Գրքեր

Օրհնություն ու արձակում

Սբ. Պատարագի չորրորդ մասը՝ Օրհնությունն ու արձակումը, գոհաբանական և վերջին օրհնությունից հետո ժողովրդի արձակումն է:

Վարագույրը բացվում է: Քահանան խորանի վրա բարձրաձայն ասում է Սբ. Հովհան Ոսկեբերանի խմբագրած աղոթքներից մեկը՝ «Որ օրհնես զայնոսիկ, որք օրհնեն զՔեզ, Տէր…»-ը՝ ուղղված առ Աստված: Պատարագիչը այս աղոթքի չորրորդ տան վերջում «Եւ ամենայն ժողովրդեանս» ժողովրդին է դառնում և օրհնում խաչով կամ Ավետարանով: Այս ընթացքում հավատացյալները պետք է հիշեն ամբողջ աշխարհի վրա գտնվող իրենց քրիստոնյա եղբայրներին, իրենց սեփական երկիրը, աշխարհական իշխանություններին և ընդհանուր մարդկությանը: Աղոթքը վերջացնելով՝ քահանան, իր ձեռքը վերցնելով Սբ. Ավետարանը և համբուրելով Սբ. Սեղանը, սարկավագների հետ հարավային՝ ձախ կողմով իջնում է բեմից: Այս ընթացքում դպիրները երգում են փառաբանական երգ. «Եղիցի անուն Տեառն օրհնեալ, յայսմհետէ մինչեւ յաւիտեան» (երեք անգամ):

Ինչպես քահանան արարողության սկզբում սաղավարտը գլխին բեմ բարձրացավ, այդպես էլ պիտի իջնի, քանի որ քահանան Քրիստոսի օրինակն է, իսկ Քրիստոսն ինչպես երկինք բարձրացավ, այդպես էլ պիտի վերադառնա դատելու մարդկանց՝ ըստ իրենց գործերի:

Այնուհետև քահանան դասի մեջ, դեմքը խորանին է դարձնում և ասում «Մարգարեների և օրենքների ամբողջացումը Դո՛ւ ես, մեր Փրկիչ Քրիստոս Աստված, որ լիությամբ կատարեցիր Քո հայրակամ տնօրինությունը: Նաև մեզ լիացրո՛ւ Քո Սուրբ Հոգով» աղոթքը: Բոլոր օրենքները և մարգարեները Քրիստոսի մասին խոսեցին, Ով եկավ ու կատարեց Իր տնօրինությամբ: Եվ ամեն ինչ կատարեց Հոր կամքով: Ուստի պատարագիչը պաղատում է՝ ասելով. «Մեզ ևս լցրու Քո Սուրբ Հոգով»:

«Կատարումն օրինաց» աղոթքը Սբ. Բարսեղի Պատարագից է վերցված: Հայկական Պատարագի մեջ ընդգրկվել է 12-րդ դարում:

Ժողովրդին արձակելուց և վերջին օրհնությունը տալուց առաջ պատարագիչը ընթերցում է Հովհաննու Ավետարանից մի հատված (Հովհաննես 1:1-14): Ավետարանի «Եւ Բանն մարմին եղեւ եւ բնակեաց ի մեզ» խոսքերը Սբ. Պատարագի խորհուրդի վարդապետության հիմքն են կազմում: Այս խոսքերը լսելով՝ հավատացյալները պետք է գիտակցեն, թե Հաղորդության միջոցով է, որ Աստծու խոսքերը բնակվում են իրենց մեջ: Ավետարանի այս ընթերցումը վերջերս ընդունված հավելում է՝ նվիրագործված Հայ եկեղեցու հայրապետների կողմից: Վերջին Ավետարանը՝ իրեն հետևող քարոզով և աղոթքով, հայկական Պատարագի մեջ ներմուծվել է 17-րդ դարի վերջում: Նույն դարի սկզբում կարդում էին Հովհաննես 21:15-19 հատվածը: Ավելի ուշ, այս հատվածի տեղը որդեգրվեց ներկայիս գործածվելիք Հովհաննես 1:1-14 հատվածը՝ հետևելով լատինական ծեսի օրինակին:

Ավետարանի վերջում դպիրները գոչում են. «Փա՛ռք Քեզ, Տէ՛ր Աստուած մեր», որից հետո սարկավագը «Սուրբ խաչիւս» խաչի քարոզն է կարդում:

Ապա «Պահպանիչ» աղոթքով քահանան օրհնում է ժողովրդին, և «Օրհնեալ եղերուք ի շնորհաց Սուրբ Հոգւոյն» ասելով և տյառնագրելով՝ խաղաղությամբ արձակում է ժողովրդին: Պատարագիչը ժողովրդին արձակում է Ավետարանով՝ խաչաձև օրհնելով: Հանդիսավոր արարողությունների ժամանակ, երբ կանգնած են տարբեր նվիրապետական աստիճաններ ունեցող հոգևորականներ, խաչով օրհնությունը կատարում է ավագագույն և հանդիսապետող հոգևորականը: Այս պահին նրանք, ովքեր ցանկանում են համբուրել Սբ. Ավետարանը, մոտենում են և համբուրում՝ ասելով. «Մեղայ Աստծոյ», որին պատարագիչը պատասխանում է. «Աստուած թողութիւն շնորհեսցէ»: Քահանայի օրհնությունից ու արձակումից հետո հավատացյալները պետք է գիտակցեն, որ իրենց հետ տանում են Տիրոջ օրհնությունն ու Սբ. Հոգու շնորհները:

Այնուհետև ավանդատուն մտնելով՝ պատարագիչը հանում է Պատարագի զգեստները:

Անհրաժեշտ է, որ Սբ. Պատարագին սկիզբից մինչև վերջ մասնակցենք, որպեսզի Սբ. Պատարագի երկնաբեր շնորհն ու օրհնությունները վայելենք: Հավատացյալները պետք է ջանան միասին տանել Աստծու օրհնությունները՝ իբրև զորավիգ իրենց առօրյա կյանքի:

 

Օգտագործված գրականության ցանկ՝

1. «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002թ.

2. Վազգեն Ա կաթողիկոս, «Մեր Պատարագը», Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1988թ.

3. Պատարագամատոյց Հայաստանեայց եկեղեցւոյ,

4. Սարգիս քհնյ. Սարգիսեան, «Սուրբ Պատարագի խորհուրդը», Il Mistero Della Santa Messa, 1980թ.

5. Պատարագամատոյց ըստ արարողութեան Հայաստանեայց Առաքելական Սուրբ եկեղեցւոյ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2002թ.

6. Ղեւոնդ արքեպիսկոպոս Չէպէյեան, «Հայ եկեղեցւոյ եօթը խորհուրդները», Անթիլիաս-Լիբանան, 1988թ.

7. Վաչե ծ. վրդ. Իգնատիոսյան, «Մեր Ս. Պատարագը», Երևան, 1999թ.

8. Անդրանիկ ծ.վրդ. Կռանեան, «Հայ ծիսական պաշտամունքը», Պեյրութ, 2001թ.

9. Խորէն աւագ քահանա Փէհլիվանեան, «Համառօտ բացատրութիւն տօնից եւ ծիսից Հայաստանեայց Առաքելական Ուղղափառ Սբ. Եկեղեցւոյ», Կ. Պոլիս, 1898թ.

10. Տիրան արքեպիսկոպոս Ներսոյեան, «Համառօտ մեկնութիւն Պատարագամատոյցի Հայաստանեայց Առաքելական ուղղափառ եկեղեցւոյ», Փարիզ, 1999թ.

11. Հովհաննես Արճիշեցի, «Մեկնություն Պատարագի», Սբ. Էջմիածին, 1999թ.

12. Խորհրդատետր Սրբոյ Պատարագի ըստ ծիսի Առաքելական Սուրբ եկեղեցւոյ Հայաստանեայց, Վաղարշապատ, 1880թ.:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

No results found.

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․