22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Սեպտեմբերի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Էջմիածնի և Երևանի ծննդատներ` հայրապետական իր օրհնությունը բերելու նորածիններին ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առիթով:
Երևանում Ամենայն Հայոց Հայրապետը ՀՀ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ այցելեց Հանրապետական կլինիկական ծննդատուն:
Ծննդատան առջև Գարեգին Բ Հայրապետին դիմավորեց ծննդատան բուժանձնակազմը` գլխավոր բժիշկ, ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռազմիկ Աբրահամյանի գլխավորությամբ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախ այցելեց ծննդատան նորածնային բաժին, ուր աղոթք արեց և օրհնեց հոբելյանական այս օրերին ծնված մանուկներին: Ապա Վեհափառ Հայրապետը զրուցեց երիտասարդ մայրերի հետ` նրանց բերելով իր օրհնությունն ու գնահատանքը: Գարեգին Բ Կաթողիկոսը շնորհավորեց և մասնավոր իր օրհնությունը փոխանցեց նաև Մարիամ Թունյանին, ով ՀՀ ԱՆ պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտում սեպտեմբերին քառյակ է լույս աշխարհ բերել:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը զրույց ունեցավ ՀՀ Առողջապահության նախարարի պաշտոնակատարի, ծննդատան գլխավոր բշժկի և բուժանձնակազմի հետ: Նորին Սրբությունը, կարևորելով բժշկի առաքելությունը, իր գնահատանքը հայտնեց ամենքին իրենց ազգօգուտ և նվիրյալ ծառայության համար:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց նաև Հանրապետական կլինիկական ծննդատան շրջափակում գտնվող մատուռ, ուր աղոթք բարձրացրեց Հայրենիքի անսասանության և նորածինների խաղաղ ու բարօր կյանքի համար: Այցի առիթով Նորին Սրբությունը մատուռին նվիրեց Ս. Աստվածածնի սրբանկար:
Նույն օրը Գարեգին Բ Կաթողիկոսն եղավ Էջմիածին քաղաքի Կենտրոնական հիվանդանոցի ծննդատանը:
Գլխավոր բժիշկ Լիլիթ Գասպարյանի ուղեկցությամբ Նորին Սրբությունն այցելեց նորածիններին և նրանց մայրերին, օրհնեց և աղոթեց նրանց քաջառողջության և երջանկության համար: Վեհափառ Հայրապետը ծանոթացավ նաև ծննդատան պայմաններին:
Ծննդատներ այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի և ԵՀԽ Կլոր Սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի կողմից բոլոր նորածիններին ու նրանց մայրերին բաշխվեցին նվերներ:
Նորին Սրբությանն ուղեկցում էին Արարատյան Հայրապետական թեմի Առաջանորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը և Կլոր Սեղան հիմնադրամի տնօրեն դոկտոր Կարեն Նազարյանը:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգ