26 Փետրվար, Մեծ պահքի ԺԵ օր

Գրքեր
7 Դեկտեմբեր, Եշ Եգիպտացի Սուրբ հայրեր Պողոսի, Պողի, Մակարի, Եվագրի, Հովհաննես Գբնեցու, Հովհաննես Կարճահասակի, Նեղոսի, Արսենի, Սիսիանոսի, Դանիելի, Սրապիոնի, Մակարիոսի, Պիմենի և մյուս սուրբ հայրերի հիշատակության օր

Պողոս Թեբայիդցի անապատական

Նրա մասին ոչինչ չպիտի իմանայինք, եթե Ս. Անտոնը, Նախախնամությամբ առաջնորդվելով, նրան չայցելեր: Համարվում է, որ մատաղ տարիքում, Դեկոս Կայսեր հարուցած հալածանքների տարիներին՝ 249-251թթ., հրաժարվել է աշխարհից, ապաստանել անապատում, որտեղ քարայրում աղոթքով և ապաշխարությամբ ապրել է շուրջ հարյուր տարի:

Պատմվում է, թե Ս. Անտոնը մի անգամ փորձության մեջ ընկավ՝ պարծենալով, որ ինքն է առաջին քարայրաբնակ ճգնավորը: Սակայն Աստված մի տեսիլքով հայտնում է, թե մեկ ուրիշը նույն բնագավառում արդեն իրեն կանխել է, և այդ մարդը Պողոսն էր: Ուստի Ս. Անտոնը ճանապարհ է ընկնում, որպեսզի գտնի այս ճգնավորին: Երբ հանդիպում է Պողոսին՝ նա արդեն 113 տարեկան էր: Ս. Անտոնը հազիվ մի փոքր ժամանակ ունեցավ լսելու նրա կյանքի ամփոփ պատմությունն այն ժամանակ, երբ նա մահանում էր, վախճանվեց սուրբը և թաղվեց Ս. Անտոնի ձեռքով:

Հայերս նրա հիշատակությունը կատարում ենք Հիսնակի պահոց Բ հինգշաբթի օրը, «Եգիպտացի հայրեր» խմբի հետ, այդպիսին է պարագան նաև ստորև հիշատակվող Եգիպտացի բոլոր ճգնավորների համար:

 

Պող անապատական

Հայտնի է նաև Պող Պարզամիտ անունով: Մի երկրագործ շինական էր Պողը, երբ տեղեկացավ, որ իր կինը ապօրեն կապի մեջ է ոմն մեկի հետ: Տուն և ընտանիք թողնելով՝ միացավ Ս. Անտոնին, երբ արդեն 60 տարեկան էր:

Եվ այնքան առաքինացավ և հոգով զորացավ, որ «Դևերը սարսռում էին Պողի անունից»: Եվ երբ հիվանդները, կամ դիվահարները Ս. Անտոնին էին դիմում՝ նրանց Պողի մոտ էր ուղարկում, որը, ձեռքը նրանց վրա դնելով, բոլորին բժշկում էր: Մեծ ճգնություններով, հրաշագործություններով և առաքինի կյանքով ավելի քան հարյուր տարի ապրելուց հետո խաղաղությամբ վախճանվեց: Նրա մասին ասվում է, որ ծայրաստիճան խոնարհ էր, համակ հեզություն էր, անբիծ և պարզամիտ:

 

Մակար անապատական

Մեր տոնացույցում մեկ Մակար ճգնավոր կա, իսկ հույներն ու լատինները երկու ճգնավոր ունեն: Թորգոմ Պատրիարքն էլ իր «Սուրբեր և Տոներ» գրքում խոսում է երկու կամ երեք Մակարների մասին: Գր. Դպիր Փեշտիմալճյանի խմբագրած Հայսմավուրքի մեջ միայն քառորդ սյունակով հիշվում է իր մեծությունից ամբողջությամբ մերկացած մեկ Մակար: Իսկ Գր. Դպիր Մարզվանցու լույս ընծայած Հայսմավուրքը չորս սյունակով խոսում է մի Մակարի մասին, որի վարքագրության մեջ բազմակողմանի մեկ Մակար կազմելու նպատակով իրար են խառնվում բոլոր հայտնի Մակարները, որի հետ մինչև իսկ նույնանում է Երուսաղեմի Պատրիարք Մակարը (324-333), որը Նիկիայի ժողովի հայտնի հայրերից մեկն էր: Մենք, հետևելով արևմտյան աղբյուրներին, որպես «Եգիպտական Հայրեր» պիտի խոսենք երկու Մակարների մասին:

Առաջին Մակարը Եգիպտացի է, Մակար Մեծ մականունով, ծնվել է Վերին Եգիպտոսում 301 թ.-ին և ապրել է մինչև 391 թ.-ը: Երիտասարդ տարիքում խոկմանը և ճգնությանն ընծայվելու նպատակով քաշվել է անապատ: Որոշ ժամանակ չարախոսության և զրպարտության է ենթարկվում, սակայն ոչինչ չի ձեռնարկում իրեն արդարացնելու համար: Երբ նրա անմեղությունը ի հայտ է գալիս՝ մարդիկ նրա մոտ են գալիս ներում խնդրելու և որպես սուրբ սկսում են հարգել նրան: Սրանից խուսափելու համար խորագույն անապատ է հեռանում: Տասը տարի անց՝ քառասուն տարեկանում կուսակրոն քահանա է ձեռնադրվում: Գրեթե ամեն տեսակ հիվանդություններ բուժելու կարողությամբ էր օժտված: Նրան են վերագրվում լավագույն ուսուցումներով և հոգևոր կենցաղի մասին ցուցումներով թվով 50 ճառեր: Ցավում և արտասվում էր իր փոքրագույն թերացումների համար: Ոչ ոքի թույլ չէր տալիս իրեն ծառայել և ինքը միշտ պատրաստ էր ծառայելու համար: 12 տարի հատկապես տքնեց իրական պարզության հասնելու համար և իր խնամքին հանձնվածներին այս հոգով էր դաստիարակում: Հեթանոսների հանդեպ ազնիվ վերաբերմունք ուներ և այդ իսկ պատճառով նրանցից շատերին դարձի բերեց: Պատմվում է, որ Աստվածային ձայնը, նրան խոնարհության մեջ պահելու համար, ասել էր. «Մակա՛ր, չկարծես, թե կատարելության գագաթն ես հասել, դու դեռ չունես մոտակա գյուղում ապրող երկու կանանց առաքինությունը»: Մակարը տեղեկանում է, որ այս երկու կանայք ամուսնացած են երկու եղբայրների հետ և խաղաղ ապրում են նույն հարկի տակ: Երբեք վեճ կամ աշխարհիկ խոսք ու հետաքրքրություն չէին ունեցել, այլ իրենց կյանքը լոկ աշխատանքի և աղոթքի մի շրջապտույտ էր:

Մյուս Մակարը հայտնի է որպես Ալեքսանդրացի և վերոհիշյալ Մակարի հետ համեմատած՝ հայտնի է որպես «Կրտսեր»: Նաև «պարկեշտ» կամ «քաղաքավարի» է կոչվել իր ազնիվ բարքի պատճառով: Ահավոր փորձությունների է ենթարկվել, որոնցից հաղթանակած է դուրս եկել: Մի անգամ, անապատում, ավազով լեցուն երկու զամբյուղներ կրելիս, երբ հարցնում են. «ինչո՞ւ ես այդ անում», պատասխանում է. «չարչարում եմ ինձ չարչարողին», այսինքն մարմնին: Իրեն ընծայվող հարգանքից խուսափելու համար մի այլ հեռավոր վանք է գնում, որտեղ որպես արհեստավոր ներկայանալով, հակառակ իր մեծ տարիքի, վանքի ամենասովորական գործերն էր անում: Սակայն ի վերջո հայտնի դարձավ, որ մարդիկ ավելի իր հոգևոր շնորհներից և կարողություններից են օգտվում, քան «արհեստավորի» նրա գործերից: Գրեթե վաթսուն տարի ապրեց անապատում և մահացավ ծեր տարիքի և առաքինության մեջ՝ Ե դարի սկզբներին:

 

Եվագր Ճգնավոր

Այս անունով որևէ ճգնավորի չհանդիպեցինք ո՛չ հույների և ո՛չ էլ լատինների սրբերի ցանկում: Չկա նաև Փեշտիմալճյանի խմբագրած Հայսմավուրքում: Ուստի մեզ համար իբրև աղբյուր մնում է Մարզվանցու Հայսմավուրքը, որտեղ արդարև առասպելական վարքագրությամբ նրա անունը և տոնը զետեղված են փետրվարի 11-ին: Ըստ այդ աղբյուրի՝ Եվագրը նախ աշակերտում է Բարսեղ Կեսարացի Հայրապետին, որի կողմից սարկավագ է ձեռնադրվել, ապա տեղափոխվել Երուսաղեմ, որտեղ մի ծանր հիվանդություն նրան հիշել է տալիս անապատում առանձնանալու իր ուխտի մասին, որը արդարև անում է և շուրջ հիսուն տարի ճգնում և հատկապես պայքարում է ցանկական խորհուրդները հաղթահարելու համար, որոնց ենթարկվել էր հատկապես երիտասարդության ժամանակ և որոնց ի վերջո սանձահարեց և իր կյանքի վերջին երեք տարիները խաղաղության մեջ անցկացրեց: Եվագրոս Սուրբ Հայրը՝ անապատի զարդը, իր բարի վարքը և հոգելից մխիթարական հարյուրավոր գրվածքներ և այլ օգտակար խոսքերը բարի հիշատակ թողեց ընթերցողների և լսողների շահի համար:

 

Հովհաննես Գբեցի

Նրա վարքի վերաբերյալ երկու տարբերակներ կան՝ արևմտյան և արևելյան: Ըստ արևմտյանի՝ ապրել է Ե դարի երկրորդ քառորդին՝ 426-450թթ., Կ. Պոլսից է, ազնվականների զավակ, որը ծնողներից գաղտնի, մատաղ հասակում, մեկուսացավ անապատում: Վեց տարի հետո տեսնելով, որ ծնողների կարոտից մաշվում է՝ նրան տուն ուղարկեցին: Վերադառնալով՝ իրեն ծնողներին չհայտնեց, այլ բնակություն հաստատեց նրանց մերձակա մի խղճուկ խրճիթում և այս պատճառով էլ արևմուտքում հայտնի է որպես «խրճիթաբնակ»: Այստեղ 7-8 տարի ճգնելով, իր մահվան օրերին կանչեց ծնողներին և ցույց տալով նրանցից նվեր ստացած Ավետարանը, հայտնեց իր ով լինելը և իր փափագով թաղվեց այդ նույն խրճիթում, նույն աղքատիկ հագուստներով:

Իսկ ըստ արևելյան աղբյուրների՝ Հովհաննեսը ծագումով հայ, կամ ասորի էր: Ապրել է Պաղեստինում, իր այրիացած մոր հետ՝ հալածանքների վերջին շրջանում: Մատաղ հասակում խոր անապատում առանձնանալով, մի ցամաքած հոր գտնելով՝ նրա մեջ բնակություն հաստատեց և այնտեղ, հաղթահարելով ծնողների հանդեպ տանջող կարոտը, ապրեց տասը տարի: Սրա վերաբերյալ իր ներքին ապրումները և պայքարները հրաշապատում և սրտառուչ դրվագներով ներկայացվում է իր վարքում: 24 տարեկան հասակում մահացավ նույն այդ գբի մեջ, որից էլ արևելյան ավանդության մեջ ստացավ «Գբեցի» անունը:

Արևելյան «Գբեցին» տոնվում է մայիսի 23-ին: Իսկ հույներն ու լատինները «Խրճիթաբնակ» Հովհաննեսին տոնում են հունվարի 15-ին: Փեշտիմալճյանը, իր խմբագրած Հայսմավուրքում, ներկայացրել է արևմտյան տարբերակը, իսկ Մարզվանցին՝ երկու տարբերակները միասնաբար, ընդարձակ և վիպական ձևով:

 

Հովհաննես Կարճահասակ

Այս անունը կրող որևէ անապատական չկա մեր ձեռքի տակ եղող Հայսմավուրքներում: Հույները նրան տոնում են նոյեմբերի 9-ին, իսկ լատին տոնացույցում այս անձին մոտավորապես նմանվող ամենամոտ սուրբը մարտի 27-ին նշված Հովհաննես Եգիպտացի ճգնավորին կարելի է համարել, որի մասին մեր ձեռքի տակ եղող քառահատոր ֆրանսերեն Վարք Սրբոցն ընդամենը չորս տող ունի գրված, ըստ որի. «Մեծ սրբության տեր անձ էր, որը ի թիվս մնացած արտասովոր առաքինությունների, լի էր նաև մարգարեական շնորհով և նախագուշակել էր 394թ.-ի Թեոդորոս Կայսեր հաղթանակը Մաքսիմոս և Եվգինեոս բռնակալների դեմ»: Սակայն կարող է պատահել, որ այս մեկ այլ Հովհաննես է, որին համապատասխան չկարողացանք գտնել ո՛չ մեր և ո՛չ էլ հույների մոտ: Ուրեմն Հովհաննես Կարճահասակի մասին մեր տեղեկությունները պիտի քաղենք «Սրբերի լիակատար կյանք և վկայաբանություն»-ից, որից թվում է, թե քաղել է իր տեղեկությունները Թորգոմ Պատրիարքը;

Մատաղ հասակում, Եգիպտոսում, իր ավագ եղբոր հետ կրոնական կյանքի անցավ: Նախ մի ծերունի կրոնավորի մոտ որպես փոքրավոր ծառայեց, որը մի չոր ճյուղ տնկելով հրամայեց, որ ամեն օր ջրի այն, որպեսզի փորձվի հնազանդության մեջ: Ջուր բերելու համար պետք էր երեկոյան ճանապարհ ընկնել, որպեսզի հնարավոր լիներ առավոտյան վանք վերադառնալ: Ավանդությունը պատմում է, որ երեք տարի կատարեց այս հրահանգը, և ով հրաշք, մի օր էլ ճյուղը դալարեց և պտուղ տվեց, որից ծերունին բերեց իր միաբանակից մյուս եղբայրների մոտ և ասաց. «Հրամեցե՛ք և կերե՛ք հնազանդության պտղից»:

Նրա մասին շատ են նմանատիպ գողտրիկ պատմությունները, որոնցից երկուսը հիշատակվում են Թորգոմ Պատրիարքի «Սուրբեր և Տոներ» գրքույկում, մի երրորդն էլ հետևյալն է.

Մի օր ասում է իր եղբորը. «Ուզում եմ հրեշտակների նման ապրել՝ մեղքից և նրա հարձակումներից ամբողջովին ազատ»: Եվ կրոնական սովորական զգեստները հանելով՝ մազեղեն քուրձ է հագնում և ավելի հեռավոր ու ամայի վայրում առանձնանում է: Երբ փնտրածը չի կարողանում գտնել՝ վերադառնում է եղբոր մոտ և դուռը թակում է.

- Ո՞վ է,- հարցնում է եղբայրը ներսից:

- Ես եմ՝ Հովհաննեսը:

- Հովհաննեսը հրեշտակ դարձավ, այլևս մարդկանց հետ չի բնակվում,- ասում է եղբայրը հեգնելով:

Երբ վերջինս շարունակում է երկար դուռը թակել՝ ի վերջո բացում է եղբայրը և ասում.

- Կարծում եմ հիմա հասկացար, որ մարդ ես և մարդու պարտականությունն է երկրի վրա միշտ մաքառել չար ուժերի դեմ:

- Ների՛ր եղբայր, սխալվեցի. կարծեցի հեշտ և հնարավոր է հրեշտակների նման լինել:

Առհասարակ, երբ երկրավոր խնդիրների շուրջ խոսք էր բացվում, ինքը, վարպետությամբ, այն հոգևոր նյութերի շուրջ էր դարձնում: Օրինակ՝ երբ ոմանք ուրախությամբ ասացին. «Փա՛ռք Աստծո, անձրև եկավ այս տարի, շատ արմավ և բանջարեղեն կունենանք», Հովհաննեսը պատասխանեց.

- Այդպես է լինում նաև երբ Ս. Հոգին իջնում է մարդկանց սրտերի մեջ. դալարում, նորոգվում և էլ ավելի պտուղ է տալիս Աստծո երկյուղով:

Այսպիսին էին երանելիի խոսքերը՝ իմաստությամբ լեցուն և զգալի օրինակներով համեմված, որոնք արդարև լսողին մղում էին առաքինության, խոնարհության և սիրո:

 

Աբբա Նեղոս

Ծնված է համարվում Անկարայում, մի ազնվական ընտանիքում: Բնությամբ հոգևորը սիրող լինելով՝ աշակերտել է Հովհաննես Ոսկեբերան Հայրապետին: Թեոդոս Կրտսեր (408-450) կայսեր օրոք եղել է Կ. Պոլսի եպարքոսը (բարձրաստիճան խշխանավոր): Ապա հրաժարվում է աշխարհից. իր կնոջն ու աղջկան կուսանոց-վանք ուղարկելով, տղայի հետ գնում է Սինա լեռ՝ ճգնողական կյանք վարելու:

Անապատի լռության և հանդարտության մեջ ավելի ծաղկեց բարձրաստիճան, գիտնական և ազնվական այս անձնավորությունը, որպեսզի դառնա երկնապարգև գիտության և հոգետես իմաստության ընդունարան: Նրա հռչակը տարածվեց ամենուրեք, և շատ-շատերն իրենից բխող առատաբուխ վտակից ըմպելու համար նրա մոտ էին գալիս, նրա հստակ և ուղիղ ուսուցումներից ուսանելու և բարոյապես կազդուրվելու, քաջալերվելու և լիանալու համար, որոնցից իր բազմաթիվ հոգեշահ գրություններով և հորդորական թղթերով. որոնցում փայլում են նրա իմաստությունը, ուղղափառությունը և մեղրահոս ուսուցումները, բաժին է հանել նաև գալիք սերունդների համար ոչ միայն վանականներին խրատելու, այլև այն աշխարհականներին, որոնք փափագում են առաքինության մեջ ճոխանալը: Սրանցից որոշները, դեռևս Ոսկեդարից սկսած, թագմանված են հայերեն: Հիշվում են Նեղոսին վերագրվող և հայերեն թարգմանված զանազան նյութերի շուրջ 15-17 գրվածքներ, օրինակ՝ ընդդեմ արծաթասիրության, բարկության, տրտմության, ձանձրույթի, սնափառության, պոռնկության և այլն, ինչպես նաև բազմաթիվ հոգեշահ խրատներ՝ ուղղված մենակյացներին, ճգնավորներին, վերակացուներին, մանուկներին, կրոնավոր դառնալու փափագողներին, և վերջապես նաև հեզության, աղոթքի և այլ նմանատիպ դրական նյութերի մասին: Վախճանված է համարվում 430 թթ.-ին:

 

Հայր Արսեն

Ազգությամբ Հռոմեացի է, ծնվել է ազնվական ընտանիքում 354 թ.-ին: Ինչքանով որ հարստությամբ էր ճոխացած, նույնքան և առավել հունա-հռոմեական մշակույթով էր զարդարված Արսենը: Այս արտաքին առավելության վրա ավելանում էր նաև երկյուղած և բարեպաշտ բնավորությունը և առաքինի վարքը:

