25 Նոյեմբեր, Բշ
Սակայն մեզ սիրում են, և դա ուժ է տալիս
Ուղղափառ մարդու համար ամենամեծ դժվարությունը Քրիստոսի մասին խոսելն է։ Բառերը չեն հերիքում։ Ոգեշնչումը սպառվում է։ Հայացքը՝ մարում։
Դեռ մեկ րոպե առաջ «պիոներական» եռանդով պատմում էիր հայր Պաիսիոսի, Աթոսի հնությունների մասին, հիշատակում արտասվող սրբապատկերները, և հանկարծ քեզ կոպտորեն ընդհատում են․
- Պատմի՛ր Հիսուսի մասին։
Իսկ ի՞նչ ասես Նրա մասին։ Խորը հոգոց հանելով ասում ես․ «Չարչարեալ, խաչեալ, թաղեալ, յերրորդ աւուր յարուցեալ․․․»
Ամեն ինչ արդեն հազար անգամ ասվել ու երգվել է․ Միասնական Էություն և Մեկ Դեմք երկու բնություններից․․․
Տե՛ր։ Արդյո՞ք կներես մեզ, որ ամեն անգամ աշխարհի ամենաձանձրալի տեղն ենք հատկացնում Քեզ։ Պատկառելի խոսքերի հորդանքը ջանադրաբար թանձր ու կպչուն մոխրով է պատում Ավետարանի կենարար կրակը։ Իսկ չէ՞ որ այնտեղ ամեն բան այնքա՜ն պարզ է։
- Ի՞նչ ընտրել՝ քրիստոսաբանական 800 էջանոց տրակտա՞տը, թե՞ Ավետարանի ամենակարճ տողը։
- Ամենակա՞րճը։ Այո, հարմար է մեզ։
- Ուրեմն գրի առ՝ Հովհաննեսի 11։35։
ἐδάκρυσεν ὁ Ἰησοῦϛ - Եվ Հիսուս արտասվեց։
Միայն երեք բառ։ Ավելի ճիշտ՝ երկու բառ և մի շաղկապ։ Ավելի կարճ տող Նոր Կտակարանում չես գտնի։ Սակայն այնքա՜ն զորություն ու կշիռ կա այդ տողում, որ աստվածաբանական բոլոր ակադեմիաները փետուրից էլ թեթև են դրա համեմատ։
Աստված ուներ ընկեր
Գարուն էր, և շատ շուտով պետք է տեղի ունենային աշխարհի ամենազարմանալի իրադարձությունները։ Անգամ Հրեաստանի և Գալիլիայի օդում մի այնպիսի տագնապալի զգացողություն կար, որ մարդիկ ուղղակի քարանում էին և զննողաբար այս ու այն կողմ նայում՝ ինչ-որ արտասովոր բանի սպասումով։ Երկրային ամեն ինչ տափակ ու աննշան էր թվում, երկնքից սպասում էին նշաններ կամ հրեշտակապետի փողի հանդիսավոր ձայնը։
Իսկ Քրիստոս աշակերտների հետ շրջում էր փոքրիկ քաղաքներով, և առաքյալները որսում էին Վարդապետի ամեն մի խոսքն ու այնպիսի վսեմ տրամադրության մեջ էին, որ Ղազարոսի մահվան բոթը մի փոքր խաթարեց ընդհանուր փառավոր տրամադրությունը։
- Եկե՛ք մենք էլ գնանք, որ նրա հետ մեռնենք,- հանդիսավորությամբ ասաց Թովմաս առաքյալը։
Սակայն Հիսուս ոչինչ չպատասխանեց նրան։
Թաղումից չորս օր էր անցել, իսկ բոլորը լաց էին լինում։ Եվ տունը լի էր ընկերներով, որ եկել էին մխիթարելու։
Ավետարանիչն այսպես հանգիստ գրում է․ «Շատերը եկել էին, որպեսզի նրանց մխիթարեն իրենց եղբոր մահվան համար»։ Իսկ ի՞նչ է նշանակում մխիթարել։ Մի՞թե ընդհանրապես հնարավոր է մխիթարել մարդուն։ Որքան էլ խորհես անխուսափելիի մասին, որքան էլ պատրաստվես՝ չի օգնում։ Ահա դագաղը։ Իսկ դրա մեջ պառկած է նա, ով ամենաթանկն է քեզ համար։ Եվ չգիտես ինչու միայն այժմ ես հանկարծ հասկանում, թե նա որքան թանկ էր քեզ համար և որքան ես սիրում այդ մարդուն։ Ինչպե՞ս մխիթարես այս պարագայում։ Մի՞թե կան այդպիսի բառեր։
Եթե անգամ Հիսուս չգտավ համապատասխան բառեր։
Մարթան Նրան դիմավորում է վատ թաքնված կշտամբանքով․ «Տե՛ր, եթե դու այստեղ եղած լինեիր, իմ եղբայրը մեռած չէր լինի. բայց հիմա էլ գիտեմ, թե ինչ էլ որ Աստծուց ուզես, Աստված քեզ կտա»:
Հիսուս պատասխանում է․
- Քո եղբայրը հարություն կառնի։
- Գիտեմ, որ հարության ժամանակ վերջին օրը հարություն կառնի։
- Ես իսկ եմ հարություն և կյանք. ով հավատում է ինձ, թեպետ և մեռնի, կապրի. և ով կենդանի է ու ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի: Հավատո՞ւմ ես այս բանին։
- Այո՛, Տե՛ր, ես հավատում եմ, որ դո՛ւ ես Քրիստոսը՝ Աստծու Որդին, որ աշխարհ էիր գալու։
Ապա Քրիստոս գնում է ննջեցյալի տուն և կրկին լսում ծանոթ կշտամբանքը այժմ արդեն մյուս քրոջից՝ Մարիամից։ Նույն խոսքերը։ Հավանաբար քույրերն իրար մեջ արդեն որոշել են մեղավորին․
- Տե՛ր, եթե դու այստեղ եղած լինեիր, իմ եղբայրը մեռած չէր լինի։
Աստծուն մեղադրում են մահվան մեջ։ Երբ ինչ-որ մեկը մահանում է, Աստծուն ամենից շատն է հասնում։
Ժամանակակից մարդն ավելի բացահայտ կասեր․
- Տե՛ր, եթե Դու լինեիր, ապա եղբայրս մեռած չէր լինի։ Եթե Դու լինեիր, ապա կիմանայիր, թե ինչ է ընկերոջը թաղելը։
Սակայն հենց այնտեղ՝ Բեթանիայում, Քրիստոս թաղում էր ընկերոջը։ Նա Ինքը նրան այդպես կոչեց․ «Մեր բարեկամ (φίλος) Ղազարոսը ննջել է» (Հովհ․ 11։11)։ Հիսուս իր ընկերոջ դագաղի մոտ կանգնած էր ոչ որպես փառապանծ մարգարե, այլ որպես մարդ, որն անչափ տխուր է և այնքան վատ է զգում իրեն, որ ավետարանիչը սգացող Ընկերոջ վիճակը նկարագրում է ἐμβριμάομαι բացառիկ բայով։ Արտասանեք այն՝ «էմվրիմաոմե», ասես կրծքիցդ արձակվող թնդյուն լինի, վշտի ու վտանգի թնդյուն։
Այս բառը մի քանի իմաստ ունի՝ սգալ, հուզվել, մռնչալ, ողբալ, խիստ հրամայել։ Երբ Փրկիչը բժշկեց երկու կույրերին, խիստ հրամայեց նրանց, որպեսզի ոչ ոքի չասեն այդ մասին՝ ἐμβριμάομαι (Մտթ․ 9։30)։ Միևնույն բայն է գործածում նաև Մարկոս ավետարանիչը Քրիստոսի խիստ կարգադրությունը փոխանցելու համար, որպեսզի բորոտությունից ապաքինվածը ոչ ոքի չասի դրա մասին՝ ἐμβριμάομαι (Մրկ․ 9։30)։ Իսկ ահա զայրացածները մռնչում են անուշահոտ յուղով Հիսուսի ոտքերը լվացող կնոջ վրա թանկարժեք յուղը վատնելու համար՝ ἐμβριμάομαι (Մրկ․ 14։5)։ Ղազարոսի հարության պատմության մեջ այդ բայը հանդիպում է երկու անգամ, և միանգամայն նրբանկատ կերպով է թարգմանվել։ Հիսուս «Ինքն Իր մեջ խռովվելով» մոտեցավ ընկերոջ գերեզմանին (Հովհ․ 11։38), թեև ավելի ճիշտ կլիներ ասել, որ Նա տնքում էր վշտից։ Դրանից մի փոքր առաջ այդ բայը հնչում է կարևոր լրացումով՝ լաց լինող քույրերին տեսնելով՝ Քրիստոս սաստիկ խռովվեց Իր հոգում (Հովհ․ 11։33)։ «Հոգում խռովվելը» կրքից արձակվող թնդյունն է, իսկ հուզվելը կամ վրդովվելը ταράσσω բայն է, որ տառացիորեն նշանակում է, որ Հիսուս ուղղակի ցնցվում էր վշտից ու արտասուքից՝ ἐδάκρυσεν ὁ Ἰησοῦϛ Հիսուս արտասվեց (Հովհ․ 11։35)։
