12 Հոկտեմբեր, Շբ
Սկսնակ ջութակահարն անընդմեջ մի ստեղծագործություն է կատարում: Ինքնաբավ ու հեգնորեն ինքն իրեն ասում է.
- Տեսնենք, թե վաղը այդ ո՞վ է լինելու, որ մրցելու է ինձ հետ: Տե՛ր Աստված, իմ հույսը Դու ես, և ես վստահ եմ, որ ոչ ոք ինձանից լավ չի կարողանալու կատարել որևէ երաժշտական ստեղծագործություն: Այնուհետև սկսում է կրկին միևնույն երաժշտությունը ջութակով նվագել: Նկատում է Աստծո հրեշտակին՝ քիչ հեռու կանգնած: Ջութակահարը գոհունակությամբ ասում է.
- Եթե ես իմ երգով կարողացա երկնքից հրեշտակ ցած իջեցնել, ապա ես այլևս մտածելու բան չունեմ:
Եվ ոգևորված ու ինքնամոռաց սկսում է նվագել, որպեսզի հրեշտակն ունկնդրի ու հիանա:
Հաջորդ օրը, նախքան բեմ բարձրանալը, մի անվանի ու աշխարհահռչակ ջութակահար է տեսնում և իր հիացմունքն ու ակնածանքն արտահայտում.
- Ի՞նչ անակնկալ. միշտ երազել եմ Ձեզ տեսնել և Ձեր ստեղծագործությունները լսել: Իսկ Դուք այստեղ ի՞նչ եք անում:
Ականավոր ջութակահարը պատասխանում է.
- Հրավիրել են ինչ-որ մի ջութակահարի հետ մրցելու համար:
Սկսնակ ջութակահարը շփոթմունքի է մատնվում և մի կերպ թուքը կուլ տալիս: Քիչ հեռու հրեշտակին կրկին տեսնում է, ով ասում է.
- Երեկ եկա քեզ զգուշացնելու, որ խոհեմ ու իմաստուն լինես, թե երբ այս մրցույթին մասնակցես, առավել ևս այս հռչակավոր ջութակահարի ստեղծագործությունը չկատարես, սակայն դու ինձ լսել չկամեցար, այլ քո երգն էիր նվագում ու նվագում...
Երբեք պետք չէ ինքնահավան ու պարծենկոտ լինել...
Հովհաննես Մանուկյան