Թեոդորոս Մեծը նրան կարգում է իր երկու զավակների՝ Արկադեոսի և Ոնորիոսի դաստիարակ: 394 թվականին, երբ Արսենը հիսուն տարեկան էր, պալատում շուրջ տասը տարի ծառայելուց հետո, իր մեջ հոգևոր կյանքով ապրելու զորավոր ձգտում զգաց և հրաժարվելով արքունական փառքից և պատվից, որոնք իր հոգին դեպի կորուստ էին առաջնորդում՝ Եգիպտոսում կրոնավորական ծառայության անցավ: Նախ աշակերտեց Հովհաննես Կարճահասակին, որը նրա խոնարհությունը և կրոնավոր դառնալու փափագի ամրությունը փորձելու համար, մի օր ճոխ սեղան պատրաստեց, որի ընթացքին հեռվից ոտքի վրա հետևում էր Արսենը: Հովհաննեսը մի պաքսիմատ նրան նետելով՝ ասաց. «Ա՛ռ, կե՛ր»: Արսենը չորեքթաթ մոտեցավ, վերցրեց և կերավ նետվածը: Այդ ժամանակ Հովհաննեսն ասաց եղբայրներին. «Կներե՛ք եղբայրներ, ձեզ համար պատրաստված այս ճոխ սեղանի համար, մի խղճահարվեք եղածից, նորեկ եղբորը փորձելու համար է այս, այժմ համոզվեցինք, որ կարող է միայնակյաց լինել»:

Արդարև հավատքի և մտքի այս հսկան՝ Արսենը, Կարճահասակից սովորեց մենակեցության կարգն ու բոլոր օրենքները, մինչև որ բոլորին հայտնի դարձավ սրբությունը և գիտությունը և բոլորն էլ ակնածում էին նրանից: Սակայն ինքը խուսափում էր փառքից և ավելի առանձնության էր տալիս իրեն: Նրա եղբայրներից մեկն ասաց, որ իզուր է հեռանում իրենցից, Արսենը պատասխանեց. «Աստված գիտի, որ սիրում եմ քեզ, սակայն չեմ կարող և՛ Աստծո հետ լինել և՛ մարդկանց, որովհետև երկնքում բազում հրեշտակներ կան, որոնք իրար հետ միակամ են, իսկ երկրի վրա ամեն մեկն իր կամքն ունի և ես չեմ կարող թողնել Աստծուն՝ մարդկանց հետ լինելու համար»:

Եվ դեռևս շատ դրվագներ են պատմվում նրա մասին և հոգեշահ բազում խրատներ են վերագրվում նրան, օրինակ.

- Եթե փնտրենք Աստծուն՝ պիտի հայտնվի մեզ, եթե Նրան ընդունենք՝ մեզ մոտ պիտի մնա:

- Եթե հնազանդությունը և խոհեմությունը միանան՝ դևերին կհնազանդեցնեն:

- Սիրի՛ր բոլորին, բայց հեռու մնա բոլորից:

- Ինչ որ չափից ավելի է՝ դիվական է:

Մի օր նրան ասացին. «Կային մի կրոնավոր և մի աշխարհական: Կրոնավորը որոշեց աշխարհ վերադառնալ, իսկ աշխարհականը՝ հոգևոր կյանքի: Նույն գիշերը երկուսն էլ մահացան, սրանք որպես ի՞նչ մտան անդենական աշխարհ»: Արսենիոսը պատասխանեց. «Կրոնավորը՝ կրոնավոր, աշխարհականը՝ աշխարհական: Չար մտածումը, երբ չի իրագործվում՝ չարիք չէ և երբ բարի միտքն էլ չի իրագործվում՝ բարիք չէ»:

Արսենիոսի մահվան թվականը անորոշ է մնում, այն տատանվում է 430-450թթ-ի միջև, հավանաբար մահացած պիտի լինի 445 թ.-ին, գրեթե հարյուրամյա հասակում:

 

Սիսիանոս Ճգնավոր

Հույն և լատին տոնացույցներում այս անունով որևէ սրբի չհանդիպեցինք, ոչ էլ մեր Հայսմավուրքներում: Հույների մոտ Սիսոես «արդար»-ն է, որի հիշատակությունը տոնում են հուլիսի 6-ին, սակայն մի քանի Սիսիոնոսներ կան հույների և լատինների մոտ, սակայն սրանցից և ոչ մեկը «Եգիպտացի հայրեր»-ից չեն, նրանց հետ է նաև մեր Սիսիանոսը:

Մենք նրան պիտի նույնացնենք հունական տոնացույցի Սիսոյի, կամ Սիսիոնոսի հետ, որը Հայր Անտոնի ժամանակակիցն է և նրա մահից հետո գնում է այն հեռավոր անապատը, որտեղ իր կյանքի վերջին տարիներն էր ապրել Հայր Անտոնը և այդտեղ էլ, որպես իրեն դիմող հոգիների առաջնորդ, անց է կացնում իր կյանքը՝ շուրջ 72 տարի: Երբ վախճանը մոտ էր, նրա երեսը լույս ճառագայթեց և նա ասաց. «Ահա տեսնում եմ Ս. Անտոնին», ապա մեկ առ մեկ սկսեց թվել մարգարեներին, որոնց հաջորդեցին առաքյալները: Քիչ հետո նրա դեմքը ավելի փայլեց և ասաց. «Ահա տեսնում եմ հրեշտակներին, որոնք եկել են հոգիս առնելու», ապա մրմնջաց. «Տեսե՛ք, հենց նրան՝ Հիսուսին եմ նշմարում, որ ասում է. «Ինձ մոտ բերեք անապատի այդ ընտիր անոթը»» և ապա ավանդեց հոգին:

 

Դանիել մենակյաց

Փեշտիմալճյանի Հայսմավուրքը չունի այս անունով որևէ սրբի, իսկ Մարզվանցու հրատարակած Հայսմավուրքի մեջ կա ոմն Դանիել խստակրոն ճգնավորի վարքը, որը ապրել է Կ. Պոլսում, մի շատ նեղ խրճիթի մեջ, որում անգամ շարժվել չէր կարող, այլ ծնկները ծալած, կոճղի պես կծկված ապրում էր: Հույն և լատին տոնացույցները հիշատակում են Միջագետքից ոմն «Սյունակյաց» Դանիելի, որն ի վերջո Կ. Պոլիս է գալիս և կարող է նույնանալ վերոհիշյալ Դանիելի հետ: Իսկ Հայրերի Վարքում հիշատակվում են մեկից ավելի Դանիելներ, որոնցից մեկն է Արսենիոսի աշակերտ Դանիելը, որը գրի է առել իր վարդապետի վարքը: Մեկ այլ Դանիել Սարկավագ կա, Պափնոտիոսի աշակերտներից, որը թեև ստիպված եղավ քահանա դառնալ, սակայն խորին խոնարհությամբ մինչև կյանքի վերջ մնաց և պաշտոնավարեց որպես սարկավագ:

 

Սրապիոն Անապատական

Սրապիոն անապատականը չի հիշատակվում Փեշտիմալճայնի մոտ, ինչպես առհասարակ չեն հիշատակվում բոլոր անապատականները, հավանաբար այն պատճառով, որ նրանց տեղը «Հայրերի Վարք»-ում պիտի լինի: Իսկ Մարզվանցու հրատարակած Հայսմավուրքում Սրապիոնը ընդարձակ կերպով՝ յոթ սյունակով, պատմում է Մարկոս Աբբայի վախճանի պատմությունը, որին հենց ինքը թաղում է: Ոչ հույն և ոչ էլ լատին տոնացույցները չունեն այս անունով որևէ ճգնավոր: Ուստի նրա մասին անհրաժեշտ տեղեկությունները պիտի քաղենք Վենետիկի «Սրբերի լիակատար վարք և վկայաբանություն»-ից:

