25 Նոյեմբեր, Բշ
Անհավատն ապավինելով սեփական մտքին, բայց ոչ սրտին` ճամփա ելավ: Նրան ամենուր ուղեկցում էր «հաջողությունը», նա քայլում էր միայն ծաղկած արահետներով, աչքերը հաճելիորեն շոյում էր միայն գեղեցիկը, անցնելու համար նա ընտրում էր ոչ թե նեղ, այլ՝ ընդարձակ ուղին: Նրան բոլորը նկատում են, ավելին՝ սիրում, գնահատում ու մեծարում են նրան: Առողջությունն իր մարմնում է, խելացիությունն իր գլխում, հզորությունն իր շուրթերին է ու բազկին: Հաջողությունը հենց ինքն է, և իր անձը: Իսկ Ճշմարտությունը… Օ՜, որքան հեռվում է այն, որքան անզոր, որպեսզի կարողանա թափանցել նրա ներսը: Շքեղ կյանքից կուրացած, անհավատն էլ ավելի գնահատեց սեփական Ես-ը, տեսավ ու սիրեց իր ներքին մարդը, բայց ո՛չ Լույս Ճշմարիտ Աստծուն: Հավատաց և ապավինեց անձնական կարողություններին, բայց ո՛չ Բարձրյալի ողորմությանը…
Օրերից մի օր, անհաջողությունների սև ամպը` հորդառատ անձրևի տեսքով, տեղաց անհավատի գլխին: Նա ձայն տվեց սեփական Ես-ին, օգնության կանչեց ներքին ուժին, ապավինեց խելքին. Իզուր…
Ավաղ, նրա ներքին մարդը միայնակ էր ու դատարկ, խեղճացած ու անզոր: Հզոր ապտակից դառնացած` մութն ու խավարը պատեցին նրան և անհավատը փակեց իր հոգու դռները, բայց ամուր չգոցեց այն: Եվ հանկարծ, ո՜վ զարմանահրաշ, խավարի մեջ ԼՈԻՅՍ ծագեց: ՄԽԻԹԱՐԻՉ ՁԱՅՆԸ, որ գութ է տածում բոլորի հանդեպ, բացեց նաև նրա հոգու աչքերը: Պատերը ջերմացան լույսի առատությունից, քարացած սիրտը հեծեծանքի ու զղջման աղբյուր բխեցրեց ու խոնարհված սրտով Աստծուն փառաբանեց: Եվ ահա, մարդն իր առջև պահանջ դրեց. – Ես հավատքի ամրոց պետք է կառուցեմ: Քանզի հավատն է փրկությունը:
Եվ միթե օրհնաբանված Աստծո շուրթերը չէին, որ վկայեցին. «Զի հավատքն էր քո, որ քեզ փրկեց»:
Սիրո և Հույսի պատվակիցը`Հավատքն է:
Սուսաննա Աբրահամյան