Գրքեր

Հայրերի վարքից

1. Եղբայրը հարցրեց ծերին. «Ի՞նչ անեմ ես, պիղծ մտքերը սպանում են ինձ»: Ծերը պատասխանեց. «Երբ կինն ուզում է իր երեխային կրծքից կտրել, ապա պտուկներին որևէ դառը բան է քսում: Երբ երեխան սովորության համաձայն դեպի կուրծքն է ձգտում, դառնությունը զգալով՝ հրաժարվում է դրանից: Դու էլ քո մտածմունքներին դառնություն խառնիր»: Եղբայրը հարցրեց. «Ո՞րն է այդ դառնությունը, որ ես պետք է խառնեմ»: Ծերը պատասխանեց. «Մահվան ու այն չարչարանքների մասին հիշողությունը, որ պատրաստված է մեղավորների համար»(Հարանց վարք):

2. Մի ջանադիր վանական հարձակման ենթարկվելով հայհոյիչ մտքեր հարուցող դևից, քսան տարի տանջանքների ենթարկեց իր մարմինը պահքով և հսկումներով, բայց ոչ մի օգուտ չստացավ դրանցից, այդ ժամանակ գրելով այս փորձությունները թղթի վրա, գնաց մի սուրբ ճգնավորի մոտ, որպեսզի նրանից բժըշկություն ստանա: Եվ հանձնելով թուղթը, խոնարհվեց մինչև գետին, չհամարձակվելով նայել նրան: Ծերը կարդալով գրվածը, ժպտաց և բարձրացնելով եղբորն ասաց. «Դիր ձեռքդ, որդյակս, պարանոցիս», և երբ եղբայրն արեց այդ, ծերն ասաց նրան. «Քոնը չէ այս մեղքը, եղբայր իմ, քանի տարի էլ որ դա շարունակվեր, բայց էլ չի շարունակվի, միայն թե դու դրանց բանի տեղ մի դիր»:

Այս բանից հետո վանականը հավատացնում էր. «Դեռ չէի հասցրել դուրս գալ ծերի խցից, երբ այս կիրքը իսկույն հեռացավ ինձանից» (Հարանց վարք):

3. Հայր Եսային հարցրեց հայր Պիմենին շնության, անառակ մտածմունքների մասին: Պատասխանեց նրան հայր Պիմենը. «Եթե հագուստով լի սնդուկը մի տարի թողնեն առանց հետևելու, ապա այնտեղ եղած շորերը կփտեն ու կփչանան: Այդպես էլ մտածմունքերի հետ է լինում: Եթե չարի ներշնչած մտքերը իրականում չկատարենք, ապա դրանք ժամանակի ընթացքում կթուլանան ու կոչնչանան (Հարանց Վարք):

4. Մի եղբայր, որ ճգնում էր իր խցում, եկավ հայրերից մեկի մոտ և խոստովանեց իր պարտությունը զանազան մտածումներից: Ծերն ասաց նրան. «Դու վայր ես դրել մի զորավոր զենք՝ Աստծո վախը, և ձեռքդ ես վերցրել մի թույլ եղեգ՝ մեղավոր մտածումներին հակաճառելը: Թող այդ և զինվիր հրեղեն սրով՝ Աստծո վախով, և երբ մոտենան քեզ մեղավոր մտքերը, ապա Աստծո վախի կրակը կայրի դրանց, ինչպես հարդ: Ովքեր Աստծո վախն ունեն, ցանկությունները չեն այրի նրանց (Հարանց Վարք):

5. Մի վանահայր գիշերեց անապատի վանքից մի ծերի մոտ: Տեսնելով ծերի և նրա աշակերտների ճգնողական վարքը հարցրեց. «Դուք ունե՞ք որևէ հայտնություն Աստծուց»:

«Չունենք»,- պատասխանում է ծերը: Այնժամ վանահայրն ասաց. «Մենք անցկացնում ենք ոչ այդքան երկար աղոթակարգ, ինչպես դուք, բայց Աստված բացում է մեզ համար բոլոր գաղտնիքները: Դուք այդպիսի հսկմամբ, պահեցողությամբ և լռակյացությամբ սխրանք եք կատարում և դեռ ասում եք, որ Աստված ոչ մի գաղտնիք չի բացում ձեզ: Դա նրանից է, որ դուք ձեր սրտերի մեջ ընդունում եք մեղավոր մտքեր, որոնք հեռացնում են ձեզ Աստծուց, և Աստված ձեզ չի բացում իր գաղտնիքները»:

Հայրերը լսելով այս, զարմացան և միմյանց ասացին. «Այո՛, պիղծ մտքերը հեռացնում են Աստծուց» (Հարանց Վարք):

 

04.11.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․