարտնչելու ազգային և քրիստոնեական սկզբունքների համար և հաստատագրելու դրանք: Գոհարինեն, Ծամիդեսը, Տյուքիկոսը և Ռատիկոսը, որոնք հայտնի են Գոհարյանք ընդհանուր անունով, չորս եղբայրներ էին, հայ իշխանավոր Դավթի որդիները: Նա իր անդրանիկ որդու՝ Արեգի հետ գերի էր ընկել և կարողացել էր ազատվել միայն իսլամական կրոնն ընդունելուց հետո: Սակայն Դավթի կինը քրիստոնեաբար էր մեծացնում իր մյուս զավակներին, որոնք չափահաս դառնալով՝ մտնում են Սեբաստիայի իսլամական բանակը և հավատարմորեն մնում քրիստոնյա:  Իմանալով, որ իսլամական կրոնը դավանող հոր զավակներն են և իսլամությունից քրիստոնեության դարձածներ, նրանք մատնվում են քաղաքի իշխանի ձեռքը, բայց ավագ եղբոր միջոցով մի կերպ ազատվում: Որոշ ժամանակ անց կրկին մատնվում են և համարձակորեն հռչակում իրենց քրիստոնյա լինելը: Անօգուտ սպառնալիքներից ու խոշտանգումներից հետո, ի վերջո, գլխատվում են 1156 թվականին` ցույց տալով իրենց պատրաստակամությունը հանուն ճշմարտության նահատակվելու: Միաժամանակ իրենց կյանքով իրագործում են մեր Տիրոջ այն խոսքը, թե` «Եթե մեկը կամենում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ ետևից» (Մատթ. 16:24):

 

http://www.qahana.am

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․