26 Դեկտեմբեր, Եշ
Մագաղաթյա այս մատյանը Մաշտոցի անվան Մատենադարանի 10400 հայերեն ձեռագրերից մեկն է:
Սմբատ Գունդստաբլի (1208-1276) Ավետարանի հետ ունեցած մանրանկարչական նմանությունը և գրչությունը ենթադրել են տալիս, որ այն գրվել և նկարազարդվել է Կիլիկիայում, 13-րդ դարում: Ձեռագիրն այժմ ունի 292 մագաղաթյա թերթ, 23,5x17,7 մեծությամբ: Նկարներից շատերը պակասում են, կտրված են որոշ խորաններ: Ձեռագիրը Մատենադարանում կրում է 4060 համարը:
14-րդ դարի վերջին ձեռագիրը բերում են Երևան: Լենկթեմուրի առաջին արշավանքի սարսափը Երևանն արդեն զգացել էր.
«Եվ Երևան մեծ ավանին Արս հինգ հարյուր կոտորեցին…»:
Այդ ժամանակ Երևանցի Վիշապիկի որդի Հակոբը գնում է սույն Ավետարանը: Հակոբը մագաղաթյա Ավետարանի վերջում ավելացրած երկու թերթի վրա Բջնիի և Այրարատի Մանուել եպիսկոպոսին գրել է տալիս ձեռագրի գնման ու ընծայման պատմությունը, և ապա նվիրում է Երևանի Երկուերեսանի եկեղեցուն:
Ավետարանը, ի պատիվ ընծայողների, կոչվում է «Վիշապկենց Ավետարան» և մի քանի դար մնում է այդ եկեղեցում:
15-րդ դարի վերջին Երևան մայրաքաղաքի Երկուերեսանի եկեղեցու սպասավոր և Ավետարանը նորոգող Ներսես Մոկացին հավաստում է, որ «Վիշապկենց Ավետարան»-ը այդ ժամանակ արդեն հռչակված էր իր զորությամբ, և բազմաթիվ երևանցիներ ականատես էին եղել նրա «բժշկության զորությանը»: Ավետարանը Երկուերեսանի եկեղեցում արդեն «Զորավոր Ավետարան» է կոչվել:
Հավանաբար հետագայում «Զորավոր Ավետարան»-ը տեղափոխվում է Ս. Անանիա առաքյալի անապատում կառուցված Ս. Աստվածածին եկեղեցի, և նորակառույցը հռչակավոր Ավետարանի անունով հայտնի է դառնում որպես «Զորավոր» եկեղեցի:
Հայ ժողովրդի գրասիրության բազմաթիվ օրինակներից մեկն է սա: Միջնադարում հայերեն ձեռագրեր գրում էին որևէ սրբավայրի հովանավորության տակ: Պատահել է նաև, որ ձեռագիրն ընդօրինակվել է «ընդ հովանեաւ Երկաթագիր Ավետարանիս» կամ «Կարմիր Ավետարանիս»: Ավելի խոսուն է երևանյան փաստը:
Սուրբ Աստվածածնին նվիրված եկեղեցին իր անունը զիջում է Մաշտոցածին մատյանին: Գրի անմահությունը և զորությունը խորհրդանշող հուշարձան է Երևանի Զորավոր եկեղեցին: Այն մի քանի անգամ հիմնահատակ լինելուց և որպես Սուրբ Աստվածածին վերակառուցվելուց հետո շարունակում է կոչվել Զորավոր:
Այդպես էր կոչվում նա նույնիսկ այն ժամանակ, երբ «Զորավոր» ձեռագիրը բացակա էր Ս. Զորավոր եկեղեցուց: Այդպես է կոչվում եկեղեցին նաև այսօր:
Հայտնի չէ, թե երբ և ինչ պարագաներում է Վիշապկենց Ավետարանը տարվել Արտազի Ս. Թադևոս առաքյալի վանք: Այնտեղից ձեռագիրը բերվել է Էջմիածին 1911-ին, իսկ 1939-ին՝ կրկին Երևան: Բայց այս անգամ այն չի հանգչում «ի դուռն Երկուերեսանի եկեղեցու», որը վաղուց հողին էր հավասարվել, այլ «ընդ հովանեաւ» Մաշտոցյան Մատենադարանի, հպարտ իր կեսհազարամյա երևանաբնակությամբ, նաև Երևանի Երկուերեսանի Ս. Նշան եկեղեցու և երևանցի Հակոբի գրասիրության մագաղաթյա վկայական լինելով:
Կազմեց Արևիկ Համբարյանը