Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանին

Փետրվարի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

Նորին Սրբությունն իր շնորհավորանքները փոխանցեց ԱՄՆ դեսպանին և վստահություն հայտնեց, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և ԱՄՆ դեսպանատան միջև ձևավորված բարի հարաբերությունները և համագործակցությունը կշարունակվեն նաև նրա պաշտոնավարման ընթացքում:

Գոհունակությամբ անդրադառնալով հայ-ամերիկյան միջպետական կապերին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես շնորհակալություն հայտնեց ԱՄՆ ժողովրդին և իշխանություններին հայ ժողովրդին ցուցաբերվող զորակցության համար: Նորին Սրբությունը նաև իր գնահատանքն արտահայտեց ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից գործադրվող ջանքերի կապակցությամբ:

Հայոց Հայրապետը մաղթեց, որ Տիրոջ օրհնությամբ նորանշանակ դեսպանի առաքելությունն ավելիով նպաստի երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը, ինչպես նաև տարբեր ոլորտներում երկու պետությունների միջև համագործակցության զարգացմանը:

ԱՄՆ դեսպանն իր հերթին ուրախություն հայտնեց հանդիպման առիթով, ապա ներկայացրեց հայ-ամերիկյան գործակցության արդյունքում իրականացվելիք ծրագրերի շրջանակը:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձան նաև Հայ Առաքելական Եկեղեցու կարևոր առաքելությանը հայ ժողովրդի կյանքում, Քույր Եկեղեցիների հետ ունեցած ջերմ հարաբերություններին, ինչպես նաև Հայրենիքի և Եկեղեցու առջև ծառացած մի շարք մարտահրավերների:

Մասնավոր անդրադարձ եղավ Եկեղեցու կողմից միջեկեղեցական փոխգործակցության արդյունքում աշխարհում հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ի նպաստ գործադրվող ջանքերին, ինչպես նաև խոսվեց տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ կազմակերպվող հոգևոր առաջնորդների հանդիպումների մասին:

Նորին Սրբությունը տիար Ռիչարդ Միլսին տեղեկացրեց Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների մասին` առանձնացնելով ապրիլի 23-ին Մայր Աթոռում տեղի ունենալիք Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը:

Հանդիպմանը ներկա էին ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

24.02.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․