23 Դեկտեմբեր, Բշ
Ամառային տաք և պայծառ այս օրերին Երիտասարդական Կարմիր Խաչը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ «Ցերեկային կենտրոն»-ում «ՄԻԱՎ-ի կանխարգելումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում իր կարևոր առաքելություններից մեկն իրականացրեց: ԵԿԽ-ն ինն օրերի ընթացքում ամառային գույներով հագեցրեց կենտրոնի սաների համար կազմակերպած բակային ճամբարը: Նրանք այս օրերի ընթացքում կարողացան թափանցել երեխաների հետաքրքրաշարժ աշխարհը՝ խոսելով նրանց հետ իրենց իսկ հարազատ լեզվով՝ խաղերի լեզվով:
Յուրաքանչյուր օր իր գունագեղությամբ յուրաքանչյուր երեխայի համար հաղորդակցում էր առողջ ապրելակերպին, տարբեր թեմաների շուրջ հետաքրքիր զրույցներին, խայտաբղետ խաղերին, երգ ու պարին: Քանի որ, ըստ մասնագետների, երեխայի ներդաշնակ զարգացման համար կարևոր պահանջ է խաղը, և երեխան երջանկանալ սովորում է հենց խաղի ընթացքում:
Հուլիսի 20-ին «Ամառային գույներ» անունը կրող բակային ճամբարի իններորդ օրն էր՝ ճամբարի վերջին օրը: Կենտրոնի սաներն իրենց նախաձեռնությամբ երկու օր պատրաստվել էին ճամբարի հանդիսավոր փակմանը, որին ներկա էր ԵԿԽ-ի ղեկավար Կատարինա Վարդանյանը և բոլոր այն աշխատակիցներն ու կամավորները, ովքեր ինն օր շարունակ աշխատել էին կենտրոնի սաների հետ: Երեխաները հանդես եկան երգ ու պարով, ասմունքով, ներկայացրեցին այն, ինչ ուսանել էին ճամբարային օրերի ընթացքում: Ամառային գույների մեջ ողողված՝ նրանք պայծառ գույներ էին բաշխում բոլորին: Միջոցառումը հուզել էր տիկին Վարդանյանին. նա չէր սպասում, որ ինն օրերի ընթացքում նման արդյունք կլիներ:
Ճամբարային կյանքը ԵԿԽ-ի աշխատակիցներին, կամավորներին և ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ի սաներին առավել մտերմացրեց, ընկերացրեց: ԵԿԽ-ի ամբողջ թիմը մեծ սիրով և ջանասիրաբար ամառային գույներով էր գունազարդել երեխաների հետ անցկացրած յուրաքանչյուր ժամը: ԵԿԽ-ի աշխատակցուհի՝ Եսթեր Չոբանյանը, նշեց, որ մեծ թվով կամավորներ են ցանկություն հայտնել մասնակցել ճամբարային աշխատանքներին, բայց աշխատանքը բաժանվել է և նրանք, ըստ ճամբարային օրվա ծրագրի, հերթափոխով են աշխատել: «Կարծում եմ, որ այս օրերի ընթացքում մենք մի փոքր լումա ունեցանք երեխաների ինքնաճանաչողության և հասունացման մեջ»,- ասաց Եսթերը:
Բակային ճամբարի գունավոր օրերը
ԵԿԽ-ի աշխատակցուհի Արմինե Հակոբյանի հետ երեխաները բակային ճամբարի իրենց օրն սկսել են մարմնամարզությամբ: Յուրաքանչյուր օր նրանց համար լի էր նոր հետաքրքրություններով:
Օրինակ՝ բակային ճամբարի գունավոր առօրյայի մի մասն էր կազմել շախմատային խաղերը: Շախմատային հետաքրքրությամբ երեխաներին գրավել էր կամավորներից Հայկ Պետոյանը: Վառ գույներով լի շախմատային ժամերն ոգևորել էր երեխաներին. նրանցից մի
քանիսն առաջին քայլերն էին սովորել, մյուսներն ակտիվորեն խաղում էին: Իսկ 10-ամյա Տիգրանի ոգևորությունը մեծ էր, քանի որ նա խաղի ընթացքում հաղթել էր ընկեր Հայկին:
Շախմատային ժամերին Հայկը երեխաներին ծանոթացրել է շախմատի պատմությանը և նվազագույն գիտելիքներին: «Երեխաների մոտ նկատելի էր մտքի թռիչք, արագ ընկալունակության մոտեցումներ, գիտելիքների ձեռք բերման տենդենց»,-ասաց Հայկը:
Երեխաները Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման յոթ հիմնարար սկզբունքների մասին մուլտֆիլմ են դիտել: Կամավորներից Անի Բաբուջյանն ու Մարիամ Զորիկյանը երեխաներին ներկայացրել են Կարմիր Խաչի միջազգային շարժման ստեղծման պատմությունը, Կարմիր Խաչի յոթ սկզբունքները, որոնք են՝ մարդասիրություն, անկողմնակալություն, չեզոքություն, անկախություն, կամավորություն, եզակիություն և համընդհանրություն:
Իսկ կամավորներից ամենափոքրը՝ Մարիամ Զորիկյանը, ամեն օր զրաջանորեն և մեծ սիրով աշխատել էր խոհանոցում: Ամեն անգամ երեխաների բարձր գնահատանքը վկայում էր Մարիամի սիրով պատրաստած ուտեստների մասին: Նա նաև երեխաներին սովորեցրել էր գերմանական աշխույժ պար, որով նրանք հանդես եկան փակման միջոցառմանը: Երեխաների համար ճաշարան գնալու երգն էր դարձել Ռուբեն Հախվերդյանի «Իմ փոքրիկ նավակ»-ը, որը սովորեցրել էր նրանց կամավոր Անուշ Հովհաննիսյանը:
Կենտրոնի սաներն այս օրերի ընթացքում առաջին օգնության մասին չորս դասընթացներ են ունեցել: Կամավորներից Սեդա Աբգարյանի բացատրությամբ երեխաներն իմացան և տեսականորեն ցույց տվեցին, թե արևահարության, արյունահոսության, այրվածքների և կոտրվածքների ժամանակ ո՞րն է առաջին օգնությունը:
Իսկ Մելինե Հարությունյանը երեխաների հետ առողջ ապրելակերպի հետ կապված երեք օր զրույց-քննարկումներ է անցկացրել: Նա նշեց, որ երեխաները պասիվ չէին, և երեք թեմաների շուրջ՝ ծխախոտի վնասակարության, բնական և ոչ բնական շաքարի և վիրավորանքի հետ կապված հարցեր էին տալիս, հետաքրքիր կարծիքներ հայտնում, օրինակներ մեջբերում:
«Բակային ճամբարն իր դրական նշանակությունն ունեցավ. առանց խարանի խտրականության մեծ թվով կամավորներ ինտեգրվեցին ՄԻԱՎ-ով ապրող շահառուների շրջանում: Ուսուցողական էր ճամբարը. երեխաների մեջ ներդրվեց կամավոր գործունեության հիմքը, քանի որ կամավորությունը հիմնարար սկզբունքն է կյանքի, ինչը բխում է քրիստոնեությունից և սովորեցնում է բարություն, սեր, հանդուրժողականություն: Կամավորներից մի քանիսը ցանկություն են հայտնել հաճախակի այցելել «Ցերեկային կենտրոն»: Սա մարդկային մեծ ռեսուրս է, որի համար շնորհակալ ենք Երիտասարդական Կարմիր Խաչին»,- ասաց «Ցերեկային կենտրոն»-ի աշխատակից Էդգար Շախկյանը:
«Այս տարվա մեր ծրագրում ավելացվեց բակային ճամբարի կոմպոնենտը, ինչի կարիքը կար և զգացվում էր: Արդյունավետ է մեր գործունեությունը, երբ շահառուն վստահում և ընդունում է մեզ: Մեկ քայլ առաջ գնալով՝ կարողացանք աշխատել երեխաների հետ: Ճամբարային ծրագրի հիմքում Կարմիր Խաչի պատմության և գործունեության լուսաբանումն էր, կամավորության հասկացության բացատրությունն ու ընկալումը,
երկրորդ մասն էլ ժամանցային էր, կամավորներն իրենց հնարավորությունների համապատասխան առաջարկություններով էին հանդես եկել: Ինն օր միասին ապրել ենք, ինչն էլ բավական էր ընկերական միջավայր ձևավորելուն: Տպավորված եմ միջոցառմամբ, ոչ միայն լուրջ մոտեցումն էր ապահոված, այլ նաև կար բարձր տրամադրություն և անկեղծություն»,- ասաց ԵԿԽ-ի աշխատակցուհի և ճամբարի կորդինատոր Սոնա Գևորգյանը:
Վեցամյա Եկատերինայի մայրը՝ Նունեն, ասաց, որ ճամբարի ինն օրերն իր դրական ազդեցությունն են թողել իր աղջկա վրա:
«Ինն օրերի ընթացքում առողջ ապրելակերպի վերաբերյալ նոր գիտելիքներ ստացա, որ հետագայում ինձ օգտակար կլինեն, նոր ընկերներ ձեռքբերեցի»,- ասաց 11-ամյա Լաուրան: Կամավորներն էլ առիթ ունեցան երեխաներից ինչ-որ բան սովորելու, Լաուրան և Միլենան նրանց սովորեցրին «Ծաղկաձորի» պարը:
«Ամառային գույներ» բակային ճամբարի փակումը «Ցերեկային կենտրոն»-ի սաների համար եզրափակվեց ամառային տորթով, և ինչպես նրանք էին ասում՝ կարճ էին այս ինն օրերը, կցանկանայինք, որ ճամբարը դեռ շարունակվեր: Նրանք ԵԿԽ-ի կողմից ստացան դպրոցական պայուսակներ գրենական պիտույքներով:
ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ում Երիտասարդական Կարմիր Խաչի կողմից կազմակերպած «Ամառային գույներ» բակային ճամբարն իր գունային բազմազանությամբ հաջողվեց:
Կարինե Սուգիկյան