Գրքեր
19 Հունվար, Բշ Սբ. ճգնավորներ Անտոնի, Տրիփոնի, Պարսամի և Ոնոփրիոսի հիշատակության օր

Սբ. Անտոն Ճգնավորը կամ Սբ. Անտոն Անապատականը ճգնավորության եւ վանական կյանքի հայրն ու հիմնադիրն է: Երանելի այրը ծնվել է Եգիպտոսի Կոմա գյուղում 251 թվականին, ազնվական ծնողների ընտանիքում: Ծնողների մահից հետո Անտոնը ժառանգում է նրանց հարստությունը: Սակայն մի օր եկեղեցում լսում է ավետարանական այն պատգամը, որտեղ Հիսուս ասում է. «եթե կամենում ես կատարյալ լինել, նախ վաճառիր ինչ-որ ունես ու աղքատներին տուր և երկնքում գանձեր կունենաս»: /Մատթ.19: 21/: Առաջնորդվելով այս պատվիրանով, Անտոնը վաճառում է իր ողջ ունեցվածքը և ապրում աղոթքի, պահեցողության ու բարեգործության ոգով: Որոշ ժամանակ անց, նա հեռանում է իր հայրենի գյուղից և բնակություն հաստատում մոտակա քարայրում, որտեղ, ըստ վարքագիրների՝ հոգևոր պատերազմներ է մղում վայրի գազանների կերպարանքով իրեն մշտապես հայտնվող դևերի հետ: Համբերությամբ դիմակայելով բոլոր փորձություններին` սուրբը հեռանում է անմարդաբնակ մի անապատ և 20 տարի շարունակ ապրում մենության մեջ: Լսելով նրա սրբակեցության մասին, շատերը թողնում են իրենց տներն ու հեռանում անապատ ճգնելու: Անսալով իր հոգևոր եղբայրների թախանձանքներին` սուրբը ելնում է իր ճգնարանից ու հավաքվածներին բացատրում վանական կանոնները, որոնք և հետագայում դառնում են վանական կյանքի ուղեցույց: Սուրբը կնքում է իր մահկանացուն 105 տարեկանում` արժանանալով երկնային անթառամ պսակին, իր աներեր հավատով ու հոգևոր մեծ զորությամբ դառնալով օրինակ բոլոր ժամանակների քրիստոնյաների համար: Հայաստանյայց Առաքելական եկեղեցին առանձնահատուկ կարևորում է ճգնավորներներին և տոներ ունի նրանց հիշատակին:

Քրիստոնեության տարածումից որոշ ժամանակ անց սկսվել է ճգնավորական շարժումը: Ճգնավորներն այն մարդիկ էին, որոնք ամբողջապես նվիրվում էին Աստծուն, հեռանում անմարդաբնակ վայրեր եւ աղոթքներով ու ծոմապահությամբ, Աստծո շնորհով հաղթահարում մարդկային թուլությունները, հասնում հոգևոր կատարելության: Տարիներ հետո ճգնավորները նաև հրաշագործությամբ և աղոթքներով բժշկելու շնորհ էին ստանում: Այդպիսի ճգնավորներից են եղել Դեկոս կայսեր օրոք Նիկիա քաղաքում նահատակված Տրիփոնը, 5-րդ դարի կեսերին Սիրիայի անապատներում բնակվող Պարսամ ճգնավորը և եգիպտացի ճգնավոր Ոնոփրիոսը (4-րդ դար): Վերջինս`որոշ ժամանակ վանքում մնալուց հետո, հեռացել է անապատ, որտեղ ապրել է 60 տարի` առանց որեւէ մեկին հանդիպելու: Ոնոփրիոսն այլ ճգնավորների պես աղոթքի ուժով բուժել է շատերին եւ փրկել տառապանքներից: Այդ պատճառով էլ հատկապես այս սրբին են աղոթքով դիմում երեխաներին բժշկելու և ծանր ծննդաբերության ժամանակ:

 

http://www.qahana.am

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․