26 Նոյեմբեր, Գշ
- Հա՛յր, աբբա Իսահակը գրում է. «Ինչպե՞ս ես ցանկանում Աստծուն սիրել, եթե կրքերից դեռ չես սրբվել»(1): Եթե մարդն իր կրքերից չի ձերբազատվել, բայց ցանկանում է Աստծուն սիրել, դա հանդգնությո՞ւն է նրա կողմից:
- Ոչ, ինչո՞ւ է հանդգնություն: Մարդը ճգնում է կրքերից սրբվելիս և միևնույն ժամանակ ցանկանում է սիրել Աստծուն: Ե՛վ մեկը, և՛ մյուսը միասին են տեղի ունենում: Սակայն եթե կրքերը միևնույն են նրա համար, իսկ աղոթքի մեջ խնդրում է, որպեսզի սիրի Աստծուն, ապա դա հանդգնություն է:
- Հա՛յր, ինչ-որ տեղ կարդացել եմ, որ աղոթքի շնորհը համապատասխան է սրտի ջերմությանն ու հավատին:
- Դու Աստծուց ի՞նչ ես խնդրում:
- Որպեսզի Նա ինձ ազատի չարանալուց և սիրտս կակղեցնի աղոթքի համար:
- «Խնդրեցեք և կտրվի»(2),- ասաց Քրիստոս: Եթե այն, ինչ խնդրում ես, պարզ ու մաքուր է և օգտակար կլինի քեզ համար, ապա կստանաս: Եթե Աստծուց զորություն ես խնդրում մեղքերդ ներելու և մերձավորիդ օգնելու համար աղոթել կարողանալու, ապա լավ է, և Աստված դա կտա քեզ: Բայց եթե աղոթելու շնորհ ես խնդրում, որպեսզի հաճույք և ուրախություն ստանաս աղոթքից, ապա Նա ինչպե՞ս կարող է դա քեզ տալ:
- Հա՛յր, երբեմն էլ խնդրում եմ, որպեսզի Աստված միտքս լուսավորի. ճի՞շտ եմ խնդրում:
- Նախ ինքդ ջանա, իսկ ապա արդեն Աստծուց խնդրիր, քանի որ Աստված կամենում է, որպեսզի նախ ինքներս ջանք թափենք, իսկ այնուհետև արդեն տալիս է այն, ինչ խնդրում ենք: Մտածի՛ր, աղոթի՛ր, ունկդրի՛ր ու կշռադատելո՛վ գործիր, և ապա աստվածային լուսավորումը կգա: Օրինակ, երբ ինչ-որ բան են քեզ հարցնում, մի շտապիր պատասխանել, այլ Աստծուն խնդրիր, որպեսզի լուսավորի միտքդ: «Տե՛ր Աստված,- աղոթի՛ր,- սովորեցրու ինձ՝ ինչ ասել», և Աստված քեզ դեպքին համապատասխան խոսք կտա: Փութկոտ պատասխանը մտքից է, իսկ պատասխանը, որ աղոթքի միջով է անցնում՝ Աստծուց:
- Հա՛յր, ոչ բավարար արթնության պատճառով վախենում եմ Աստծուց օգնություն խնդրել մի գործում, որովհետև տեսնում եմ, որ չեմ օգտագործում այն հնարավորությունները, որ Նա ինձ տալիս է:
- Աստծու օգնությո՛ւնը հայցիր և միաժամանակ խնդրի՛ր, որպեսզի Նա քեզ արթնություն պարգևի, որպեսզի կարողանաս օգտվել Նրա տված հնարավորությունից:
- Հա՛յր, իսկ ճի՞շտ է Աստծուն դրախտ ընկնելու համար խնդրել:
- Ես Աստծուն չեմ խնդրում, որ դրախտ ընկնեմ: Խնդրում եմ, որպեսզի ինձ օգնի Իրեն չվշտացնել իմ կյանքով: Բայց եթե դժոխքում հայտնվեմ, մի՞թե դրանով Աստծուն չեմ վշտացնի: Հետևաբար, դա չի պատահի, չէ՞ որ Նրան խնդրում եմ, որպեսզի ինձ օգնի չվշտացնել Իրեն:
1. Авва Исаак Сирин. Подвижнические слова. Послание IV. С. 331
2. Մտթ. 7:7 և Ղուկ. 11:9:
Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը