Գրքեր
1 Հունիս, Բշ Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օր
Ազնվազարմ Հռիփսիմեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, որ Գայանե մայրապետի հետ ապրել է Դիոկղետիանոս կայսեր օրոք (284-305 թթ) Հռոմի լեռներում գտնվող Ս. Պողոս վանքում: Հրաշագեղ կույսն իր շլացուցիչ գեղեցկությամբ գերում է կայսրին, որն անհապաղ կամենում է կնության առնել նրան: Բարեպաշտ կույսերը չկամենալով ենթարկվել կայսեր ցանկությանը, իրենց մայրապետի առաջնորդությամբ փախչում են Ալեքսանդրիա: Ավանդույթի համաձայն՝ տեսիլքով նրանց երևում է Սբ. Աստվածածինը և պատվիրում մեկնել Արարատյան երկիր` Հայաստան: Կույսերը գալիս են Վաղարշապատ: Ճանապարհին, Վարագա լեռան մոտով անցնելիս, Հռիփսիմեն Սբ. խաչափայտից մի մասունք, որը ժառանգաբար էր ստացել և միշտ կրում էր իր պարանոցին, ամփոփում է հայոց հողում: Այդ մասունքը հրաշքով գտնվում է 7-րդ դարում, որից հետո Հայ Առաքելական Եկեղեցին խաչի տոների շարքում սկսում է տոնել նաև Վարագա խաչի տոնը: Հայոց Տրդատ արքան, իմանալով կույսերի հետ կապված պատմությունը, ինքն է ցանկանում տիրանալ գեղեցիկ կույսին: Հռիփսիմեին բերում են պալատ, նրա հետ նաև Գայանեին, որպեսզի Հռիփսիմեին հորդորի չհակառակվել կայսերը: Սակայն Տրդատն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկատես Հռիփսիմեին և զայրացած հրամայում է սպանել բոլոր կույսերին: Նահատակ կույսերի նշխարներն ինն օր անց գտնում, հողին է հանձնում Սբ. Գրիգոր Լուսավորիչը, այնուհետև` վկայարաններ կառուցում: Հետագայում, հենց այդ վայրերում կառուցվում են Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե և Սբ. Շողակաթ եկեղեցիները: Կույսերի նահատակությունը շրջադարձային նշանակություն է ունեցել հայ ժողովրդի պատմության մեջ: Նրանց նահատակությունից հետո, 13-ամյա բանտարկությունից ազատ է արձակվել Սբ. Գրիգոր Լուսավորիչը, որ կոչված էր Քրիստոսի լույսը տարածելու հայոց աշխարհում: Հայ Առաքելական Եկեղեցում կույսերի հիշատակին նվիրված Սբ. Հռիփսիմյան և Սբ. Գայանյան կույսերի տոները նշվում են Հոգեգալստյան տոնից մեկ շաբաթ անց` երկուշաբթի և երեքշաբթի օրերին: Կույսերի հիշատակի տոների օրը Հայաստանի եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ: Երկու տոներն էլ ունեն իրենց նախատոնակը, որ կատարվում են տոների նախորդ օրը` երեկոյան ժամերգությունից հետո` Սբ. կույսերին նվիրված շարականների երգեցողությամբ: http://www.qahana.am
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․