7 Նոյեմբեր, Եշ Սուրբ Հայրապետներ Մետրոփանոսի, Աղեքսանդրոսի, Պողոս Խոստովանողի և սուրբ նոտարներ Մարկիանոսի և Մարտիրոնի հիշատակության օր
Մետրոփանոս՝ Հայրապետ Կ. Պոլսի
Կ. Պոլսի գրեթե առաջին պատմական եպիսկոպոսն է, գահակալել է 306-325թթ.-ին: Երջանիկ էր այնքանով, որ նրա օրերում նախկին Բյուզանդիոնը վերածվեց մայրաքաղաքի, վերաշինվեց և կոչվեց Կոստանդինի քաղաք, որից հետո այս քաղաքի եպիսկոպոսության դիրքն էլ կամաց-կամաց կարևորվելով՝ վերածվեց պատրիարքական աթոռի: 325թ.-ին արդեն շատ ծեր լինելով, չկարողացավ մասնակցել Նիկիական ժողովին, այլ իր փոխարեն ուղարկեց ավագերեց Ալեքսանդրին, որն էլ իր հաջորդը դարձավ: Ավանդությունն ասում է, որ Նիկիայի ժողովից հետո Կոստանդիանոսն իր նորակառույց քաղաքի նավակատիքը՝ պաշտոնական բացումն անելու համար քաղաք է հրավիրում ժողովում մասնակցած հայրերին; Այդ առթիվ կայսրը և ժողովականներն այցելեցին ծերունազարդ հայրապետին և իրենց հարգանքը մատուցեցին: Այլոց օժանդակությամբ կատարեց Ս. Հաղորդության Խորհուրդը, որին բոլորն էլ հաղորդվեցին, ապա բոլորի ներկայությամբ իր վախճանի մոտ լինելը հայտարարեց և իրեն հաջորդ նշանակելուց հետո խաղաղ մահով վախճանվեց:
Հայերս նրա հիշատակի տոնը կատարում ենք Ս. Խաչին հաջորդող ութերորդ հինգշաբթի օրը:
Աղեքսանդրոս՝ Հայրապետ Կ. Պոլսի
Կ. Պոլսի երկրորդ պատմական արքեպիսկոպոսը և Մետրոփանեսի հաջորդը: Ըստ ավանդության եպիսկոպոս է ձեռնադրվել Նիկիո Ժողովի հայրերի կողմից, երբ նրանք Կոստանդիանոս կայսեր հրավերով Կ. Պոլիս էին եկել և ներկա լինելու նրա նախորդի հուղարկավորությանը: Որպես իր ծերունազարդ նախորդի ներկայացուցիչ՝ մասնակցել է Նիկիայի Ժողովին: Մի առատաձեռն, պերճախոս, արդար և Աստվածասեր հովվապետ եղավ, բարեպաշտ և խիստ պահք պահող էր, իր պահքը երբեք չէր ավարտում արևի մայր մտնելուց առաջ: Նրա և Հակոբոս Մծբնեցու աղոթքին է վերագրվում Արիոս հերետիկոսապետի հանկարծակի և չարաչար մահը: Մահացել է խաղաղ մահվամբ, 340 թ.-ին:
Հայերս նրա հիշատակի տոնը կատարում ենք Ս. Խաչին հաջորդող ութերորդ հինգշաբթի օրը:
Պողոս Խոստովանող՝ Կ. Պոլսի Պատրիարք
Կ. Պոլսի երրորդ պատրիարքը՝ 340-350 թթ.-ին, ծնված Սալոնիկ քաղաքում: Եղել է. «Բարեպաշտ, Աստծուց երկյուղած և Ս. Գրքերին հմուտ այր»: Հազիվ Կ. Պոլսի արքեպիսկոպոս էր ընտրվել, երբ Կոստանդիոս արիոսական կայսրը նրան գահընկեց արեց և փոխարենը Եվսեբիոս Արիոսականին նշանակեց: Վերջինիս մահվան պատճառով Պողոսը նորից է տիրանում իր աթոռին, բայց կրկին աքսորվելով, նրա տեղը նշանակվեց Մակեդոն «Հոգեմարտ»-ը, որն ուրանում էր Ս. Հոգու Աստվածությունը: Արևմտյան կայսեր Կոստանդի թելադրանքով Արևելքի կայսրը՝ Կոստանդիոսը, Պողոսին 348 թ.-ին վերահաստատեց իր աթոռին: Երբ մահացավ Կոստանդ Կայսրը, Պողոսը կրկին աքսորվեց, այս անգամ Կոկիսոն, որտեղ, ասվում է, թե կայսերական ներկայացուցիչը հայրապետի եմիփորոնով խեղդամահ է արել նրան: 381 թ.-ին, Երկրորդ Տիեզերական Ժողովից հետո, Կ. Պոլիս բերեցին Պողոսի նշխարները և որպես սուրբ և խոստովանող վկա թաղեցին: Եղել է ուղղափառության մեծ պաշտպան և Աթանասի ու Հուլիանոս Պապի բարեկամը:
Հայերս նրա հիշատակի տոնը կատարում ենք Ս. Խաչին հաջորդող ութերորդ հինգշաբթի օրը:
Մարկիանոս և Մարտիրոն
Սրանք երկու ավագ դպիրներ էին, որոնք միաժամանակ Կ. Պոլսի Պատրիարքարանում նոտարական պաշտոն էին կատարում, Պողոս ուղղափառ պատրիարքի ժամանակ՝ 4-րդ դարի կեսերին: Օրվա կայսր Կոստանդիոսը, որն արիոսական էր, պաշտոնանկ արեց Պողոսին և աքսորեց Բյուզանդական Հայաստանի Կոկիսոն քաղաքը: Պատրիարքարանի արիոսական հաջորդները, երբ իմացան, որ Պողոսն իր աքսորյալ շրջանում էլ է վերահաստատում Նիկիական դավանանքը, Պողոսին վերացնելու հրաման ուղարկեցին: Պահակները խեղդեցին սուրբ հայրապետին: Այս իմանալով, հայրապետի նոտարները՝ Մարկիանոսը և Մարտիրոնը, ժողովրդի մեջ տարածեցին, թե Նիկիական դավանանքի պաշտպան և քարոզիչ լինելու համար են սպանել Պողոս Պատրիարքին: Որի պատճառով քաղաքի արիոսական եպարքոսը (փոխարքա) 350-ական թվականներին հրամայեց նրանց գլխատել:
Հայերս նրա հիշատակի տոնը կատարում ենք Ս. Խաչին հաջորդող ութերորդ հինգշաբթի օրը;
«Համաքրիստոնեական Սուրբեր», Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշար, Երևան1997
Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկ. Դոխոլյանը