Գրքեր
19 Հոկտեմբեր, Բշ Ղուկիանոս Հարյուրապետի, որ հավատաց Քրիստոսի խաչելությանը և Հովսեփ Աստվածահորը, Հովսեփ Արիմաթացու և Քրիստոսի բարեկամ Ղազարոսի ու նրա երկու քույրերի Մարթայի և Մարիամի հիշատակության օր

Սբ. Ղուկիանոս հարյուրապետի անունը թեև չի նշված Նոր Կտակարանում, բայց ըստ Սրբազան Ավանդության` նա այն հարյուրապետն էր, որ ներկա է եղել Հիսուսի խաչելությանը և մահվանը հաջորդած հրաշքներին: Նա հռոմեացի զինվոր էր և ծնունդով Կապադովկիայից: Տիրոջ խաչելության ժամանակ դարձի է եկել` հավատալով Փրկչի վարդապետությանը: Ականատես լինելով Հիսուսի հրաշափառ հարության` հրաժարվում է սուտ վկայություն տալուց, թե իբր Նրա մարմինը գողացել են աշակերտները: Սբ. Ղուկիանոսը գլխատվել է Պիղատոսի կողմից:

Հովսեփ Աստվածահայրը Դավիթ թագավորի ցեղից էր: Հիսուս Քրիստոսի հայրն է երկրի վրա և Սբ. Մարիամի ամուսինը: Մատթեոս Ավետարանիչը նրան «արդար» մակդիրով է բնութագրում (տես Մատթ. 1:19): Երբ Հովսեփն իմանում է, որ իր նշանածը հղի է, ցանկանում է նրան առանց աղմուկի արձակել: Բայց Տիրոջ հրեշտակը երևում է նրան և պատվիրում, որ չարձակի Մարիամին, քանզի նրա մեջ ծնվածը Սբ. Հոգուց է: Հրեշտակը պատվիրում է նաև, որ իր որդու անունը Հիսուս դնի, քանզի նա պիտի փրկի իր ժողովրդին մեղքերից: Հասկանալով Աստծուց իրեն վստահված առաքելության կարևորությունը` նա ավելի ուշադիր է դառնում նշանածի հանդեպ` պաշտպանելով և հոգ տանելով նրա մասին: Երբ ծնվեց մանուկ Հիսուսը, օրենքի համաձայն թլփատեց նրան և քառասուն օրականում տաճարին ընծայեց: Իսկ երբ նրան վտանգ սպառնաց, Աստծո հրեշտակի հրամանով նրան Եգիպտոս փախցրեց` որոշ ժամանակ անց կրկին վերադառնալով Նազարեթ:Սբ. Հովսեփն առանձնանում է առ Աստված ունեցած աներեր հավատով, որ միշտ անսաց և իր կյանքում աշխատեց իրագործել Աստծո պատվիրանները: Սբ. Հովսեփ Արիմաթացին Հիսուսի ծածուկ աշակերտներից էր` հարուստ, պարկեշտ, բարեգործ և արդար մի մարդ, որն Աստծո արքայությանն էր սպասում: Իմանալով, որ Հիսուսն արդեն մահացել է խաչի վրա, համարձակվում է մոտենալ Պիղատոսին` թույլտվություն խնդրում Տիրոջ մարմինը թաղելու համար: Նրա գերեզմանը գտնվում է Երուսաղեմի Փրկչական գերեզմանի մոտ, որը պատկանում Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը:

Ղազարոսը, Մարթան և Մարիամն ապրել են Տիրոջ երկրային կյանքի ժամանակ` Երուսաղեմից ոչ հեռու գտնվող Բեթանիա գյուղում: Հիսուս առանձնահատուկ է սիրել այս ընտանիքին և Երուսաղեմ այցելելիս հաճախ հյուրընկալվել նրանց տանը: Մեռած Ղազարոսին Քրիստոս հարություն է տվել` ուրախացնելով նրա քույրերին: Ավագ քույրը` Մարթան, գործունյա և աշխատասեր էր, իսկ Մարիամը` Աստծո խոսքին ունկնդիր` բարեպաշտ մի հավատացյալ: Եղբոր հարությունից հետո, Մարիամը թանկարժեք յուղով օծել է Քրիստոսի մարմինը: Ըստ ավանդության` նրանք մեկնել են Կիպրոս, ուր հետագայում կնքել են իրենց մահկանացուն:

 

https://www.qahana.am

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․