«Կույր է միտքը, եթե չի խոկում Աստծո մասին, համր է, եթե չի աղոթում, խուլ է, եթե չի լսում Աստծո պատվիրանները, մեռած է, եթե չի սիրում Աստծուն, թշնամի է Աստծուն, եթե սիրում է այն, ինչ ատում է Աստված. ամբարշտություն է՝ խնդրել Աստծուց այն, ինչ Նա չի կամենում» (Պողոս Պատրիարք):
«Զգո՛ւյշ եղիր, չլինի թե մտքումդ ծածուկ չար բան լինի» (Երկրորդ Օրենք 15.9): Աստծո խոսքը մեզ ուսուցանում է զգուշավորություն, քանի որ մարդը հակված է մեղանչել նաև իր մտածումներում:
Սուրբ Բարսեղ Կեսարացին հորդորում է՝ ասելով. «Հսկիր քո վրա», ապա ներկայացնում է, որ մարմնի գործողությունները պահանջում են ժամանակ, հարմար առիթներ, ջանք, նպաստավոր պարագաներ և ուրիշ բազում տեսակի հանգամանքներ: Մինչ մտքի շարժումները կատարվում են ցանկացած պահի, գործվում են առանց ջանքի, կազմվում են առանց դժվարության, որևէ առիթ նպաստավոր է մտածումների համար:
Սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթաշարքից մեկում (ԺԱ) խնդրում ենք Քրիստոսից. «Հոր իմաստությո՛ւն Հիսուս, տո՛ւր ինձ իմաստությունը՝ ամեն ժամ Քո առջև բարին խորհելու, խոսելու և գործելու, և փրկի՛ր ինձ չար խորհուրդներից, խոսքերից և գործերից. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս»:
Կարևոր են մեր մտքերը. թե՛ չար և թե՛ բարի խոսքերն ու գործողությունները մտքից են ծնվում: Կյանքը փոխվում է դեպի լավը, երբ մարդը հրաժարվում է վատ մտքերից՝ շրջապատելով իրեն միայն բարի մտքերով:
Սուրբ հայրերը՝ եկեղեցու ուսուցիչները, միտքը մաքուր պահելու մասին բազմաթիվ խրատներ են տալիս. չապրել մտացրիվ կյանքով, հավատքով դիմակայել և չսնել չար մտածումները, խորշել մարդահաճ մտքերից, սանձել միտքը, հիշաչարությամբ չմթագնել մտքերը, դադարեցնել դատելը մերձավորին, հեռու մնալ անառողջ ընթերցանությունից, չար խոսքերից և ընկերակցությունից:
Չար մտքերի դեմ պատերազմելու համար եկեղեցու հայրերը մատնանշում են նաև հետևյալ հզոր զենքերը՝ սեր, հավատ, հույս, հեզություն, աղոթք, պահք, Սբ. Հաղորդություն: Իսկ թե ե՞րբ և ինչպե՞ս կիրառել այս զենքերը, առավել մանրամասնորեն կիմանանք՝ կարդալով կայքի «Խրատներ հայրերից» բաժնի «Մտքի մասին» ենթաբաժնի խրատները:
Ահա նրանցից մեկը մեզ խրատում է. «Նվիրաբերիր օրվա սկիզբը Տիրոջը, քանի որ ում առաջինը տաս քո մտքերը, նրան էլ կպատկանի օրը: Մի հանճարեղ այր այս պարագայի համար ասաց ինձ. «Առավոտյան արթնանալիս ես արդեն իմանում եմ իմ ամբողջ օրվա ընթացքը» (Հովհաննես Սանդուղք):
Կազմեց Կարինե Սուգիկյանը