Ղազարոսի հարության պատմությունն անհավանական հրաշք է, որը, սակայն, կոտրում է կրոնական գրականության բոլոր ժանրերը։ Այդպես չի կարող պատահել, չպետք է այդպես լինի։ Ամենակարող հրաշագործը, որը նաև այս աշխարհի Արարիչն է, պարտավոր է «հարգը բարձր պահել», ավելի մեծ վսեմություն և ցավի ու տառապանքի նկատմամբ արհամարհանք ցուցաբերել։ Նրա շարժուձևը պետք է ավելի վեհ ու արքայական լինի, իսկ խոսքերը՝ հատու և միակուռ, որպեսզի պատմության մեջ մտնի անպարտելի իշխանության և զորության հաղթանակով։
Բայց Քրիստոս չի կարող անգամ մխիթարության օրինակ ծառայել։ Իսկ քահանան, որ ամեն օր առնչվում է մահերի հետ, խիստ կարիք ունի նման օրինակի։
Քրիստոս չի մխիթարում։ Որովհետև մահվան մեջ անհնար է մխիթարությունը։ Այդպիսի բառեր չկան։ Շատ ես ուզում գտնել այդ բառերը կամ մտքերը, սակայն ամեն ինչ հօդս է ցնդում, երբ առերեսվում ես հարազատի մահվանը։
Իսկ շուրջբոլորդ այնքան շատ մահ կա, որ ժամանակ առ ժամանակ չափահաս մարդը անսպասելիորեն մաշկով զգում է, որ մահը այսօր չափազանց մոտ էր իրեն։ Այն ոչ մի տեղ չի էլ գնում, ուղղակի իր կախարդական շրջաններն է գծում շուրջդ տարիներ շարունակ, սակայն յուրաքանչյուր տարվա հետ այդ շրջանները սեղմվում են։
Տարի առանց թվի
2019-ին ես մտածել անգամ չէի կարող, թե ինչպիսին կլինի երկու հազար քսանը։ Այդ տարին այնպես վախեցրեց շատերին, որ վախենում են անգամ թվերով գրել այն։ Քանի՜ մահ ու ինչպիսի՜ ողբերգություն։
Իմաստուն մարդիկ հանգիստ ընդունեցին այդ ամենը․ նրանք երբևէ չեն էլ վստահել մեր ոչ վաղ անցյալի բարեկեցությանը և մշտապես հիշել են, որ մարդիկ մահկանացու են։ Մենք այստեղ մենակ չենք գալիս, այլ մի ողջ սերնդով, և երբ մեր ժամը հասնում է, նույն կերպ էլ հեռանում ենք՝ մեր սենդով, ոչ միանգամից, այլ ամեն մեկն իր ժամին, ուստի իմաստուն մարդուն երբեք էլ չի հուզել նորաձև շինծու-հուզիչ հեծկլտոցը․ «Մահը մենավոր բան է»։ Ո՛չ։ Մի սերնդով եկել ենք, մի սերնդով էլ հեռանում ենք։ Եթե մերոնք բոլորն արդեն այնտեղ են, ապա ինձ ի՞նչ է մնում այստեղ անելու։
Օլգա Լեոնարդովնա Կնիպպեր-Չեխովան ամուսնուց հետո ապրել է 55 տարի։ Նա երկարակյաց էր, ապրել է համարյա հարյուր տարի, սակայն հաճախ կրկնում էր․ «Ես ամաչում եմ ապրել», նկատի ունենալով, որ նրա բոլոր ընկերներն ու հարազատները, նրա սերունդն արդեն այնտեղ է, և իր այստեղ մնալն անպատշաճ է։
․․․․Որովհետև մարդիկ սերնդով են մեռնում։
Սակայն դրանից ավելի հեշտ չի դառնում։
Երկու հազար քսանի աշնանը մահացավ իմ մորաքույր Աննա Միխայլովնան։ Մենք նրան Նյուշա էինք կոչում թեթև բնավորության և ամեն պահի ծիծաղելու պատրաստակամության համար։ Մի օր նրա ջերմությունը անսպասելիորեն բարձրացավ, շնչահեղձություն սկսվեց և չկարողացան նրան փրկել։ Բոլորն էլ հիվանդ էին, սակայն ոչ մեկի մտքով չէր անցնում, որ մեր Նյուշենկան հանկարծ կհեռանա Բարի Աստծու գիրկը։ Ախր նա այնքա՜ն էր սիրում կյանքը, և կարող եմ ենթադրել, որ հենց ինքն էլ հեռանալու համաձայնություն էր տվել Աստծուն, որովհետև չէր ուզում պառավել։
Նա թաղել էր ծնողներին, քրոջը, ավագ եղբորը, և նրա ընկերներից ու հարազատներից շատերն արդեն հողի տակ էին։ Հավանաբար մարդու համար ավելի հեշտ է մեռնել, երբ գիտի, որ այն աշխարհում իրեն սպասում են սիրելի մարդիկ, ոչ միայն նրանք, ում ինքն է սիրում, այլև նրանք, ովքեր սիրում են իրեն, որն ավելի կարևոր է։
Ես աղոթում էի Նյուշայի համար ու մտածում՝ իսկ այն աշխարհում կա՞ն մարդիկ, որ ինձ սիրում են։ Ո՞վ է պատրաստ այնտեղ ինձ ընդունելու։ Ո՞վ է սպասում ինձ այնտեղ։ Արդյո՞ք որևէ մեկը սպասում է։ Մի ֆիլմ կար անբուժելի հիվանդ տղայի մասին, որը դանդաղորեն մեռնում էր, իսկ նրա կրտսեր եղբայրն անվերջ մխիթարում էր նրան․ «Մի՛ վախեցիր։ Այնտեղ բոլորը կցանկանան ընկերանալ քեզ հետ»։
Իսկ ինձ հետ ո՞վ կցանկանա ընկերանալ այն աշխարհում։
Ո՞վ է ինձ սիրում, հենց ինձ, այլ ոչ թե իմ կերպարը։
Քրիստոնյայի համար պետք է մի պատասխանը բավական լինի․
Աստված սիրում է քեզ։
Պետք է բավական լինի։
Իսկ ինձ համար բավակա՞ն է։
Ինչո՞ւ ես ի վիճակի չեմ զգալու այս ցնցող ճշմարտության ողջ զորությունը։
Աստված սիրում է ինձ։
Նորմալ մարդու ողջ ներքնաշխարհը պետք է գլխիվայր շրջվի այդ լուրից։
Պետք է։
Նորմալ մարդու։
Ինձ չի հուզում։
Ես սառն եմ։
Միգուցե ընդհանրապես քրիստոնյա չե՞մ։
Մի՞թե քրիստոնեությունը դրանից չի սկսվում, բացահայտումից, որ Աստված ինձ սիրում է։
Եթե անկեղծ, ապա ես գիտեմ, հաստատ գիտեմ, որ Աստված սիրում է ինձ։ Խնդիրն այն է, թե արդյո՞ք հավատում եմ, որ Աստված սիրում է ինձ։
Երբ Տերը մխիթարում էր սգացող Մարթային, ուղղակի ասաց նրան՝ քո եղբայրը հարություն կառնի, և Մարթան շտապով ընդհատեց՝ գիտեմ, որ հարություն կառնի։ Գիտեմ և՛ հարության մասին, և՛ քավության, և՛ Երրորդության դավանությունն է վերլուծված, սակայն այդ ամենը բավարար չէ Քրիստոսին, և Նա հարցնում է՝ հավատո՞ւմ ես, որ եղբայրդ հարություն պիտի առնի։ Հավատի ու իմացության վեճը ոչ թե աշխարհիկ գիտության ու հոգևոր ակադեմիաների միջև է, այլ քրիստոնեական յուրաքանչյուր սրտում։ Եվ խնդիրը հոգեբանական ճնշումը չէ, թեև դա էլ կարող է լինել՝ հավատալու անընդունակությունը, որ ինչ-որ մեկն իսկապես կարող է սիրել քեզ։ Այդ վերքերը բուժել ավելի հեշտ է, քան հավատալ Աստծու սիրուն, բացվել դրան։
Քրիստոնեությունը չի կառուցվում քրիստոնեական բարեգործության ու եղբայրասիրության վրա, թեպետ դա անասահման կարևոր է։ Քրիստոնեության հիմքը նրանում չէ, որ մենք ենք սիրում Աստծուն, այլ նրանում, որ Աստված է սիրում մեզ։ Այդ ճշմարտությունը չի կարելի ուղղակի հաղորդել, տեղյակ պահել դրա մասին, որովհետև այդ սերը, ըստ Պողոս առաքյալի խոսքերի, գերազանց է, քան ամեն գիտություն (Եփես․ 3։19)։
Աստծու սիրո հայտնությունը շնորհ է։ Անհնար է Աստծու սերը «մշակել» քո մեջ՝ հուզավառությամբ ինքդ քեզ հասցնելով «աստվածային սիրո» վիճակին։ Աստծու սերը պարգև է, հայտնություն, որին պետք է բացվել, սակայն վերապրել կարելի է միայն Սուրբ Հոգով, ինչն, իհարկե, սովորական մարդուն ոչինչ չի բացատրում, սակայն կարող է ուղղորդել քրիստոնյային, որն իրեն նեղություն կտա՝ մտորելու Պողոս առաքյալի կարևորագույն խոսքերի մասին․ «Աստծու սերը սփռված է մեր սրտերում Սուրբ Հոգու միջոցով» (Հռոմ․ 5։5)։ Աստծու սիրո հայտնությունը կարելի է վերապրել միայն Սուրբ Հոգու միջոցով, դա Սուրբ Հոգու շնորհն է, իսկ եթե շնորհ է, ապա ես իրավունք չունեմ այն պահանջելու կամ դրան հավակնելու։
Եվ այդ ամենը մեր մասին է
Իմանալ Աստծու սիրո մասին չի նշանակում հավատալ Աստծու սիրուն։
Մենք չենք կարող հավակնել այդ շնորհին, բայց կարող ենք հետևել, թե Քրիստոս ինչպես էր բացահայտում Իր աշակերտների մեջ ոչ միայն մահվան ահը, այլև տանջանքի սարսափը հաղթահարող Աստծու սիրո այդ հայտնությունը։
Հովհաննես Աստվածաբան առաքյալին պատահաբար չէ, որ կոչում են սիրո առաքյալ, և հենց նրա տեքստերում այդ փորձի նրբերանգները արտահայտված են խիստ ճշտապահությամբ։
Ահա Հիսուսին հայտնում են Ղազարոսի հիվանդության մասին․ «Տե՛ր, ահավասիկ նա, ում դու սիրում էիր, հիվանդացել է» (Հովհ․ 11։3)։
Եվ մենք միանգամից տեսնում ենք «սիրել» բայը, որը փոխանցվում է հունարեն φιλέω հարգամեծար բառով, որը, սակայն, գործածելի է ավելի շուտ ընկերական հարաբերությունների, բարեկամական կապվածության պարագայում, այնպես որ առաքյալն իսկույն ուղղում է․ «Հիսուս սիրում էր Մարիամին, նրա քրոջը՝ Մարթային, և Ղազարոսին (Հովհ․ 11։5)։
Իսկ այստեղ արդեն ուրիշ բայ է՝ ἀγαπάω, այսինքն՝ խոսքն ավելի խորն ու միաժամանակ վեհ փորձառության մասին է։
Մարթան ու Մարիամը գիտեին իրենց հանդեպ Աստծու սիրո մասին, սակայն պատկերացնել անգամ չէին կարող, թե այն որքան մեծ է։ Այդպես էլ մենք անգամ թույլ չենք տալիս մեզ մտածել, որ Աստված կարող է այդպես սիրել մեզ։ Ավելին՝ մենք չենք կռահում ոչ միայն, թե Աստված ինչպես է սիրում մեզ, այլև, թե մենք ինչպես ենք սիրում Աստծուն։ Հովհաննեսի ավետարանի վերջին գլուխն ավելի լավ է կարդալ հունարեն, որովհետև այնտեղ հենց դրա մասին է։ Քրիստոս հրավիրում է առաքյալներին Իր հետ ճաշելու ծովեզերքին և հանկարծ ամենաանսպասելի հարցն է ուղղում Պետրոսին՝ սիրո՞ւմ ես ինձ։
Առաքյալի շփոթմունքն անգամ ընթերցողին է պատում։ Պետրոսը հաստատում է՝ իհարկե, սիրում եմ, դա չի քննարկվում։ Սակայն բնօրինակի տեքստը մեզ է փոխանցում խոսակցության կարևորագույն նրբերանգը․ Հիսուս սիրո մասին է հարցնում՝ օգտագործելով ἀγαπάω բայը, սակայն դա չափազանց վսեմ բառ է Պետրոսի համար, և նա երեք անգամ պատասխանում է ընկերական φιλέω -ով։ Պետրոսի համար արդեն բացահայտվել է Աստծու սերը, որը վեր է մարդկային հասկացությունից, սակայն նա դեռ պետք է իմանա Աստծու հանդեպ իր սիրո մասին՝ այնքան ուժգին ու սքանչելի, որի մասին նա դեռ չի էլ մտածում, մինչ ի մահ սիրո մասին, ահա թե ինչու է հիշատակվում Պետրոսի նահատակությունը այս երկխոսության վերջում։
Հիսուսի սիրո հայտնությունը Հովհաննես ավետարանչի համար իր քրիստոնեական կյանքի ամենակենտրոնն է, ահա թե ինչու է նա այդպես համառորեն խոսում իր մասին որպես աշակերտի, որին սիրում է Քրիստոս։ Կարող է թվալ, թե նա դրանով իրեն հակադրում է մյուս աշակերտներին, հատկապես՝ Պետրոսին, քանի որ «աշակերտը, որին Հիսուս սիրում էր» արտահայտության մեջ «կարված է» ἀγαπάω բայը․ Հովհաննեսին արդեն տրվել է այդ հայտնությունը, և նրանով, որ իրեն թույլատրված էր Խորհրդավոր ընթրիքի ժամանակ գլուխը դնել Հիսուսի ուսին, նա ոչ թե իր բացառիկությունն է ընդգծում, այլ մյուս աշակերտներին ևս կոչ է անում բացվելու այդ շնորհի առջև։
Անցյալ դարի վերջում Ֆրանսիայում մահացավ հայր Անդրե Ֆեստյուժյերը։ Նա ոչ միայն հոգևոր հովիվ էր, այլև մեծ գիտնական, հնագիտության գիտակ։ Շատերին էր հուզում, թե ինչպես էր բացարձակ աշխարհիկ ընտանիքում մեծացած նման ուսյալ մարդը մի օր դարձել հոգևորական։ Եվ հայր Անդրեն մի պատմություն էր պատմում այն մասին, թե ինչպես էր մի օր պատահաբար մտել եկեղեցի ու հանկարծ դարձել հավատացյալ։
- Ինչ-որ հրաշք է տեղի ունեցե՞լ, թե՞ քահանան է համոզել Ձեզ։
- Ոչ։ Եկեղեցին դատարկ էր։ Բայց ես անսպասելիորեն զգացի, որ սիրված եմ, ինձ սիրում են։ Աստված է սիրում ինձ։
Տարօրինակ բառ է՝ սեր։
Այնքան կարևոր ու այնքան նեղ։ Որքան բան ես ուզում տեղավորել դրա մեջ, որքան բան ես ուզում դրանով ասել, սակայն այնքան էլ նշանակալից ու ծանրակշիռ չի ստացվում, որքան կցանկանայիր։ Այս բառով է սկսվում քրիստոնեությունը և դրան է վերադառնում, և այս նեղ բառից բացի ուրիշ ոչ մի մխիթարություն ու դեղ չկա մահվան դեմ։
Իր կյանքի վերջում հայր Անդրեն կրկնում էր, որ ինքն այժմ միայն մեկ երազանք ունի՝ գլուխը դնել Հիսուսի ուսին։
Իսկ միգուցե կարիք էլ չկա՞ այդ բառերի՝ նեղ կամ անչափ, եթե Աստված կարող է սգալ ու արտասվել, սիրել ու ապրումակցել։ Իսկ մարդուն էլ ի՞նչ է հարկավոր՝ գլուխը դնել Սիրողի ու Սիրելիի ուսին։
Ծայրագույն վարդապետ Սավվա (Մաժուկո)
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը