17 Փետրվար, Բշ
Դեկտեմբերի 25-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սոցիալական ծրագրերի շրջանակներում, Էջմիածնի «Հայ միասնության խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպությունում տեղի ունեցավ ամանորյա տոնական միջոցառում: Էջմիածին քաղաքից և հարակից գյուղերից 250 երեխաներ մասնակցեցին իրենց համար պատրաստված ամանորյա տոնախմբությանը, որ նախաձեռնել և հովանավորել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սոցիալական ծրագրերի մշտական աջակից ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը:
Ողջ ցերեկույթի ժամանակ «Բումբումիկ»-ի Մաշոկն ու Փղիկն ուրախ խաղերով և պարերով մեծ ուրախություն պարգևեցին երեխաներին: Այնուհետև ժամանեցին երեխաների կողմից սպասված հյուրերը՝ Ձմեռ պապն ու Ձյունանուշը, որ տոնական օրը հարստացրին նոր խաղերով, երգ ու պարով: Մեկը մյուսին հաջորդող խաղերն ու պարերն անմոռանալի դարձրին երեխաների օրը: Ամանորի միջոցառումն անհնար է պատկերացնել առանց տոնական նվերների. Ձմեռ պապն ու Ձյունանուշը հանդիսավորությամբ և մեծ ուրախությամբ երեխաներին նվերներ հանձնեցին:
Հաջորդ նվերը երեխաներին տոնական հյուրասիրությունն էր: Ամանորյա տոնական միջոցառումը կայացավ, որովհետև «Հայ միասնության խաչ»-ի ողջ սրահով մեկ ժպիտ և ուրախություն էր թևածում:
«Աստվածային սեր ունեցողը միայն ինքն իր մասին չի մտածում»,- ասել է Պողոս առաքյալը (Ա Կորնթացիներ 13:5): Աստվածային սեր ունեցողը նախ ինքն է հարստանում. նրա հոգին լիանում է լույսով, ուրախությամբ ու խաղաղությամբ, որոնց բաժնեկից է դարձնում շատերին: «Մեկը մի իր է վերցնում, որն իրեն նվիրել են, և ուրախանում է այդ իրով: Մյուսն ամեն ինչ է տալիս և ուրախանում ամեն ինչի համար: Այն ուրախությունը, որը մարդ զգում է, երբ վերցնում է, մարդկային ուրախություն է: Իսկ այն ուրախությունը, որը մարդ զգում է, երբ տալիս է, աստվածային ուրախություն է: Աստվածային ուրախությունը գալիս է տալով»,- ասել է Պաիսիոս Աթոսացին:
Կարինե Սուգիկյան