Գրքեր
8 Հոկտեմբեր, Եշ Պանդալեոն բժշկի, Երմողեա քահանայի և Եվպրաքսիա կույսի հիշատակության օր

Սբ. Պանդալեոնը և Երմողեա քահանան Նիկոմիդիայից էին, Մաքսիմիանոս կայսեր ժամանակակիցները: Քրիստոնյա մոր մահից հետո Սբ. Պանդալեոնին դաստիարակել է հեթանոս հայրը: Նվիրվել է բժշկությանը` արժանանալով կայսեր բարեհաճ վերաբերմունքին: Աստծո նախախնամությամբ հանդիպել է Երմողեա քահանային, որն էլ նրան դաստիարակել է քրիստոնեական ոգով: Երմողեա քահանան մկրտել է Պանդալեոնին, և նա սկսել է պայքարել մեղքի, աղքատության և հիվանդության  դեմ: Երբ 303 թվականին սկսվում են քրիստոնյաների դեմ հալածանքները, Պանդալեոնին նախանձող բժիշկները նրան ամբաստանել են կայսեր առաջ: Նա չարչարանքների է ենթարկվել, բայց հրաշքով ազատվել է: Կայսրը տեղեկացել է, որ նրա դարձի պատճառը Երմողեա քահանան է, ուստի հրամայել է նախ նրան գլխատել, հետո Պանդալեոնին:

Սբ. Եվպրաքսիան (381-411) Կ. Պոլսի հարուստ և բարեպաշտ ընտանիքի զավակ էր: Երբ Եվպրաքսիայի հայրը մահացել է, նա մոր հետ տեղափոխվել է Եգիպտոս, ուր հաճախ մայր և դուստր այցելել են Թեբայիդի կուսանոցները: Նա մոր քաջալերությամբ մտել է կուսանոց: Որոշ ժամանակ անց կայսրը նրան հրավիրել է մայրաքաղաք` առաջարկել ազնվական մի երիտասարդի հետ ամուսնանալ: Սակայն Եվպրաքսիան թախանձել է կայսրին` իրեն երկրավոր հարսնությունից ազատելու համար: Կայսրը կատարել է նրա խնդրանքը և կույսը շարունակել է իր վանական կյանքը: Ճգնողական կյանքով և աղոթքներով ապրող ս. կույս Եվպրաքսիան փառաբանվել է Տիրոջից` ստանալով հրաշագործության շնորհ: Նա Տիրոջ մոտ է փոխադրվել երեսուն տարեկանում, թաղվել վանքում` իր մոր կողքին:

 

http://www.qahana.am

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․