Հունիսի 21-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված Գրիգոր Հարությունյանի մորը՝ Անահիտ Հարությունյանին հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Անահիտը այրի է, նա 18-ամյա ուսանող որդու, աղջկա և նրա չորս անչափահաս երեխաների հետ բնակվում է Կաշեգործների 40/16 հասցեում: Որդու մահից հետո տիկին Անահիտի մոտ ավելի են սրվել առողջական խնդիրները, նրա դուստրը ևս առողջական խնդիրներ ունի, ինչի պատճառով և ամուսնալուծվել է: Բազմանդամ կարիքավոր ընտանիքում ոչ ոք չի աշխատում, և ընտանիքն իր նվազագույն կարիքները մասամբ հոգում է հերոսի մահով ընկած Գրիգորի հետմահու նշանակված թոշակով (30 000 դրամ): «Բացի առողջական խնդիրներից, ունենք նաև ֆինանսական խնդիրներ և չգիտեմ, թե ինչպես պետք է վճարեմ խանութներում կուտակված պարտքերս: Անչափ շնորհակալ եմ Տեր Գրիգորից և աջակից անձից, որ օգնության ձեռք մեկնեցին ընտանիքիս»,- ասաց տիկին Անահիտը:
«Մարդը մի էակ է, որ մեծ կախվածություն ունի հմտություններից և ունակություններից: Երբ մարդը սովորում է բարի գործեր, այսինքն՝ սիրո գործեր կատարել, ապա դա սկսում է դառնալ նրա էությունը: Այդ ամենի շնորհիվ մարդը փոխվում է, նրա մեջ սկսում է հաղթահարել նոր մարդը: Նա մաքրվում է կրքերից, ազատվում է ինքնասիրության բեռից, քանի որ այնտեղ, որտեղ ինքնասիրությունն է, այնտեղ է փառքը, հպարտությունը և ուրիշ մեղքեր»,- ասել է աբբա Դորոթեոսը:
Տիրոջ պատվիրաններից անգամ փոքրագույնի իրագործումը մարդուն քայլ առ քայլ մոտեցնում է ավելի մեծ պատվիրանների իրագործմանը: Նույնիսկ մեկ օրվա ջանքը, Տիրոջ պատվիրանները սրտանց իրագործելու, պարգևում է այն մեծ ուրախությունը, որ ունի Տիրոջ կամքը կատարող յուրաքանչյուր անձ:
Կարինե Սուգիկյան