Համարվում է Ս. Անտոնի ժամանակակիցը և Մակար Մեծի աշակերտը: Թեև նախապես մեծահարուստ էր, բայց հանուն Քրիստոսի սիրո՝ աղքատացավ: Թեև մեծ կրթություն չուներ, բայց Ս. Գիրքը գրեթե անգիր գիտեր: Նրա մասին շատ պատմություններ են պատմվում:

Ալեքսանդրիայում ինքն իրեն որպես գերի վաճառեց մի արծաթասեր հեթանոսի, որին ի վերջո կարողացավ քրիստոնյա դարձնել՝ նախ նրան մեղքի գերությունից ազատելով և ապա իրեն՝ նրա գերությունից: Նույնը արել է Հունաստանում մի Մանիքեցի աղանդավորի հետ, որին կարողացել է Ուղղափառության բերել:

Նրա ամբողջ ունեցածը իր վրայի կրոնավորի պարեգոտն էր և մի Ավետարան: Երբ Ալեքսանդրիա վերադարձավ, մի մերկ և աղքատ մարդու տեսնելով՝ իր պարեգոտը հանեց և տվեց նրան: Երբ եղայրները նրան հարցրեցին, թե ով է մերկացրել նրան, պատասխանեց՝ Ավետարանը:

Մեկ այլ անգամ էլ տեսավ պարտքի մեջ եղող մի մարդու, որը չարչարվում էր պարտքատերերի ձեռքին: Ավետարանը վաճառեց, որպեսզի խեղճ մարդուն իր պարտքից ազատի: Երբ աշակերտները հարցրեցին. «Հայր Սուրբ, ո՞ւր է Ավետարանդ», պատասխանում է. «Նրա պատգամը կատարեցի, որ ասում է. «վաճառիր ունեցվածքդ և աղքատներին տուր. ես այն վաճառեցի Նրան»:

Անապատում բնակվել է շուրջ 67 տարի: Նա է, որ Սուրբ Հոգու ազդումով գնաց հեռավոր անապատ, վերջին անգամ ողջագուվեց Աբբա Մարկոսի հետ և թաղեց նրան: Մահացած է համարվում Ե դարի սկզբներին:

 

Պիմեն Անապատական

Հակառակ նրա անվան հունարեն լինելուն, որը հովիվ է նշանակում, չի հիշատակվում հույների մոտ և ոչ էլ՝ մեր Հայսմավուրքներում: Լատինները տոնում են օգոստոսի 27-ին:

Ազգությամբ Եգիպտացի է: Մատաղահաս տարիքում մենակեցության կոչում զգաց իր մեջ: Իր հինգ եղբայրներն էլ, իր խոսքերից և օրինակից վարակվելով՝ անապատում առանձնացան: Իր բացառիկ խոնարհությանը միացնում էր վարքի գերազանց քաղցրությունը և համբերությունը: Մի անգամ իրեն այցելած մորը հարցնում է. «Որտե՞ղ ես նախնտրում՝ ինձ հետ հավիտենապես երկնքում լինել, թե՞ մի պահ ինձ երկրի վրա տեսնել»: Մայրը ուխտ արեց դիմադրել որդուն տեսնելու ցանկությանը՝ նրա հետ հավիտենականության մեջ լինելու համար: Վախճանված է համարվում 451 թ.-ին:

Մեր տոնացույցը մինչ այժմ ներկայացված ճգնավորներից հետո ավելացնում է. «և Եգիպտացի մյուս Հայրերի»: Սրանց թիվը հազարների է հասնում, որոնցից մի մասի անունները պահել է պատմությունը, սակայն նրանց մեծամասնության անունները միայն Աստծուն են հայտնի, մարդիկ, որոնք ծաղկեցրին Եգիպտոսի անապատները հոգևոր կյանքի անթիվ և այլազան բարոյական ծաղիկներով, հատկապես Դ և Ե դարերին:

 

«Համաքրիստոնեական Սուրբեր», Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան1997 

Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյանը

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․