12 Հոկտեմբեր, Շբ
31 Հոկտեմբեր, Եշ Սուրբ Հովհան Ոսկեբերան Հայրապետի հիշատակության օր
Հովհաննես Ոսկեբերան
Եկեղեցու ամենանշանավոր և շնորհաշատ վարդապետներից մեկն է: Որպես հռոմեական բանակում ծառայող մի վաղամեռիկ զորավարի միամորիկ զավակ՝ ծնվել է 347 թ.-ին: Թեև իր այրիացած մայրը նրան քրիստոնեական հավատքի մեջ դաստիարակեց, սակայն նա մկրտվեց չափահաս տարիքում: Իր ուսումն ստացավ Անտիոքում: Նա, Անտիոքում, Լիբանոս կոչված մեծ հռետորի մոտ օրենսգիտություն և հռետորություն սովորեց, իսկ աստվածաբանությունը՝ Դիոդոր Տարսոնացու մոտ, որն այդ օրերի Անտիոքյան դպրոցի մեծագույն ներկայացուցիչն էր: Ինչպես իր ժամանակի գրեթե բոլոր եկեղեցական մեծ դեմքերը, այդպես էլ ինքը, երիտասարդ տաիքից, նախ իր տան մեջ, քանի որ իր այրիացած և ծերացած մոր խնամատարն էր, նվիրվեց ճգնակեցությունը: Մոր մահից հետո հեռացավ անապատ՝ 373-381 թթ, և այնպիսի խստակրոն կյանք ապրեց, որ առաողջությունը խանգարվեց: 381 թ.-ին սարկավագ ձեռնադրվեց և ծառայեց Անտիոքում: 386 թ.-ին ձեռնադրվեց քահանա և իր հրաշալի և պերճ քարոզչությամբ շահեց «Ոսկեբերան» ժողովրդական տիտղոսը, որը որպես ածական մնաց մինչև կյանքի վերջ: Երբ իր հռետորական մեծ քարոզչությունը ի սպաս էր դնում միայն անունով քրիստոնյա մնացած այս անկարգ քաղաքի բարեկարգման համար, միաժամանակ նաև զբաղվում էր Ս. Գրքի մեկնությամբ, որն այնպիսի վայելչությամբ և հստակությամբ է կատարում, որ ճանաչվեց որպես հին ժամանակների ամենակարող մեկնիչ:
398 թ.-ին, հակառակ իր կամքի, ընտրվեց Կ. Պոլսի պատրիարք: Նույն կորովով ձեռնարկեց նաև այս մայրաքաղաքի բարեկարգությունը, որը վեճերի և անբարո կյանքի պատճառով քրիստոնեական կենցաղից շատ բաներ էր կորցրել: Հատկապես ապականությունը և կրոնական անտարբերությունը բույն էին դրել որքան արքունիքի և հոգևորականների մեջ, նույնքան էլ քաղաքացիների մեջ: Իր ուղղամտությամբ և սրբակենցաղ բարեպաշտությամբ հանդերձ, Ոսկեբերանն ամեն տեսակ անբարոյականություն կշտամբելու անկաշկանդ համարձակություն ուներ, չհոգալով թե ինչ բարձր դիրք է զաղեցնում այն գործողը: Այս պատճառով, որ չէր ակնածում և հանդիմանում էր անբարո կյանքի համար, իր վրա է բերում օրվա կայսրուհի Եվդոքսիայի զայրույթը: Նրա դեմ դուրս եկավ և կայսրուհուն միացավ Ալեքսանդրիայի Թեոփիլոս Պատրիարքը, որը ցանկանում էր Կ. Պոլսի Պատրիարք դառնալ: 403 թվականին, տեղական մի եկեղեցական ժողովի կողմից 29-ը կետերից բաղկացած ամբաստանություններով դատապարտվեց, որոնցից միայն մեկն էր ճիշտ՝ կայսրուհու հանդեպ արած իր անպատշաճ ակնարկությունները: Այս ժողովը գլխավորում էր իրեն նախանձող Թեոփիլոս Պատրիարքը: Աքսորման հրաման արձակվեց, սակայն մեկնումի գիշերը մի այնպիսի ահավոր երկրաշարժ և հրդեհ եղավ Պալսում, որ թագուհին նրան ետ, իր աթոռին հրավիրեց: Սակայն աքսորի հրամանը Ոսկեբերանի համար դաս չեղավ: Նույն խստությամբ շարունակեց քարոզել արքունական զեխությունների դեմ: Սակայն ժողովրդի համակրանքը և Արևմտյան Եկեղեցու պաշտպանությունը չկարողացան արգելք հանդիսանալ, որ օրվա թուլամորթ Արկադիոս կայսրը և նրա քմահաճ կինը՝ Եվդոքսիան, երանելի պատրիարքի դեմ երկրորդ անգամ աքսորի հրաման հանեն; Նախ աքսորվեց Անտիոքի կողմերը, ապա, երբ տեսան, որ հակառակ իր խախտված առողջության, տեղի մեղմ կլիմայի պատճառով շուտով չի մահանա, նրան աքսորեցին նախ Կոկիսոն, ապա Պոնտոս: Մեծ հայրապետը տառացիորեն նահատակվեց, երբ ստիպված եղավ հիվանդ վիճակում և կլիմայական ու աշխարհագրական ամենաաննպաստ պայմաններում ոտքով քայլել այդ երկար ճանապարհը: Մահացավ Կոմանա քաղաքում, 407 թ.-ին: Նրա վերջին բառերին էին. «Հաղագս ամենայնի փառք Աստծո»: 438 թ.-ին նրա մարմինը մեծ շուքով Կ. Պոլիս բերվեց և մեծ շուքով ամփոփվեց Ս. Առաքելոց Եկեղեցում, այնտեղ էր թաղվել 404 թվականին, իր ոխերիմ թշնամին՝ Եվդոքսիա թագուհին:
Ոսկեբերանն իր հոգով, քաջությամբ, քարոզչությամբ և մանավանդ գրական ժառանգությամբ, որը դարեր շարունակ որպես հյութեղ սնունդ մատակարարվեց համայն Քրիստոնյա Եկեղեցիներին և որն իր արժեքը նաև այսօր է պահում, Մեծ եղավ: Նրա գործերի մեջ նշանավոր է իր գրած Ս. Պատարագը, որից շատ տարրեր կան նաև մեր Ս. Պատարագում: Քահանայության ժամանակ գրված ճառը, բազմաթիվ քարոզները և Ս. Գրքի մեկնությունները, մեծամասամբ դեռևս Ե դարում, ոսկեղենիկ գրաբարով, թարգմանվել են հայերեն, իսկ որոշ մասն էլ հետագա դարերում: Նաև տոնական առիթներով մեծ աղոթքներ է գրել, որոնցից մի քանիսը մինչ օրս օգտագործվում են մեր եկեղեցում:
Հայերս նրա հիշատակի տոնը տոնում ենք երկու անգամ:
«Համաքրիստոնեական Սուրբեր», Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշար, Երևան1997
Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկ. Դոխոլյանը