26 Դեկտեմբեր, Եշ
Մի մեծահոգի թագավոր իր ծառային ուղարկում է հեռավոր արևելքի հայտնի դերձակի մոտ` մետաքսյա թիկնոց բերելու համար և ասում ծառային, որ նրան լավ կվարձատրի այդ ծառայության համար:
Ծառան մեկնում է, վերցնում թիկնոցն ու ետ դառնում: Թիկնոցն այնքան գեղեցիկ ու շքեղ է լինում, որ գցում է իր ուսերին ու պարծենում: Մի հյուրատան մոտ մի մեծահարուստ մարդ ասում է.
- Վաճառիր այդ թիկնոցը, քեզ շատ մեծ գումար կտամ, որով կյանքը կվայելես: Իսկ այսպես ծառա ես ու ծառա էլ կմնաս, մանավանդ որ թիկնոցը թագավորին ես տալու ու դրա դիմաց չնչին վարձ ես ստանալու:
Ծառան վաճառում է թիկնոցը, գումարը վերցնում, վատնում քաղաքում և զվարճանքի վայրերում:
Երբ ներկայանում է թագավորին, ասում է, թե ավազակներն իր վրա հարձակվեցին, թալանեցին ու թիկնոցն էլ տարան: Իսկ այժմ վարձ ու վարձատրություն է պահանջում իր մատուցած ծառայության համար:
Թագավորը պատասխանում է.
- Այդ թիկնոցը խորհրդանշական իմաստ ուներ: Ով իր ուսերին կրեր, նա լինելու էր իմ թագավորության ժառանգորդը: Ես որոշել էի այն քեզ նվիրել: Ահա այն վարձատրությունը, որով պիտի պարգևատրեի քեզ: Առանց այդ թիկոնցի չեմ կարող իրագործել իմ խոստումը: Ծառան ապշահար շրջվում է ու նայում դեպի հեռվում նշմարվող հյուրատունը:
Սուրբ Գիրքն ասում է, որ կոչված եք սուրբ լինելու և սրբությամբ ապրելու: Մենք չենք ապրում Աստծո նախանշած կյանքով, սակայն Աստծուց պահանջում ենք:
Հովհաննես Մանուկյան