Գրքեր

Աղոթք հիվանդների համար

- Հա՛յր, մարդիկ են եկել ու խնդրում են, որ հիվանդ երեխայի համար աղոթեք: Հարցնում են նաև, թե կապաքինվի՞ նա արդյոք: Ի՞նչ պատասխանենք:

- Այսպես պատասխանեք. «Ծեր վանականը կաղոթի: Քրիստոս սիրում է այդ երեխային և ամեն ինչ կանի, որ ի օգուտ նրա լինի: Եթե Նա տեսնի, որ երեխան մեծանալով ավելի լավը կդառնա, ապա կլսի ծերունու աղոթքը: Սակայն, եթե Քրիստոս տեսնի, որ մեծանալով՝ երեխան հոգևոր լավ վիճակում չի լինելու՝ հիմա Իր մոտ կվերցնի: Այդպես կանի, որովհետև սիրում է նրան»: «Խնդրիր,- ասում է Նա,- և Ես կտամ քեզ (խնդրածդ)» (Մատթ. 7:7): Սակայն Աստված խնդրածս այն դեպքում կտա, եթե ես ինքս եմ ինձ Նրան տվել: Հակառակ դեպքում ինչո՞ւ ինձ պետք է կյանք տա: Որպեսզի հեռանա՞մ Նրանից: Եթե ես աղոթում եմ հիվանդի համար, ապա ուրախանում եմ թե՛ այն ժամանակ, երբ նա ապաքինվում է, և թե՛ այն ժամանակ, երբ մահանում է:

- Հա՛յր, իսկ ճի՞շտ ենք վարվում, երբ սեփական առողջության համար ենք աղոթում:

- Ավելի լավ կլինի, որ Աստծուն մեր կրքերից ձերբազատվելու համար աղոթենք: Այսինքն, նախ Աստծո Արքայությունը փնտրենք ու խնդրենք: Մեր երկնային ունեցվածքն ենք կորցնում, երբ Աստծուն խնդրում ենք բուժել մեր հիվանդությունը: Սակայն, եթե չենք դիմանում հիվանդության պատճառած տառապանքներին, ապա խնդրենք Աստծուն բուժել մեզ և Նա համապատսխան քայլեր կձեռնարկի (այն ինչ ավելի օգտակար է մեզ համար):

- Հա՛յր, իսկ մեր աղոթքները կօգնե՞ն հիվանդին, եթե ինքն Աստծուց ուրիշ բան է խնդրում:

- Եթե հիվանդը խնդրում է Աստծուն, որպեսզի միայն ինքն առողջանա և չի աղոթում, որպեսզի ուրիշ հիվանդներն էլ ապաքինվեն, ապա ճիշտ չի վարվում: Այ դո՛ւ, քո՛ւյր,  աշխարիկ կյանքում հիվանդանոցում էիր աշխատում: Ի՞նչ էիր անում, երբ հիվանդը չէր կարողանում Հիսուսի աղոթքն ասել:

- Ինքս էի ասում, հա՛յր:

- Իհարկե լավ էիր անում, բայց հիվանդն ինքն էլ պետք է աղոթեր:

- Նա էլ էր աղոթում: Ասում էր. «Ամենասուրբ Աստվածածին, իմ Տիրուհի, փրկիր ինձ»: Հա՛յր, բայց մի՞թե ցավին դիմանալն աղոթք չէ:

- Ապրե՛ս: Դե իհարկե դա նույնպես աղոթք է: Եթե մարդ խնդրում է ձեզ աղոթել իր համար, որովհետև այնինչ օրը վիրահատության պիտի գնա, ապա դուք սկսում եք միանգամից աղոթել, հենց որ նա խնդրում է: Երբեք մի սպասեք այն օրվան ու ժամին, երբ նրան վիրահատարան կտանեն ու միայն այդ ժամանակ սկսեք աղոթել: Եվ արարողությունների ժամանակ, երբ հոգևորականն արտասանում է. «Վասն հիվանդաց»՝ սրտացավությամբ «Տեր ողորմյա» երգեք: Եթե դուք շատ օդ եք հավաքում ու սկսում եք կամերտոնի տակ «ու-ու-ու» գվվալ, որպեսզի «Տեր ողորմյան» ավելի մեղեդային երգեք, ապա ձեր միտքն էլ այդ «ու-ու-ու»-ի և տարբեր փուչ բաների մեջ պիտի սավառնի, իսկ խեղճ հիվանդները, որ տանջվում, տառապում են, սպասելու են, որ մի փոքր օգնություն ստանան ձեզնից: Հիվանդները տանջվում են ցավից: Դու ցավ չունես: Դե ուրեմն աղոթիր նրանց համար, որպեսզի օգնություն ստանան: Եթե դու ցավից ախ չես քաշում ու չես տնքում հիվանդասենյակի մահճակալին այս ու այն կողմ պտտվելով, ապա գոնե հիվանդների համար աղոթելուց հոգոց հանիր: Եթե առողջները գոնե մի փոքր չաղոթեն հիվանդների համար, ապա Քրիստոս շատ շուտով նրանց կասի. «Դուք առողջ էիք և չէի՞ք աղոթում նրանց համար, ովքեր տառապում էին», «...ձեզ չեմ ճանաչում» (Մատթ. 25:12):

Հիվանդությունը բնականոն կերպով է զարգանում, եթե չենք աղոթում հիվանդի համար: Իսկ եթե աղոթում ենք նրա համար, ապա հիվանդությունը կարող է իր բնականոն ընթացքը փոխել: Այդ պատճառով էլ միշտ աղոթեք հիվանդների համար:

 

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

12.08.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․