1 Հունիս, Շբ Տոն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տարվա մեջ երեք անգամ է նշում Հայոց ազգի լուսավորիչ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի հիշատակը. նրա մուտն ի Վիրապն, ելն ի Վիրապ և նշխարաց գյուտը:

301թ-ին հայ ժողովուրդը առաջինը ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն և այդ սրբանվեր գործում առաջնակարգ դեր կատարեցին Սբ. Գրիգոր Լուսավորիչը և Տրդատ Գ թագավորը:

Հայ պատմագրությունը՝ հանձինս Ագաթանգեղոսի և այլ պատմիչների հանգամանորեն լուսաբանում է այդ տառապանքներով, բայց և հրաշքներով, տեսիլքներով ու հաղթություններով զարդարված ուղին:

Ըստ ավանդության, Հայաստանում քրիստոնեության պետական կրոն դառնալու իրողությունը սերտորեն կապվում է Սբ. Հռիփսիմյանց 37 կույսերի նահատակության հետ: Վերջիններս, Հռոմի Դիոկղետիանոս կայսրի հալածանքներից փախչելով, ապաստան են գտնում Վաղարշապատ մայրաքաղաքին կից՝ հնձաններում:

Տրդատի մոլեգնելը

Տրդատ թագավորը, կույսերից Հռիփսիմեի գեղեցկությունից հմայված, ցանկանում է ամուսնանալ նրա հետ, սակայն մերժվելով, հրամայում է անխտիր բոլորին տանջամահ անել: Բայց «պարկեշտ ու Սուրբն Հռիփսիմեանց» նահատակությունը անհետևանք չանցավ. կորովի արքան ընկավ «խոր տխրության և անտանելի տրտմության մեջ»: Հռիփսիմեի լուսափայլ գեղեցկությունը տանջում էր Տրդատի սիրո տենչով խանձված հոգին: Խղճի տագնապը խռովվում էր ամբողջ էությունը: Եվ մի օր էլ, որսորդության ժամանակ «սկսեց մոլեգնել և մարդկային բնույթից դուրս գալով՝ վայրենի խոզերի կերպարանքով, իբրև նրանցից մեկը գնաց նրանց մեջ բնակվելու» (Ագաթանգեղոս):

Այսպիսով, թագավորի հոգեկան ծանր ապրումները ծնունդ են տալիս խոզակերպություն կոչվող հիվանդության:

Թագավորը լքում է պալատը և թափառում շամբուտներում։ Նրա հիվանդությունը օրեցօր դառնում էր մտահոգիչ:

Նույն հիվանդությամբ վարակվում են նաև թագավորի մերձավորներն ու ծառաները, բացի Խոսրովիդուխտ արքայաքույրից:

Խավարից լույս

Այդ դեպքից որոշ ժամանակ անց թագավորի քույրը՝ Խոսրովիդուխտը, տեսիլք է տեսնում, որով Աստված հայտնում է, թե միայն Խոր Վիրապում բանտարկված Գրիգորը կարող է բժշկել իր եղբորը:

Խոսրովիդուխտը, երբ այդ տեսիլքը պատմում է պալատականներին, նրանք անհեթեթություն են համարում 13 տարի մահապարտների ստորերկրյա բանտում Գրիգորի կենդանությունը և փոխանակ հավատալու, սկսում են ծաղրել և ասել. «Տասներեք տարի վիրապում մնացած մարդու ոսկորները այժմ փոշի են դարձել»: Նույն տեսիլքը հինգ անգամ կրկնվում է: Խոսրովիդուխտ արքայաքրոջ պնդումներից հետո նախարարներից Օտային ուղարկում են Արտաշատ քաղաքը՝ Գրիգորին վիրապից դուրս հանելու:

Երբ ժամանեցին հիշյալ վայրը ու երկար ու հաստ պարանները ներքև իջեցրին, հանկարծ, ի զարմանս ներկաների, «մեկը» բռնեց այն, և նրանք «վեր հանեցին ու տեսան, որ նրա

մարմինը թխացել էր, ածուխի նման սևացել: Իսկույն հանդերձներ հագցրին և խնդությամբ Արտաշատ քաղաքից առան-գնացին Վաղարշապատ քաղաքը»: Պալատականների ծաղրն ու ծիծաղը զարմանքի, զարմանքը վախի փոխվեց:

Զղջում և ներում

Գրիգորը, երբ տեսնում է ցավագար Տրդատին, խորապես հուզվում է և, ծնկի գալով, սկսում սրտեռանդ աղոթել: Այս տեսարանը ցնցող տպավորություն է թողնում թագավորի վրա. ինքն ու նախարարները նույնպես ծնկի են գալիս Գրիգորի առջև և արցունքոտ աչքերով ասում. «Խնդրում ենք, ներիր մեզ մեր հանցանքները, որ գործեցինք քո դեմ»: «Ես էլ ձեզ նման մարդ եմ,- պատասխանում է Գրիգորը,- դուք ճանաչեք ձեր Արարչին՝ երկնքի և երկրի ստեղծողին, Նա՛ կարող է ձեզ բժշկել»:

Վաղարշապատում Գրիգորը, նախ ամփոփում է նահատակ կույսերի աճյունները ու երեք վկայարաններ կառուցում, ապաշխարության համար սահմանում հնգօրյա պահք, որն այսօր էլ պահպանվում է Հայ եկեղեցում և կոչվում «Առաջավորաց»: Ապա շուրջ 66 օր քրիստոնեության ուսմունքն է քարոզում և աղոթքներով բժշկում թագավորին:

«Իսկ թագավորը, մինչդեռ խոզի կերպարանքով կանգնած էր ժողովրդի մեջ, հանկարծակի դողի մատնվեց, և մարմնի վրայի խոզի մորթը, ժանտատեսիլ ժանիքով ու կնճիթադեմ երեսով հանդերձ վայր ընկավ: Դեմքն իր իսկական կերպարանքը ստացավ և մարմինը նորածին մանկան նման փափուկ, մատղաշ դարձավ և ամբողջ մարմնով լրիվ բժշկվեց»:

Թագավորը և ամբողջ արքունիքը քրիստոնյա են դառնում՝ քրիստոնեությունը պետական կրոն հռչակելով 301թ-ին:

Նորընծա հայրապետը

Կապադովկիայի մայրաքաղաք Կեսարիայում որպես Հայոց կաթողիկոս օծվելուց հետո՝ մեծ հայրապետը սկսում է կերտել իր կոչմանը հավատարիմ ուղին. քանդվում են մեհյաններն ու կռապաշտական հուշարձանները, կառուցվում եկեղեցիներ, հիմնվում դպրոցներ, ձեռնադրվում են հարյուրավոր եպիսկոպոսներ ու քահանաներ: Գրիգորի միակ ցանկությունն էր խավարի մեջ բնակվող ժողովրդին լուսավորել Աստծո ճշմարիտ Ավետարանի լույսով և հոգևոր վերածննդի մղել:

Նորընծա հայրապետը Արածանիում շքեղ հանդիսավորությամբ մկրտում է Տրդատին, Աշխեն թագուհուն, Խոսրովիդուխտին և ժողովրդին: Մկրտությունից անմիջապես հետո Գրիգոր Լուսավորիչը մատուցում է բացօթյա Սբ. Պատարագ և հաղորդում բոլորին այդ Սուրբ Խորհուրդին: Յոթ օր շարունակ նրանք ապրում էին հոգևոր մխիթարության երջանիկ պահեր:

Ագաթանգեղոսը չորս միլիոն է նշում նրանց թիվը, ովքեր մկրտվեցին Լուսավորչի կողմից:

Տրդատ թագավորի բժշկությունից երկու ամիս անց Գրիգոր Լուսավորչին հայտնվում է Միածին Փրկիչը` լույսերի մեջ երկնքից իջնելով: Աստվածային հրաշալի տեսիլքով Լուսավորչին ցույց է տրվում Մայր տաճարի հիմնադրման վայրը: Տերը պատգամում է նաև վկայարաններ կառուցել Սբ. Հռիփսիմյանց կույսերի նահատակման վայրերում:

Սբ. Գրիգոր Լուսավորչի վիրապից ելնելու տոնը Հայ եկեղեցին տոնում է Սբ. Հռիփսիմյանց և Սբ. Գայանյանց տոներին հաջորդող և Սբ. Էջմիածնի տոնին նախորդող շաբաթ օրը: Այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․