Գրքեր
5 Նոյեմբեր, Եշ Ս. Մետրոփանոս, Աղեքսանդրոս և Պողոս Խոստովանող Ս.Հայրապետների և սուրբ նոտարներ Մարկիանոսի և Մարտիրոնի հիշատակության օր

Ս. Մետրոփանոս Հայրապետը Պրոբիոս կայսեր որդին էր: Ձեռնադրվել է Բյուզանդիոնի Տիտոս եպիսկոպոսի կողմից` որպես եպիսկոպոս հաջորդելով նրան: Նա մեծ հավատ և բարի համբավ ունեցող Հայրապետ է եղել, որն իր հեղինակությամբ կարողացել է ազդել անգամ Կոստանդիանոս Մեծի վրա, որպեսզի նորակառույց մայրաքաղաքը լիներ Բյուզանդիոնի տեղում: Նույն կայսեր կողմից դարձել է Կ. Պոլսի առաջին եպիսկոպոսը: Ծերացած լինելու պատճառով նա չի կարողացել մասնակցել 325 թվականին Նիկիայի առաջին Տիեզերաժողովին` իր փոխարեն ուղարկելով Աղեքսանդրին, որը հետագայում հաջորդեց նրան: Վախճանվել է խաղաղ մահով 326 թվականին:

Ս. Աղեքսանդրոս Հայրապետը հաջորդել է Մետրոփանոս Հայրապետին: Ավանդության համաձայն` նա եպիսկոպոս է ձեռնադրվել Նիկիայի Տիեզերաժողովի մասնակից Հայրապետների կողմից, երբ նրանք կայսեր հրավերով եկել էին մասնակցելու իր նախորդի հուղարկավորությանը: Ս. Աղեքսանդրը մասնակցել է Քրիստոսի Եկեղեցու առաջին Տիեզերաժողովին: Եղել է առատաձեռն, պերճախոս, արդար և աներեր հավատ ունեցող Հայրապետ, որն իր ողջ գիտակցական կյանքում պայքար է մղել արիոսականության և հեթանոս իմաստասերների դեմ: Եկեղեցական ավանդությունը վկայում է, որ նրա և Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի աղոթքների շնորհիվ Արիոսը չարաչար մահով մահացել է: Ս. Աղեքսանդր Հայրապետը վախճանվել է 326 թվականին  (որոշ աղբյուրների համաձայն` 337 թվականին):

Սբ. Պողոս Խոստովանող Հայրապետը ծնվել է Սելանիկում` լինելով բարեպաշտ, աստվածավախ և Ս. Գրքին հմուտ մի մարդ: Նա հաջորդել է Կ. Պոլսի Աղեքսանդր Հայրապետին: Կոստանցիոս կայսեր կողմից աքսորվել է Պոնտոս` արիոսականների դեմ ունեցած խիստ կեցվածքի համար: Նա կրկին Կ. Պոլիս է վերադարձել 338 թվականին: Բացի սրանից Հայրապետին վիճակված էր ևս երեք անգամ գտնվել աքսորում: Վերջին անգամ աքսորն անցկացրել է Հայոց աշխարհի Կոկիսոն քաղաքը, ուր և նահատակվել է արիսոսականների կողմից: Վերջիններս նրան խեղդել են Ս. Պատարագի ժամանակ 350 թվականին:

Մարկիանոսը և Մարտիրոնն ավագ դպիրներ էին, որոնք միաժամանակ որպես նոտարներ ծառայում էին Կ. Պոլսի Պատրիարքարանում` օգնելով ժամանակի Պողոս Խոստովանող Հայրապետին: Երբ լսում են վերջինիս մահվան լուրը, նրանք ամբողջ ժողովրդի մեջ տարածում են, որ ուղղափառ հավատի ջերմեռանդ պաշտպան Պողոս Հայրապետի մահվան պատճառն արիոսականներն են: Նրանց լռեցնելու համար քաղաքի արիոսական եպարքոսը գլխատել է տալիս նրանց 350 թվականին:

 

https://www.qahana.am

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․