Աղոթք հանուն Հայ եկեղեցու անսասանության

Հուլիսի 11-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ծխական խորհուրդը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ, ուխտագնացության մեկնեց Արագածոտնի թեմի սրբավայրեր: Հայ եկեղեցու անսասանությանն ուղղված ուխտավորների աղոթքի ուղին կանգ առավ Մուղնիի Ս. Գևորգ, Կարբիի Ս. Աստվածածին, Ուշիի Ս. Սարգիս եկեղեցիներում և Սաղմոսավանքում: Բոլոր սրբավայրերում ուխտավորները միասնական աղոթք հնչեցրին առ Տեր, որ Ամենակարողն Իր ամենազոր Աջով պահպանի և զորացնի Իր իսկ հիմնած Հայ եկեղեցին: Սուրբ հարկերից ներս ուխտավորների շուրթերից հնչեցին նաև Ս. Գևորգին, Ս. Աստվածածնին և Ս. Սարգսին ուղղված բարեխոսական աղոթքներ, որպեսզի Տերը, սրբերի բարեխոսությամբ, զորացնի հայորդիներին, որոնց զորավոր միությամբ էլ զորանում է սուրբ եկեղեցին:

«Լսի՛ր ինձ, Տե՛ր, Քո առատ ողորմածությամբ, Քո փրկության ճշմարտությամբ» (Սաղմ. 68:14). ի խորոց սրտի աղոթքներով հարստացած ուխտավորների աղոթքի ուղին ավարտվեց այն լիահույս հավատով, որ Տերն Իր ողորմածությամբ անսասան կպահի մայր եկեղեցին, և Տերը, երջանկահիշատակ Վազգեն Ա Կաթողիկոսի աղերսով՝ հավետ պահապան և մարտակից կլինի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, որ բոլոր ժամանակներում հայ ժողովրդի համար եղել է հավատքի սյուն և լույսի աղբյուր:

Անդրադառնալով ուխտագնացության նպատակին՝ Տեր Գրիգորն ասաց. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին ազգային եկեղեցի է, որ դարեր շարունակ և այսօր էլ իր խնամքն ու սերն է տածում իր զավակների հանդեպ: Որպես Հայ եկեղեցու զավակներ՝ նվիրական և սուրբ պարտք ունենք մեր խղճի և ապագա սերնդի առջև, այն, որ մեր լուման ունենանք Հայ եկեղեցու պայծառության և անսասանության նվիրական գործում: Եվ որպես հոգևոր անգին արժեքների ժառանգորդներ՝ նաև սուրբ առաքելություն ունենք, որ մեր հայրերի կողմից մեզ ավանդվածն անխաթար ու անվնաս փոխանցենք հաջորդող սերունդներին»:

Եկեղեցու հայրերից Ս. Կիպրիանոսի մտածումով քրիստոնյա լինել նշանակում է պատկանել տեսանելի եկեղեցուն և հնազանդվել նրանում Աստծո կողմից հաստատված նվիրապետությանը: Եկեղեցին Քրիստոսի սիրո իրագործումն է, և եկեղեցուց ամեն անջատում ուղղակի սիրո խախտում է: Ուստի սուրբն աստվածահիմն եկեղեցու զավակներին հիշեցնում է. «Քրիստոս մեզ խաղաղություն է շնորհել: Կարգադրել է, որ լինենք հաշտ ու միասիրտ, պատվիրել է անխախտ և ամուր պահպանել կապվածության և սիրո միությունը: Քրիստոսին չի պատկանելու նա, ով հավատուրաց անհաշտությամբ խախտել է Քրիստոսի սերը. սեր չունեցողն Աստված էլ չունի: Աստծո եկեղեցու մեջ համախոհ լինել չցանկացողները չեն կարող Աստծո հետ լինել»:

 

Կարինե Սուգիկյան

11.07.18
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․