5 Նոյեմբեր, Գշ Սուրբ Ակիփսիմոս եպիսկոպոսի, Հովսեփ քահանայի, Այիթալա սարկավագի և Պղատոն վկայի հիշատակության օր
Ակիփսիմոս Եպիսկոպոս
Ազգությամբ պարսիկ, ապրել է Դ դարում պարսից Շապուհ թագավորի օրոք (310- 380): Հայտնի չէ, թե որ քաղաքի եպիսկոպոսն է եղել: Ծեր հասակում մոգապետի կողմից կանչվեց և առաջարկվեց երկրպագել արևին և կրակին: Բնականաբար մերժեց: Ծանր չարչարանքների ենթարկվեց և բանտ նետվեց, որտեղ չարչարալից պայմաններում մնաց երեք տարի: Երբ նրան առաջարկվեց վերջին կարգադրություններն անել իր ունեցվածքի և ընտանիքի անդամների վերաբերյալ, նա ասաց. «Այս երկրի վրա ոչ ունեցվածք ունեմ և ոչ էլ տուն, իմ ամբողջ ինչքն ու տունը Քրիստոս է»: Ի վերջո բանտից հանելով առաջարկեցին ուրանալ Քրիստոսին. «Քրիստոնյա եմ եղել և ցանկանում եմ որպես քրիստոնյա էլ մահանալ» ասաց նա: Բրածեծության ենթարկվեց և այդ տանջանքների մեջ էլ ավանդեց հոգին:
Հայերս նրա հիշատակը տոնում ենք Ս. Խաչին հաջորդող ութերորդ երեքշաբթի օրը:
Հովսեփ Քահանա
Ազգությամբ պարսիկ: Ակիփսիմոս Եպիսկոպոսի և Այիթալա Սարկավագի հետ Պարսից արքունիքի առջև դատապարտվեցին, երեքն էլ առաջացած տարիքում էին: Հովսեփը 70 տարեկանն անց էր, երբ ձերբակալվեց: Երբ մերժեց կրակին և արևին երկրպագելը, չարաչար տանջանքների ենթարկվելով՝ երեք տարով բանտարկվեց: Երբ կրկին մերժեց իր հավատն ուրանալը, կրկին չարչարանքների ենթարկվեց, որոնց ներքո գրեթե կիսամահ եղավ ծերունի քահանան: Ապա փոխադրեցին ուրիշ քաղաք և այնտեղ ևս վեց ամիս բանտարկեցին: Ի վերջո քաղաքի քրիստոնյաներին բռնի ստիպեցին քարկոծել նրան. քարերի տարափի տակ մահացավ ծերունազարդ քահանան, աղոթելով առ Աստված, որ քարկոծողներին այն մեղք չհամարի, քանզի բռնության ներքո է, որ անում են այդ: Որոշ ժամանակ հետո, իր և վերոհիշյալ երկու վկաների նշխարները Բյուզանդիա տարվեցին և մեծ հարգանքի արժանացան;
Հայերս նրա հիշատակը տոնում ենք Ս. Խաչին հաջորդող ութերորդ երեքշաբթի օրը:
Այիթալա սարկավագ
Ակիփսիմոս Եպիսկոպոսի սարկավագն էր, որի և Հովսեփ Քահանայի հետ մարտիրոսացավ 340-380 թթ.-ին, պարսից Շապուհ Երկայնակյաց թագավորի օրոք: Հավանաբար Այիթալան էլ ազգությամբ պարսիկ էր:
Հայերս նրա հիշատակը տոնում ենք Ս. Խաչին հաջորդող ութերորդ երեքշաբթի օրը:
Պղատոն վկա
Ծնվել է Անկյուրայի քրիստոնյա և ազնվական ընտանիքում: Ծնողներն օրորոցից նրա մեջ սերմանեցին բարեպաշտության սերմերը: Մատաղ հասակում որբացավ, ամբողջ ունեցվածքը աղքատներին բաժանեց և ինքն իրեն նվիրեց հեթանոսներին դարձի բերելու և տկարներին պաշտպանելու սրբազան գործին: Ի վերջո որպես քրիստոնյա ձերբակալվեց և իրեն ուղղված հարցերին այսպես պատասխանեց. «Քրիստոնյա եմ, պաշտում եմ Մեկ Աստծո՝ երկնքի և երկրի Արարչին, արհամարհում եմ կուռքերին, որոնք մարդկանց ձեռքի գործերն են, նողկանք եմ ապրում դևերից, որոնք երբեմն խոսում են այս կուռքերի միջոցով: Ես պատրաստ եմ Քրիստոսի սիրո համար արյուն թափել»: Դատավորը, զայրանալով, հրամայում է նրան արջառաջլերով ձաղկել, որոնց հրաշալի համբերությամբ տոկաց, ապա բանտ նետվեց: Բանտում նույնպես ահավոր չարչարանքների ենթարկվեց: Խոսքն անգութ դատավորին ուղղելով ասաց. «Իմացած եղիր, որ Աստված ինձ կվերադարձնի այս մարմինը, որը դու փորձում ես հաշմել և վնասել, իսկ քո մարմինը անշեջ կրակով պիտի այրի»: Տասնութ օր անսնունդ բանտարկությունից հետո, երբ դատավորը համոզվեց, որ անկարող է նրան ստիպել կուռքերին զոհ մատուցել, 304 թ.-ին հրամայեց, որ չարչարալից կյանքին գլխատությամբ վերջ դնեն:
Հայերս նրա հիշատակը տոնում ենք Ս. Խաչին հաջորդող ութերորդ երեքշաբթի օրը:
«Համաքրիստոնեական Սուրբեր», Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշար, Երևան1997
Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկ. Դոխոլյանը