23 Դեկտեմբեր, Բշ
Հունիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գործադիր կոմիտեի նիստի անդամներին:
Ժողովականների անունից Ամենայն Հայոց Կաթողիկոսին ողջունեց և բարեմաղթանքներ փոխանցեց ԵՀԽ Կենտրոնական կոմիտեի փոխմոդերատոր Սասիմայի միտրոպոլիտ Գեննադիոսը (Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարքություն)` շնորհակալություն հայտնելով Մայր Աթոռում ցուցաբերված ջերմ հյուրընկալության համար:
Այնուհետև ժողովականներին ողջունեց և իր հայրապետական օրհնությունը բերեց Նորին Սրբությունը` կարևորելով այն, որ հայ ժողովրդի համար նվիրական այս տարում, երբ համայն հայությունը ոգեկոչում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը, ԵՀԽ Գործադիր կոմիտեն իր հերթական ժողովն անցկացնում է համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Գարեգին Բ Կաթողիկոսը Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի կողմից Հայոց Եկեղեցուն և հայ ժողովրդին ցուցաբերվող մեծ զորակցություն որակեց այս իրադարձությունը` հատկապես Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման առումով:
Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ներկայացնելով միջեկեղեցական ոլորտում Հայ Եկեղեցու և Քույր Եկեղեցիների միջև ձևավորված արդյունավետ հարաբերությունները, փաստեց, որ այդ համագործակցությունը միտված է Եկեղեցիների միջև եղբայրական կապերի զորացմանն ու ավելի ջերմացմանը: Այս առնչությամբ Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակությամբ ընդգծեց նաև, որ միայն Եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների համատեղ ջանքերի արդյունքում հնարավոր կլինի ապահովել ավելի լավ ու արդար աշխարհ` զերծ ամեն տեսակի ոճրագործությունից և մարդկային կյանքի դեմ ուղղված ցանկացած դատապարտելի ոտնձգությունից:
Ի պատասխան հարցերի, Նորին Սրբությունը պատմական ակնարկով ժողովականներին ներկայացրեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու անցած դժվարին ուղին, անդրադարձավ Մեծ Եղեռնի տարիներին կրած մեծ կորուստներին, խոսեց Հայ Եկեղեցու առաքելության, առկա մարտահրավերների ու հատկապես եկեղեցաշինության, հոգևոր-մշակութային, կրթական և սոցիալական ոլորտներում Հայ Եկեղեցու գործունեության մասին:
Վերջում Վեհափառ Հայրապետն արդյունաշատ ու բեղուն աշխատանք մաղթեց ժողովականներին:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: