Սոցիալական անհավասարություն
Փիլիմոնի նամակը Պողոս առաքյալի գրություններից ամենափոքր նամակն է, բայց տալիս է մարդկությանը հուզող ամենամեծ հարցերից մեկի` հասարակության մեջ սոցիալական անհավասարությանն առնչվող հարցի պատասխանը: Որոշ պատմաբաններ այն կարծիքին են, որ հռոմեական կայսրության սահմաններում քրիստոնեությունն արագորեն տարածվեց, որովհետև քրիստոնեությունն ուսուցանում էր, որ Աստծո առջև բոլոր մարդիկ հավասար են: Կայսրության տարածքում սկսվել էին ստրուկների ապստամբությունները, որոնք դաժանությամբ ճնշվում էին, և տասնյակ հազարավոր մարդիկ ենթարկվում էին մահապատժի: Բացի դրանից իրենց վիճակից դժգոհ ցածր խավի բազմաթիվ մարդիկ կային: Եվ ահա այս պայմանները նպաստեցին, որպեսզի բոլոր մարդկանց հավասարության մասին հայտարարող քրիստոնեությունը լայնորեն ընդունելություն գտներ: Սակայն այս կարծիքը հիմնավոր չէ, որովհետև քրիստոնեությունն ընդունեցին նաև կայսերը մոտ կանգնած անձինք, ինչպես Պողոս առաքյալն է վկայում` «ովքեր կայսեր տնից են» (Փիլիպ. 4.21): Իսկ հետագայում էլ նաև կայսրերը քրիստոնյա դարձան:
Ավետարանի քարոզչությունը միտված չէր առաջին հերթին սոցիալական անհավասարությունը վերացնելուն: Պողոս առաքյալն ասում է. «Ծառանե՛ր, ամեն ինչում հնազա՛նդ եղեք ձեր մարմնավոր տերերին, ոչ թե մարդահաճո կերպով, ցուցադրական ծառայությամբ, այլ սրտի անկեղծությամբ` երկյուղ կրելով Տիրոջից: Տերե՛ր, ծառաների հետ վարվեցե՛ք ուղղամտությամբ և արդարությամբ. իմացե՛ք, որ դուք էլ Տեր ունեք երկնքում» (Կող. 3.22, 4.1): «Ծառանե՛ր, ամեն ինչում երկյուղով հնազա՛նդ եղեք տերերին, ոչ միայն բարիներին և հեզաբարոներին, այլև դաժաններին, քանի որ Աստծուց է այն շնորհը, երբ մեկը հանիրավի վիշտ է կրում բարի խղճով»,- ասում է Պետրոս առաքյալը (Ա Պետ. 2.18): Ստրկության մեջ լինելը, դժվարություններին ու չարչարանքներին դիմանալը ինչ-որ իմաստով սխրանք էր համարվում, Քրիստոսին չարչարանակից լինելու վարմունք: Սակայն քրիստոնյա հասարակության մեջ ներքնապես վերացվում էր հին աշխարհին հատուկ տիրոջ և ստրուկի ախտավոր հոգեբանությունը, ինչպես որ առաքյալը պատվիրում էր ստրկատեր քրիստոնյա Փիլիմոնին քրիստոնյա դարձած իր ստրուկին ընդունել արդեն որպես հոգևոր եղբոր (Փիլ. 16): Եվ ստրկությունը, վերացվելով ներքնապես, վերանում էր նաև արտաքնապես, քանզի մարդկային բոլոր նման խնդիրներն իրենց լուծումը կարող են գտնել` սկսած մարդու ներաշխարհից: Հեղափոխությունները, ընդհակառակը, ցանկացան սոցիալական հավասարությունն ուժով հաստատել: Նման հեղափոխությունների նշանաբանն էր` ազատություն, հավասարություն, եղբայրություն: Բայց ինչպես կարող ենք տեսնել Ֆրանսիական մեծ հեղափոխությունից` սկսված Բաստիլի բերդի գրավումով 1789 թվականին կամ 1917 թվականի բոլշևիկյան հեղափոխությունից, ազատության, հավասարության, եղբայրության բոլոր բարի նպատակները և նշանաբանները խեղդվեցին արյունահեղության ու դաժանության մեջ, և շահամոլներ եկան իշխանության` մարդկանց վստահությունն օգտագործելով իրենց սեփական նպատակների բավարարման համար: Քրիստոնեության մոտեցումը տառացիորեն հասկացվող հավասարությունը չէր: Հասարակական կյանքում մենք բոլորս չենք կարող հավասար լինել. բոլորս չենք կարող տնօրեններ լինել առանց աշխատողների, մեզանից մեկը պետք է գործի կազմակերպողը լինի, իսկ մյուսները` կազմակերպված գործի համար աշխատողներ: Եվ եթե բոլորը արդար մարդիկ են, միմյանց համար դժգոհության առիթներ չեն ստեղծի:
Եթե քրիստոնեական սեր չկա, այսօրվա ամենաժողովրդավարական երկրում էլ կարող ենք փոխել ցուցանակները և դնել հին ցուցանակներ` հողատարածք ունեցողներին անվանելով ֆեոդալ կամ կալվածատեր, ձեռնարկություն ունեցողներին և նրանց աշխատողներին շահագործողներ և շահագործվողներ կամ ավելի ընդհանուր բառերով տերեր և ծառաներ կամ տիրակալներ և ստրուկներ: Ցավոք, աշխարհի շատ պաշտոնյաներ իրենց պաշտոնական աթոռներին իրենց զգում են իբրև տիրակալներ` մոռանալով կամ գուցե բոլորովին չիմանալով, որ պաշտոնյա նշանակում է ծառայող, սպասավոր, բայց ոչ թե հօգուտ իրեն, այլ հօգուտ ընդհանուրի: Ունևորը չունևորին օգնելու և չունևորը իր ստացածի դիմաց երախտագիտությամբ ծառայություն մատուցելու մղումը պետք է իրագործել քրիստոնեական սիրով: Միայն այս կերպ առանց խիստ դժգոհությունների և խռովությունների կարող է բարգավաճել որևէ երկրի հասարակական կյանքը` հիմնված քրիստոնեական սիրո վրա:
Տների չափսերը
Տները տարբեր չափսեր ունեն: Հարուստ մարդկանց տները շատ մեծ են, իսկ աղքատ մարդկանց տները շատ փոքր են: Այս իրողությանն անդրադառնալով` եկեղեցական հեղինակն ասում է, որ հարուստ մարդիկ պետք է հիշեն, որ բոլորս սերում ենք մեկ նախահորից` Ադամից, բոլորս ստեղծված ենք հողից և մահից հետո դառնալու ենք նույն հողը: Եվ թեկուզև հիմա մենք տների տարբեր չափսեր ունենք, սակայն մահից հետո հողի տակ մենք ունենալու ենք նույն չափսերի գերեզմանավայրեր:
Հրաժարում ամեն ինչից
Նահատակների պարագային հետաքրիր մի երևույթ ենք տեսնում, որն ամոթի է մատնում այսօրվա բազմաթիվ մարդկանց: Հեթանոսները, ովքեր երկրային հարստություն ունեին, թողեցին ամեն ինչ հանուն Քրիստոսի, մինչդեռ մեր ժամանակներում բազմաթիվ քրիստոնյաներ թողնում են Քրիստոսին` հանուն երկրային բարիքների: Մարդիկ կան, ովքեր առաջին հերթին փնտրում են հավիտենականը, և մարդիկ էլ կան, ովքեր առաջին հերթին փնտրում են երկրային բարիքներ, դրամ, շքեղ առարկաներ` դրանք ավելի վեր դասելով աստվածային հավիտենությունից: Կյանքի այն շինարարության մեջ, որտեղ մարդիկ հիմքի փոխարեն տանիքից են սկսում, երբեք հաստատունություն չի լինում կամ երջանկության, կամ էլ երկրային բարիքների ձեռքբերման մեջ: Եվ մեր պայմաններում, երբ չկան քրիստոնյաների կյանքին և հավատքին սպառնացող մեծ հալածանքներ, հանուն Քրիստոսի ամեն ինչից հրաժարումը պետք է դրսևորվի առաջին հերթին երկնայինը, Աստծուն փնտրելով և Նրա կամքն իրագործելով:
Պայքար աղքատության դեմ
Այսօր աշխարհում բազմաթիվ մարդիկ ապրում են նեղության մեջ: Մի շարք հաստատություններ, միջազգային կազմակերպություններ աղքատության դեմ պայքարելու համար մշակում են ծրագրեր` սրա հիմնական պատճառ համարելով սոցիալական, տնտեսական ինչ-ինչ նախապայմաններ: Այս խնդրին անդրադառնում է նաև Սուրբ Գիրքը, բայց ի տարբերություն աշխարհիկ կերպով մտածողների, Աստվածաշունչը մարդկային աղքատության հիմնական պատճառներից մեկը համարում է նաև մարդու կրոնաբարոյական անկյալ վիճակը, որի վերահաստատման դեպքում մարդը կարող է հաղթահարել և ետևում թողնել բոլոր նեղությունները: Շատ մարդիկ նեղության մեջ են ոչ միայն քաղաքում, այլ նաև գյուղերում, որտեղ բնակիչները մեծ սեփականություններ, հողատարածքներ ունեն, սակայն հաճախ ջրի պակասության, կարկտահարության և այլ պատճառներով չեն կարողանում իրենց ցանկալի արդյունքը ունենալ և դարձյալ նեղության են մատնվում: Աստված մարգարեի միջոցով շատ գեղեցիկ խոստումներ և միևնույն ժամանակ խիստ սպառնալիքներ տվեց մարդկությանը` ասելով. «Եթե լսեք մեր Տեր Աստծու ասածները, Տերը քեզ համար կբացի իր բարիքների շտեմարանը` երկինքը, որպեսզի ժամանակին անձրև տա քո երկրին, կօրհնի քո ձեռնարկած բոլոր գործերը, փող փոխ կտաս շատ ազգերի, բայց ինքդ նրանցից փոխ չես առնի: Իսկ եթե չլսես քո Տեր Աստծու ասածը` չպահես ու չկատարես նրա բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատգամում եմ քեզ, ապա այս անեծքները կթափվեն քո գլխին, կհասնեն քեզ: Անիծյալ կլինես դու քաղաքում և անիծյալ` դաշտում: Անիծյալ կլինեն քո շտեմարաններն ու քո ամբարները: Տերը քեզ աղքատ ու կարիքավոր կդարձնի և ձեռնարկած ու ձեռնարկելիք բոլոր գործերդ անհաջողության կմատնի» (Բ Օր. 28.1,12,15-17, 20):
Երբ հրեաները դուրս եկան Եգիպտոսից, աստիճանաբար սկսեցին երես դարձնել Աստծուց, տրտնջալ և ասել, որ Եգիպտոսում թեկուզ գերության մեջ էին, բայց կուշտ էին, միս էին ուտում, մինչդեռ հիմա սոված են (Ելք 16.2): Լսելով այս տրտունջը` Աստված բազմաթիվ լորամարգիներ ուղարկեց (Ելք 16.13), և հրեաներն այնպես շռայլությամբ ապրեցին, որ բազմաթիվ մարդիկ իրենց այդ ապրելակերպի պատճառով մեռան և գերեզման մտան: Եվ հրեաներն այդ վայրը կոչեցին Ցանկության գերեզմաններ (Թվեր 11.31-33), որովհետև բազում մարդիկ իրենց կյանքում կարևորեցին առաջին հերթին ոչ թե Աստծուն, այլ իրենց մարմնական և նյութական կարիքների գոհացումը, ինչի պատճառով էլ մեռան: Աստված մեզ նեղությունների է մատնում մեր իսկ օգտի համար, որոնցով ցանկանում է մեզ հասկացնել, որ սխալ է մեր կյանքի ու մտածելակերպի ընթացքը, կամ էլ մի նեղությամբ մեզ փրկում է շատ ավելի մեծ դժբախտություններից: Սա է ցույց տալիս նաև բնության գեղեցիկ օրինակը: Այգեգործը հաճախ չի թողնում, որ ծառը փարթամությամբ աճի, այլ էտում է ծառի ճյուղերը, նրան զրկում փարթամ աճումից, ճոխությունից, որպեսզի դրանով ծառի համար հետագայում ավելի շատ բերքատվություն և ավելի երկար կյանք ապահովի: Երբ հրեաները աստիճանաբար երես դարձրին Աստծուց, նրանց երկիրը կորցրեց պտղաբերությունը, իրենք զրկվեցին իրենց վայելած ապահովությունից ու խաղաղությունից: Ներկայիս Իսրայելի և Պաղեստինի տարածքը, որ մի ժամանակ կաթ ու մեղր բխեցնող երկիր էր (Ելք 3.8, 17; 13.5; 33.3), պայթում էր բերքի առատությունից ու լիությունից, այժմ դարձել է մի անապատ վայր և պատերազմների ու կռիվների թատերաբեմ: Այսպես էլ յուրաքանչյուրիս կյանքում են իրականանում Աստծո խոստումներն ու սպառնալիքները` կախված նրանից, թե մենք որքանով ենք իրագործում աստվածային պատվիրանները:
Տեր Ադամ քհն. Մակարյան
«Քրիստոնեության իսկությունը» գրքից