Գրքեր
26 Դեկտեմբեր, Շբ Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օր

Ս. Ստեփանոսն Ընդհանրական Եկեղեցու ամենասիրված սրբերից է, Քրիստոսի սիրո վարդապետության համար նահատակված առաջինը մարտիրոսը: Վարքագրական աղբյուրների համաձայն` նա սերում էր Հուդայի թագավորական զարմից, Քրիստոս Աստծո ցեղակիցն ու օրինապահ ծնողների զավակն էր: Դեռ պատանի` Կայիափա քահանայապետի ծառան էր: Տիրոջը տուն տանելիս, Ստեփանոսը գլխի վարշամակը փռում է Երկնավոր Վարդապետի ոտքերի տակ` արտահայտելով իր անդավաճան ու անկեղծ սերը: Այս ամենը զայրացնում է քահանայապետին,  որն էլ նրան դուրս է վռնդում: Նա ականատես է լինում Տիրոջ մահվանն ու թաղմանը, բայց վերստին ուրախանում առաքյալների հետ Աստվածորդու հրաշափառ հարությամբ:

Ըստ Հայ Եկեղեցու եռամեծ վարդապետ Ս. Գրիգոր Տաթևացու` նա գնում է Պետրոս և Հովհաննես առաքյալների մոտ, մկրտվում: Մկրտության պահին ջրի վրա երևում է լուսապսակ: Այդ զարմանահրաշ դեպքից հետո նրան անվանում են «Ստեփանոս», որ նշանակում է պսակավոր: Գործք առաքելոցից հայտնի է, որ Հոգեգալստից հետո առաքյալները սեղաններն էին սպասարկում, կարիքավորներին նպաստներ բաշխում: Եվ օրեցօր Հիսուսին հավատացողների թիվն ավելանում էր: Քանի որ առաքյալներն ի վիճակի չէին հոգալ բոլորի կարիքները, ուստի իրենց հետևորդներին պատվիրում են, որ բարի համբավ ունեցող 7 մարդ ընտրեն` սեղաններն սպասարկելու համար: Ըստ Ղուկաս Ավետարանչի` ընտրյալների մեջ էր նաև Սբ. Ստեփանոսը, «որ հավատով և Սբ. Հոգով լցված մի մարդ էր» (Գործք. Զ 5): Առաքյալները Քրիստոսից ստացած իշխանությամբ ձեռնադրում են նրանց` արժանացնելով սարկավագի պատասխանատու աստիճանին: Իսկ Սբ. Ստեփանոսն Աստծուց տրված շնորհներով և զորությամբ զանազան հրաշքներ էր գործում ժողովրդի մեջ: Ժողովարանում շատերն էին փորձում վիճել նրա հետ, բայց նրա իմաստությունը ոչ ոք չուներ: Ուստի չարակամները համոզում են որոշ մարդկանց, որ ասեն, թե Ստեփանոսը հայհոյում է Աստծուն և Մովսես մարգարեին: Գրգռելով ժողովրդին, քահանաներին և օրենսգետներին` նրան ատյան են տանում: Սբ. Ստեփանոսն իր պաշտպանական ճառով ապացուցում է ներկաներին, որ Հիսուս է խոստացյալ Մեսիան, իսկ հրեաներին հանդիմանում է իրենց խստասրտության համար: Նրան քաղաքից դուրս քարկոծում են, զգեստները դնում Սավուղ անունով մի երիտասարդի առջև: Սավուղը Պողոս առաքյալն էր, որն սկզբում հալածում էր քրիստոնյաներին: Նա ճանաչեց ճշմարիտ Աստծուն` Հիսուս Քրիստոսին` հետագայում դառնալով Ավետարանի ամենաեռանդուն քարոզիչը: Սբ. Ստեփանոսը դարձավ Քրիստոսի համար նահատակված առաջին վկան ու մարտիրոսը և այդ պատճառով կոչվեց ՆԱԽԱՎԿԱ:

Ըստ ավանդության` Պողոս առաքյալի ուսուցիչ Գամաղիելը և նրա եղբայր Նիկոդեմոսը, որ Հիսուսի ծածուկ աշակերտներից էին, սրբի մարմինը թաղել են իրենց ագարակում: Շատ չանցած Սբ. Ստեփանոսի նշխարները հայտնաբերել է Ղուկիանոս անունով մի երեց, և Երուսաղեմի Հովհան Հայրապետը դրանք դրել է Սբ. Սիոնում: Ե դարում Հուլիանե իշխանուհին Երուսաղեմում հայտնաբերել է սրբի տապանակը, տարել Կ. Պոլիս, հետագայում բերել Վենետիկ` ամփոփելով Ս. Գևորգ կղզու մայր եկեղեցում: Սբ. Ստեփանոս Նախասարկավագն իր աներեր հավատով, սրբակենցաղությամբ, նվիրումով, ծառայասիրությամբ և մյուս առաքինություններով օրինակ է քրիստոնյաների համար` Ճշմարտությունը ճանաչելու և Տիրոջ քաղցրությունը ճաշակելու համար: Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակը տոնում է Ս. Ծննդին նախորդող Ավագ տոների ժամանակ:

 

https://www.qahana.am

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․