25 Նոյեմբեր, Բշ
Թշնամու հրոսակները հարձակվում են մի քաղաքի վրա: Բնակիչները փախչում են դեպի
գետը` անցնելու համար մյուս ափ, որպեսզի փրկվեն: Ծանր քայլերով, քրտինքը երեսին գետին է մոտենում մի արհեստավոր` հսկա պարկ ուսին շալակած: Ափի մոտ կանգնած փոքրիկ նավակի միջից մի մարդ ասում է.
- Եղբա՛յր, պարկդ թո՛ղ ու մտի՛ր նավակ: Այն կարող է միայն երկու մարդ տեղափոխել դեպի
փրկության ափ:
Արհեստավորը պատասխանում է.
- Չեմ կարող իմ պարկը թողնել ու դրանից հրաժարվել: Այն լցված է այն քարերով, որոնցով
քաղաքի մեր բնակիչներն ինձ հարվածել են ու ցավ պատճառել: Իսկ ես դրանք հավաքել եմ ու
մյուս ափ պիտի անցկացնեմ, որ նույն քարերով ինձ ցավ պատճառողներին հարվածեմ:
- Եղբա՛յր, դու այդպես և՛ նավակը կխորտակես, և՛ ինձ, և՛ քեզ, քո պարկի հետ միասին: Արդ,
դատարկիր այն ու նավակ մտի՛ր:
Սակայն արհեստավորը պարկը դնում է գետնին, բացում պարկի բերանը, հանում տարբեր
չափերի քարերն ու մինչև հիմա որոշում, թե ինչ մեծության և չափի քարերը թողնի իր
պարկում...
Պարկերը շալակած երկնքի արքայություն մտնելն անհնար է, մանավանդ, երբ թշնամին մեղքի միջոցով ներխուժել է մեր կյանք, իսկ մենք դեռևս որոշում ենք, թե ինչ չափի քարեր թողնել մեր պարկում...
Հովհաննես Մանուկյան