Կիպրոսից մի մարդ գերի ընկավ Պարսկաստանում: Իսկ Կիպրոսում ապրող նրա ծնողներին հայտնեցին, թե նա մահացել է: Նրանք էլ սգացին իրենց որդու մահն ու տարին երեք անգամ հոգեհանգստյան արարողություն էին պատվիրում եկեղեցում՝ ի հիշատակ իրենց կորցրած զավակի:
Սակայն չորս տարի անց նրանց որդին փախավ գերությունից ու տուն վերադարձավ: Ծնողներն ապշեցին՝ կարծելով, թե նա հարություն է առել: Վերջապես, երբ առաջին ցնցումն անցավ ու նրանք ուշքի եկան, պատմեցին, որ տարին երեք անգամ՝ Սուրբ Ծննդյան, Սուրբ Հարության և Համբարձման տոներին հոգեհանգստյան կարգ էր կատարվում նրա համար: Այս լսելով, որդին հանկարծ ինչ-որ բան հիշեց ու ասաց.
- Այդ օրերին մի փառահեղ այր՝ ձեռքին կանթեղ, այցելում էր իմ զնդանն ու ոտքերիս շղթաներն արձակվում էին: Ողջ օրը կարողանում էի ազատ քայլել իմ խցում, իսկ մյուս օրերին շղթայված էի մնում:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի