Ավետարանում մեր Տերն առաքյալներին պարզորոշ նշում է այն տարբերակիչ և բնորոշ հատկանիշի մասին, որ պետք է ունենան Իր հետևորդները. «Եթե դուք միմյանց սիրեք, դրանով մարդիկ կիմանան, որ դուք Իմ աշակերտներն եք» (Հովհաննես 13:35): Առաքյալներին ուղղված Քրիստոսի խոսքերը վերաբերում են բոլոր ժամանակների մարդկանց: Դեռևս առաջին դարից աստվածային սերն իրենց մեջ կրող և նրանով տարբերակվող Քրիստոսի հետևորդները, համախմբվելով և միավորվելով Քրիստոսահիմն եկեղեցում, ապրում են և գործում այդ սիրուց մղված:
Սեպտեմբերի 16-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը սիրիահայ Ջերազյան Տիգրանուհուն (66 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էին համայնքի հինգ երիտասարդ ընկերներ: Տասը ամիս առաջ տիկին Տիգրանուհին, իր տարեց մոր և որդու՝ Գազանչյան Հովսեփի (26 տ.) հետ Սիրիայից եկել է Հայաստան և վարձակալությամբ բնակվել Տիգրան Մեծ 31/110 հասցեում: Կարիքավոր ընտանիքի տան վարձը մեկ տարով ստանձնել է մասամբ վճարել «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը: «Այսօր մենք խնդրի առջև ենք կանգնած, տղայիս մշտական աշխատանք չեն տալիս, քանի որ նա ի վիճակի չէ ծանր աշխատանք կատարել՝ Սիրիայում երեք տարի առաջ ահաբեկիչների կողմից մեջքի ձախ հատվածում հրազենային վնասվածք ստանալու պատճառով»,- ասաց տիկին Տիգրանուհին՝ իր երախտագիտությունը հայտնելով Տեր Գրիգորին և աջակից անձանց օգնության համար:
«Եթե մարմնավոր սերն այնքան գերում է հոգին, որ ամեն ինչից հեռացնելով՝ կապում է սիրելիին, ապա ինչեր չի անի Քրիստոսի հանդեպ սերը ու Նրանից բաժանվելու երկյուղը» (Ս. Հովհան Ոսկեբերան):
Կարինե Սուգիկյան