Գրքեր
22 Հոկտեմբեր, Եշ Սբ. Խարիթյանների, Արտեմեա, Քրիստափոր սուրբ վկաների և երկու կանանց` Կալինիկեի և Ակյուլինեի հիշատակության օր

Սբ. Խարիթյանք ազգությամբ հաբեշ էին և ապրում էին Եթովպիայի Նեհրան քաղաքում: VI դարում հրեաները հզորացել էին այդ երկրում: Եվդեմոնա քաղաքի թագավոր Դու Նովասը հարձակվում է քրիստոնյա Նեհրան քաղաքի վրա` բնակիչներին հուդայական հավատին դարձնելու նպատակով: Խաբեությամբ գրավելով քաղաքը` հոգևորականներին, վանականներին և միանձնուհիներին հրամայում են այրել խարույկի վրա, իսկ քաղաքի կառավարիչ Արեթին և մեծամեծներին` բանտարկում: Հարցաքննության ժամանակ Դու Նովասը դիմում է նրանց` պահանջելով ուրանալ Քրիստոսին: Սակայն քաղաքացիները 95-ամյա կառավարչի գլխավորությամբ մերժում են` ասելով. «Չենք ուրանա Քրիստոսին, քանի որ նա մեզ համար կյանք է, իսկ հանուն նրա` մահը ձեռքբերում է» և անվախ հանձնվում են տանջանքների: Մի քանի տարի անց քրիստոնյա արքա Ելեսբովամը հաղթում է Դու Նովասին, և քրիստոնեությունը պետական կրոն հռչակում ողջ Եթովպիայում:

Արտեմեան, Հուլիանոս Մեծի օրոք, թեև երիտասարդ, բայց առաքինի զորական էր կայսերական բանակում և հասել էր մինչև պատվիրակի աստիճանի: Նույն հավատարմությամբ նա, որպես Եգիպտոսի բանակի ընդհանուր հրամանատար, ծառայում է հաջորդ կայսեր իշխանության ժամանակ: Հետագայում, երբ Հուլիանոս Ուրացող կայսրը պարսկական արշավանքի ժամանակ Անտիոքում դատում է երկու երեցներին` Եվգենիոսին ու Մակարին, Արտեմեան համարձակվում է համաժողովրդական կերպով մեղադրել նրան դաժանության և անպատվության մեջ, ինչի համար չարչարանքների է ենթարկվում և գլխատվում:

Սրբի մահից հետո նրա մասունքները տեղափոխվում են Կ. Պոլիս և ամփոփվում Սբ. Հովհաննես Կարապետ եկեղեցում, իսկ այսօր այդ մասունքների մի մասը պահպանվում է Աթոսում` Սբ. Պանտելեմոնի վանքում:

Քրիստափորը և երկու կանայք` Կալինիկեն և Ակյուլինեն նահատակվել են Դեկոս կայսեր օրոք Լիկիայում: Սբ. Քրիստափորը Հուլիանոս կայսեր օրոք գերեվարվում է, ծառայում հռոմեական բանակում և այդ ընթացքում քրիստոնյա դառնում: Տեսնելով իր հավատակիցների անմարդկային չարչարանքները` նրա մեջ մեծ ցանկություն է առաջանում հանդիմանելու հեթանոսներին և քարոզելու ճշմարտությունը, սակայն հունարեն չիմանալու պատճառով ի վիճակի չի լինում: Սակայն աղոթքով Տիրոջից հունարեն խոսելու շնորհ է ստանում: Մի օր նկատում է, որ զինվորականները մի քրիստոնյայի են տանջում: Քրիստափորը հանդիմանում է նրանց և ազատում այդ քրիստոնյային: Քաղաքի դատավորը, իրազեկ դառնալով այս ամենին, 200 զինվոր է ուղարկում նրան ձերբակալելու, ովքեր, սակայն, ճանապարհին Քրիստափորի քարոզի և կատարած հրաշքի շնորհիվ նույնպես քրիստոնյա են դառնում: Երբ նրան դատավորի առջև են բերում, հանդիմանախառն պատասխաններ է տալիս, մերժելով դատավորի կռապաշտ դառնալու հրամանը, որի համար չարչարանքների է ենթարկվում և բանտարկվում: Ապա նրա մոտ են ուղարկում երկու պոռնիկ կանանց` Կալինիկեին և Ակյուլինեին, նրան գայթակղեցնելու համար: Սակայն վերջիններս նրա քարոզության միջոցով դարձի են գալիս: Զայրացած դատավորը նախ նահատակել է տալիս երկու կանանց, ապա` զինվորներին, որոնք բացահայտում են իրենց քրիստոնյա լինելը, և հետո գլխատում է ս. Քրիստափորին:

 

https://www.qahana.am

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․