Գրքեր

Ամենասուրբ Երրորդություն. Մի Աստվածություն՝ երեք Անձերի մեջ

-Մարդ ստեղծենք Մեր պատկերով:

-Ստեղծենք նրան օգնական:

-Եկե՛ք իջնենք և խառնենք նրանց լեզուները (Ծննդոց 1:25; 2:18; 11:7):

Աստծո կողմից ասված վերոնշյալ խոսքերին հանդիպում ենք Ծննդոց գրքում: Բայերն այստեղ գործածված են հոգնակի թվով՝ «ստեղծենք», «եկե՛ք իջնենք», «խառնենք», ինչպես նաև «Մեր» դերանունը, որոնք, անշուշտ, ցույց են տալիս Աստվածային Անձերի բազմությունը: Աստված չասաց, թե՝ «Գնացե՛ք, իջե՛ք և խառնեցե՛ք նրանց լեզուները»,- ինչպես որ հրամանի կարգը պատշաճում էր Աստվածությանը, այլ ասաց. «Եկե՛ք իջնենք ու խառնենք»: Նա գործի մեջ հավասարություն դրեց՝ «խառնենք» ասելով և այս օրինակով թե՛ ստեղծեց մարդուն և թե՛ բաժանեց լեզուները (Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Ագաթ.-ի երկում): Իսկ «Մարդ ստեղծենք Մեր պատկերով»,- ցույց է տալիս, որ մեկը կար Նրա մոտ, ում Նա դիմում էր (Կյուրեղ Երուսաղեմացի, Կոչ. ընծ., գլ. ԺԱ):

Ըստ Հայ եկեղեցու դավանաբանության՝ Աստված Ամենասուրբ Երրորդություն է. մի Աստվածություն՝ երեք Անձերի մեջ՝ Հայր Աստված, Որդի Աստված, Սուրբ Հոգի Աստված:

Ամենասուրբ Երրորդությունը Ամենասուրբ Աստվածության երեք Անձերի անբաժանելի միությունն է:

Աստված անսկիզբ է և անեղ: Անսկիզբ նշանակում է սկիզբ կամ ծագում չունեցող, այսինքն՝ ինքնագո, իսկ անեղ նշանակում է անստեղծ, այսինքն՝ որևէ մեկի կողմից չստեղծված, չեղած:

Որդին ծագում կամ ծնունդ է Հորից: Աստվածային ծնունդն անըմբռնելի է և խոսքով չի բացատրվում: Երբ ծնունդ է ասվում, պետք չէ հասկանալ մարդկանց ծնունդի սովորական կերպերը, այլ՝ ինչպես լույսից լույս է ծնվում, կամ կրակից՝ կրակ:

Սուրբ Հոգին անեղ, անժամանակ ու կատարյալ է: Նա ծնունդ չէ, այլ բխում է Հայր Աստծուց, Էակից է Հորն ու փառակից Որդուն:

Ավետարանում Սուրբ Հոգին ներկայացվում է որպես մի զորություն, որ գործում է մարդկանց մեջ զանազան կերպերով: Սուրբ Հոգին մի դեպքում ներկայացվում է որպես շունչ, քամի, մի ուրիշ դեպքում՝ աղավնի, հրեղեն լեզու, ամպ և այլն: Այս ամենը բնորոշում է ոչ թե նրա էությունը, այլ՝ գործունեությունը: Իբրև կատարյալ Աստված Նա հավասար է Հորը և Որդուն:

Հայրը, Որդին ու Սուրբ Հոգին համագոյակից են, ունեն մեկ բնություն, մեկ կամք, մեկ իշխանություն, արարչակից են ու հավասար:

Ինչպես օրինակ արևը. նախ՝ արևի գունդը, երկրորդ՝ լույսը և երրորդ՝ ջերմությունը. թեպետ երեք անուն կա, բայց երեքն էլ արև անունով ենք հիշում, այսինքն՝ արևի գունդը, արևի լույսը և արևի ջերմությունը, որոնք ամբողջը մեկ արև են և ոչ՝ երեք, որովհետև մեկը մյուսից բաժանված չեն: Նույնպես Երրորդության մեջ երեք անուն ենք հիշում՝ Հայր, Որդի, Սուրբ Հոգի. բայց երեքն էլ մեկ Աստծո անունով ենք հիշում, այսինքն՝ Հայր Աստված, Որդի Աստված և Սուրբ Հոգի Աստված: Երեքն էլ մեկ են և ոչ՝ երեք Աստված, որովհետև մեկը մյուսից բաժանված չեն, և երեքը մեկ բնություն, մեկ կարողություն ունեն:

Երեք անձերի մեջ ամենևին չկա մեծ կամ փոքր: «Սա է հավատի կատարելությունը՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն ճանաչել երեք Անձ և մի Աստված, Նրանցից ոչ մեկին առավել կամ նվազ չհամարել, կամ առաջ կամ հետո, այլ հարթ, հավասար և ամեն ինչում միանման և նույն բնությամբ» (Խոսրով, Մեկն. Պատ.):

Կենդանարար Սուրբ Երրորդությունը համաբուն, համազոր, համակամ և համափառ է: Սուրբ Գիրքը մեզ ուսուցանում է, որ՝ «Ես և Իմ Հայրը մի ենք: Չե՞ս հավատում, որ Ես Հոր մեջ եմ, և Հայրը՝ Իմ մեջ» (Հովհաննես 10:30; 14:10): «Երեք կատարյալ Անձինք, բայց մի կատարյալ կամք: Մի Իսկություն, մի Էություն, մի Աստվածություն, մի Աստվածային Զորություն» (Գր. Լուս., Ագաթ.-ի երկում):

Սուրբ Գրքում կարդում ենք. «… Մկրտեցե՛ք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մատթեոս 28:19), այս հատվածում չի ասվում «Հոր անունով և Որդու անունով և Հոգու անունով», որպեսզի հայտնի լինի, որ նրանք մի Բնություն են, և որ մի անունով երեք Անձինք անվանեց (Եփրեմ, Մեկն. Ավետարանի Համաբարբառի, գլ. ԺԹ):

«Տերը մեկն է, և մեկն է Աստված, դավանում ենք ոչ թե տերերին կամ աստվածներին, այլ Սուրբ Երրորդությանը: Քանի որ մեկն է Հոր և Որդու և Սուրբ Հոգու տերությունը» (Սեբերիանոս, ճառ Ա, Հավատի համար):

Սուրբ Ներսես Շնորհալին Սուրբ Երրորդության մասին ուսուցանում է. «Մի բնություն, մի աստվածություն, մի իշխանություն՝ համապատիվ և զուգափառ. որևէ մեկից չեղած (չստեղծված), սկիզբ և վերջ չունեցող, այսինքն՝ հավիտենական»:

Սուրբ Երրորդության յուրաքանչյուր Անձի հատկությունը ճանաչվում է անհատապես, որովհետև չի ասվում, թե Հայրը Որդի կամ Հոգի է, և ոչ էլ Որդին՝ Հոգի կամ Հայր, ինչպես նաև Հոգին՝ Հայր կամ Որդի: Հայրը չծնված, բայց ծնող է, Որդին ծնունդ է, բայց ոչ ծնող, Սուրբ Հոգին՝ ոչ ծնող է և ոչ ծնունդ, այլ ելնող (բխող):

Մեր հավատքը խելամուտ է դարձնում մեզ, ու մենք աստվածային կյանք ու սեր ենք վայելում Սուրբ Երրորդության շնորհների միջոցով: Մենք ստանում ենք այդ կյանքը Հոր Աստծուց, որ մեր Արարիչն է, Որդի Աստծուց, որ մեր փրկիչն է, Հոգի Աստծուց, որ մեր քավիչն ու որդեգրիչն է: Սուրբ Երրորդության յուրաքանչյուր անձ Աստծո ամբողջ էության հայտնությունն է և ունի իր մեջ աստվածային բոլոր կատարելությունները:

Երեք անձինք, բայց մի Աստված, մի սեր, բայց և յուրաքանչյուրը՝ կատարյալ սեր իրեն հատուկ հայտնության մեջ. «Լոյս երրեակ, եւ մի անբաժանելի՝ Սուրբ Երրորդութիւն» (Շար., էջ 597):

Սուրբ Երրորդությունը այնքան անհրաժեշտ մի դավանանք է, որ առանց նրա քրիստոնեական կրոնը անկատար կլիներ: Քանի որ մարդը արարած է, հետևաբար չի կարող իմանալ Աստծո Էությունը: Սակայն Աստված հայտնում է Իր Էության մասին Սուրբ Երրորդությամբ: «Բայց Աստված մեզ հայտնեց այդ խորհուրդը իր Հոգու միջոցով, որովհետև Հոգին, որ ամեն ինչ քննում է, գիտի Աստծո նույնիսկ ամենածածուկ ծրագրերը: Մարդկանցից ո՞վ կարող է ճանաչել մարդու խորհուրդները, եթե ոչ նույն ինքը՝ մարդու հոգին, որ նրա մեջ է: Նույնպես և ոչ ոք չի կարող իմանալ Աստծո խորհուրդները, եթե ոչ Աստծո Հոգին: Արդ, մենք ոչ թե աշխարհի հոգին առանք, այլ Աստծուց ուղարկված Հոգին, որպեսզի ճանաչենք Աստծուց մեզ շնորհված հոգևոր պարգևները» (Ա Կորնթացիներ 2:10-12):

Սուրբ Երրորդության խորհուրդը քննելն ու հասկանալը վեր է մարդկային մտքից, անչափ դժվար ու անհնար է հասկանալ միայն տրամաբանությամբ: Եվ ինչպես Սուրբ Գրիգոր Նարեկացին է ասում. «Եվ երեքը մի անբաժանելի իսկություն, վեր քան մտքի ազատությունը՝ հարաձգված ամենուր բովանդակապես» (Բան ՀԵ):

Անհրաժեշտ է որպես մեկնակետ ունենալ և՛ հավատը, և՛ Սուրբ Գիրքը, և՛ հայրերի մեկնությունները: Սբ. Ներսես Շնորհալին ասում է. «Անհասկանալին հասկանալու միակ միջոցն ուրիշ բան չէ, եթե ոչ՝ հավատալը Սուրբ Գրքի մեջ ասվածներին»:

Այն, որ Սուրբ Երրորդության խորհուրդը անհասանելի է մտքով, բայց հասու հավատքով, վկայում է հետևյալ պատմությունը. «Օգոստինոս Երանելի եպիսկոպոսը մի օր շրջում էր ծովեզերքում և մտածում Սուրբ Երրոդության խորհրդի մասին: Չնայած հավատում էր, սակայն ուզում էր անպայման մտքով ևս հասկանալ այն: Մի երիտասարդի տեսավ, որ հոգնած նստած էր ծովեզերքին: Փոքրիկ փոս էր փորել ավազի մեջ և ջանում էր ափով ծովի ջրից լցնել այնտեղ: Օգոստինոսը մոտեցավ նրան և հարցրեց.

-Ի՞նչ ես անում, զավա՛կս:

-Ուզում եմ ծովի ամբողջ ջուրն այս փոսի մեջ լցնել,- պատասխանեց երիտասարդը:

-Անկարելի է,- պատասխանաեց Սբ. Օգոստինոսը ժպտալով:-Ծովը շատ մեծ է, իսկ փոսը՝ փոքր:

-Ծովի ողջ ջուրը հնարավոր է հավաքել այս փոսի մեջ,- ասաց երիտասարդը,- սակայն դու չես կարող քո փոքր խելքով հասկանալ Սուրբ Երրոդության խորհուրդը:- Ասաց և անմիջապես անհետացավ:

Սուրբ Օգոստինոսը հասկացավ, որ նա հրեշտակ էր և եկել էր իրեն օգնելու»:

Աշխարհի արարչագործությունը եռանձնյա Աստվածության ներգործությունն է: «Տիրոջ ողորմությամբ լցվեց երկիրը, Տիրոջ խոսքով երկինքն ստեղծվեց, և Նրա բերանի Հոգով՝ նրանց բոլոր զորությունները» (Սաղմոս 32:5-6): Աստված կատարյալ կյանք է. ամեն կյանք գործունեություն է ու գիտակցություն: Աստծո հավիտենական գործունեությունը ստանում է իր կատարումը նախ՝ Իր մեջ և ապա՝ դեպի աշխարհ. Իր մեջ կատարվում է Սուրբ Երրորդության հարաբերությամբ կամ առնչությամբ, իսկ աշխարհի վերաբերմամբ՝ Նրանց հայտնությամբ:

Եվ ինչպես Վարդան Այգեկցին է ասում. «Կատարյալ հավատով, անթերի մտքով, անկեղծ սիրով, գոհացական երգով և քաղցր ձայնով օրհնենք, փառավորենք և բարեբանենք բոլորի կողմից օրհնված և ամենաբարի Ամենասուրբ Երրորդությանը՝ բոլոր ստեղծվածների Արարչին ու Ստեղծողին, անմատույց Լույսին, ամեն մի մտքից գերազանց Ճառագայթին, ուր չկա նվաստություն ու մեծություն, ծերություն ու մանկություն, ավագություն ու կրտսերություն, այլ Երեք կատարյալ Անձեր՝ միացած Մի անբաժանելի Բնության մեջ, մի կամք և մի Աստվածություն, մի թագավորություն և մի զորություն»:

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

09.01.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․