Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հռոմի Սրբազան Քահանայապետն այցելեցին Գյումրի

Հունիսի 25-ին` Երևանում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությունից հետո, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապը մեկնեցին Գյումրի:

Շիրակ օդանավակայանում Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Հռոմի Սրբազան Քահանայապետին դիմավորեցին Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթոլիկների առաջնորդ Գերաշնորհ Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Վեհափառ Հայրապետին ուղեկցում էին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ներկայացուցիչ, Բերիո թեմի առաջնորդ Տ. Շահան արքեպիսկոպոս Սարգսյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արք. Պարսամյանը, Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպս. Խաչատրյանը, Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր տեսուչ, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Սյունիքի թեմի առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տ. Մակար վարդապետ Հակոբյանը, Ս. Գայանե վանքի վանահայր Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը և գավազանակիր Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հռոմի Սրբազան Քահանայապետը ժամանեցին Գյումրիի Ս. Վարդանանց կենտրոնական հրապարակ, ուր Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի կողմից մատուցվեց Ս. Պատարագ:

Մինչև Ս. Պատարագի սկսելը, ողջույնի խոսք ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

 

«Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրէք միմեանց. ինչպէս ես ձեզ սիրեցի, դուք էլ միմեանց սիրեցէք» (Հովհ. ԺԳ 34):

Ձերդ Սրբություն,

Սիրեցյալ հոգևոր եղբայրներ և բարեպաշտ հավատացյալներ,

Այսօր, երբ մեր Եկեղեցին հիշատակում է Տիրոջ սուրբ առաքյալների տոնը, որքան քաղցրահունչ ու առավել ուժգնությամբ է հնչում մեր հոգիներին այս պատգամը, որը մեր Տերն ուղղեց Իր աշակերտներին: Տերունապատվեր սիրո այս ջերմ զգացումով հանուն տարածաշրջանի ողջ հավատացելոց` բարի գալուստ ենք մաղթում Ձեզ, սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, Գյումրի քաղաք: Ուրախություն է Մեզ համար աղոթակից լինել Հայ Եկեղեցու և հայ ժողովրդի մեծ բարեկամիդ մատուցած Պատարագին:

Գյումրին Հայաստանի պատմական այն քաղաքներից է, որտեղ ծաղկում են ապրել հայ քրիստոնեական դարավոր արժեքները, ներդաշնակությամբ ձուլվել մեր ժողովրդի պատմությունն ու մշակույթը և հյուրընկալության սիրառատ ոգին: Գյումրիի ժողովուրդը առանձնանում է խորին հավատքով և եկեղեցասիրությամբ, կրողն է նաև քրիստոնեական եղբայրական համակեցության գեղեցիկ ավանդույթի, որի վկայությունն է այսօր այստեղ աղոթքի կանգնած Հայ Առաքելական և Կաթոլիկ Եկեղեցիների և քրիստոնեական այլ հարանվանությունների հավատացյալ զավակների ներկայությունը: Խորհրդային աստվածմերժության տարիներին, երբ Հայաստանում կործանվում և փակվում էին եկեղեցիները, և միայն հավատացյալ մեր ժողովրդի անտեղիտալի դիմադրության շնորհիվ բաց էին մնացել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և սակավ եկեղեցիներ, Գյումրիի Սուրբ Աստվածածին (Յոթվերք) եկեղեցին իր մայրական գիրկը բացեց և հովանի ու աղոթավայր դարձավ Հայաստանի հյուսիսային շրջանների և Վրաստանի սահմանամերձ հայաբնակ քաղաքների ու գյուղերի բոլոր քրիստոնյաների համար` անկախ ազգային ու դավանական պատկանելությունից` լինեին նրանք հայ առաքելական, կաթոլիկ, թե օրթոդոքս: Եկեղեցու հյուսիսային նախամուտքը վերածվեց կաթոլիկ հավատացյալների աղոթավայրի, ուր տեղադրվեց և առ այսօր պահպանվում է կաթոլիկ ավանդույթին բնորոշ Տիրոջ խաչելության արձանը`բերված Արևիկ գյուղի կաթոլիկ եկեղեցուց, իսկ հարավային նախամուտքը տրամադրվեց ուղղափառներին, որտեղ ամենապատվավոր տեղում բարձրացվեց Սուրբ Նիկողայոս Սքանչելագործի ռուսական սրբապատկերը: Այսպես Գյումրին և Սուրբ Աստվածածին (Յոթվերք) եկեղեցին էկումենիզմի ժամանակակից սահմանումից տարիներ առաջ դարձան գործնական էկումենիզմի մատակարարն ու քարոզիչը:

Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, քաղաքը, որտեղ մենք այսօր գտնվում ենք, հյուրընկալ ու ջերմ իր սրտի վրա կրում է նաև կնիքը տառապանքի: Քսաներորդ դարասկզբին, երբ մեր ժողովուրդը ցեղասպանության էր ենթարկվում, Գյումրին նույնպես զգաց Օսմանյան կայսրության ջարդարար և զավթողական քաղաքականության ծանր հարվածները և այսօր էլ կանգնած է փակ սահմանի դիմաց` իբրև հարյուր տարի առաջ Թուրքիայի կողմից իրագործված ցեղասպանության և շարունակվող ժխտողական քաղաքականության վկա:

Մեր ժողովրդի զավակները Գյումրիում հավատքով ու քաջարի ոգով դիմագրավեցին նաև երկրաշարժի աղետը: Այս առիթով ի դեմս Ձերդ Սրբության` երախտագիտության Մեր խոսքն ենք ուղղում Կաթոլիկ Եկեղեցուն, որը ծանր այդ օրերին նույնպես եղբայրսիրությամբ օգնության ձեռք մեկնեց երկրաշարժից տուժածներին` համաձայն առաքյալի խոսքի. «հոգ տանենք միմեանց` սիրոյ և բարի գործերի յորդորելով» (Եբր. Ժ 23-24): Այսօր էլ գյումրեցի մեր զավակները շարունակում են հաղթահարել դժվարությունները և նվիրյալ ջանքեր բերում` բարօր ու զարգացող կյանքով բարեշեն դարձնելու Գյումրին, որի վկայությունն են վերջին տարիներին կառուցված կաթոլիկ եկեղեցին, այս հրապարակին հովանի պատմական երկու նորոգված եկեղեցիները` իբրև Գյումրիի հառնող կյանքի խորհդանիշերը:

Գոհություն հայտնելով Տիրոջը Գյումրիում Մեր սիրեցյալ եղբոր` Ֆրանցիսկոս Պապի հետ միասնական աղոթքի այս շնորհառատ օրվա համար` Մեր հորդորն ու մաղթանքն ենք բերում ձեզ, սիրելի հավատացյալներ, հավատքի, եղբայրսիրության ու հույսի աներեր քայլերով վկայելու այս աշխարհում Քրիստոսի պատգամը. «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրէք միմեանց. ինչպէս ես ձեզ սիրեցի, դուք էլ միմեանց սիրեցէք» (Հովհ. ԺԳ 34):

Այս մաղթանքով նաև ողջունում և Մեր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում Գյումրիի և մարզի իշխանավորներին, Շիրակի հավատավոր Մեր զավակներին: Մեր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում Շիրակի թեմի Առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին, նրան լծակից հոգևորականներին և հայ կաթոլիկ համայնքի եկեղեցականներին` Առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի գլխավորությամբ: Մաղթում ենք, որ Տիրոջ զորակցությամբ նրանք շարունակեն արդյունավորել իրենց հավատավոր հոտի խնամքն ու հովվությունը և եղբայրսիրությամբ գործակցությունը:

Սուրբ առաքյալների և Տիրոջ բոլոր վկաների բարեխոսության հայցով աղոթք ենք բարձրացնում առ Ամենակալն Աստված աշխարհի խաղաղության, մարդկության բարօր ու ապահով կյանքի և Քրիստոսի Սուրբ Եկեղեցու պայծառության համար:

Ձերդ Սրբություն, սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, Ձեր այցելությունը Գյումրի հոգևոր նորոգություն է Շիրակի տարածաշրջանի հավատացյալներին և միշտ պիտի հիշվի սիրով ու ջերմությամբ: Ուրախ սրտով վերստին հաստատում ենք, որ Ձեր այցը նոր վկայություն է մեր Եկեղեցիների բարի հարաբերությունների: Թող Աստված ամուր պահի եղբայրությունը և արգասավորի գործակցությունը մեր Եկեղեցիների այսօր և միշտ: Ամեն»:

Ս. Պատարագի ընթացքում օրվա խորհրդի շուրջ քարոզեց Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը:

 

«Կվերակառուցեն հին ավերակները, կվերանորոգեն անբնակ քաղաքները» (Ես. 61. 4):

Այս վայրերում, սիրելի՛ եղբայրներ և քույրեր, իրականացել են Եսայի մարգարեի խոսքերը, որոնք լսեցինք: Անաստվածության երկար տարիների հոգևոր կործանումից հետո, երկրաշարժի սարսափելի նյութական ավերածություններից հետո, այսօր գտնվում ենք այստեղ` Աստծուն շնորհակալություն հայտնելու, հավատը դավանելու ազատության և առատաձեռնության համար, որ բազում մարդկանց օգնեց վերականգնելու համար իրենց կյանքը հսկայական դժվարություններով հանդերձ: Սույն վերածննդյան նշաններից ուզում եմ հիշեցնել Աշոցքի հիվանդանոցը 25 տարիներ առաջ և ճանաչված որպես «Պապի հիվանդանոց»` ծնված Սուրբ Հովհաննես Բ-ի սրտից, որ սրտանց փափագել էր, շարունակում է մնալ որպես շատ կարևոր և տառապյալներին մոտ ներկայություն, սիրո նշան, որ տեղական կաթողիկե հասարակության և կրոնավորական միաբանությունների կատարած գործունեությունների հետ գերազանցորեն ուսուցողական է:

Արդարև, սեր է` Աստծուց ստացած և ընկերոջ ընծայված սերն է,- ինչպես վկայում է օրինակի համար Կալկաթայի երանելի Մայր Թերեզան,- ժայռը, որի վրա կառուցել է և վերակառուցել մեր ապագան: Այս հիմքի վրա է, որ հաստատված է Հիսուսի աշակերտի կյանքը, սիրո միջոցով է, որ Եկեղեցու դեմքը երիտասարդանում և հմայիչ է դառնում: Գթառատ և թանձրացյալ սերը քրիստոնյայի այցեքարտն է ներկայանալու այլ կերպեր, կարող են շեղիչ և նույնիսկ անօգուտ լինել, որովհետև Հիսուս ասում է. «Սրանից բոլորն իմանում են, որ Իմ աշակերտներն եք, եթե սիրեք իրար» (Հովհ. 13. 35): Կոչված ենք միշտ կառուցելու և վերակառուցելու հաղորդությունն առանց երբեք հոգնելու, կամուրջներ սարքելու, ոչ թե պարիսպներ կամ բաժանարար պատնեշներ: Հայ ժողովուրդը միշտ ավելի միացած լինի հավատի և սիրո մեջ, և հավատացյալները լավագույն օրինակը կարողանան տալ` համագործակցելով միմյանց հետ, փոխադարձ հարգանքով և երկխոսությամբ` իմանալով, որ «միակ մրցույթը, որ հնարավոր է Տիրոջ աշակերտների միջև` ստուգելն է, թե ով է ի վիճակի առավել մեծ սեր նվիրելու» (Հովհաննես Պողոս Բ, Քարոզ, 27 սեպտեմբեր, 2001. Ուսուցումներ ԻԴ, 2 [2001], 478):

Աստված բնակվում է սիրողի մեջ, Աստված բնակվում է, որտեղ սիրում են իրար, հատկապես որտեղ տկարներին և աղքատներին են խնամում: Նա միշտ օրհնում և պաշտպանում է նրան, ով «բարի լուրն է տանում թշվառներին, կոտրված սրտի վերքերն է պատում և մխիթարում է վշտացածներին» (հմմտ. 1-2 համարները): Շատ կարիքն ունենք սրան. Կարիքն ունենք քրիստոնյաների, հոգնությունից չխորտակվեն և չհուսալքվեն փոխադարձ անհասկացողությունից, այլ բացվեն Աստծո սիրո ծրագրերին. բարի կամքով մարդկանց կարիքը կա, որ գործնականում և ոչ թե խոսքերով օգնեն դժվարության մեջ գտնվող եղբայրներին և քույրերին. Կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կկարողանա արժանավայել կյանք վարել և արդարորեն հատուցվող աշխատանք:

Եկել եմ որպես ուխտավոր այս օրհնյալ երկիրը` հանդիպելու ձեզ հետ, որ ժամանել եք տարբեր շրջաններից և մոտակա Վրաստանից: Տեսնում եմ, որ Աստված ձեզ մենակ չի թողել. Նա այցելել է ձեր ժողովրդին (հմմտ. Ղկ. 1. 68), Աստված հիշեց ձեր հավատարմությունը Ավետարանի ձեր հավատի անդրանկության, հիմնված առաքյալների քարոզության վրա, որոնց հիշատակն եք տոնում այսօր: Այս հողի վրա, հուսկ, ձեր սուրբերից և վարդապետներից ոմանք ստեղծեցին այբուբենը ժողովրդի համար, և ժողովուրդն Ավետարանի պատգամը քարոզեց, բոլորը միասին վկայելով, նույնիսկ արյան և ծանր փորձությունների գնով, որ «Աստծո սերը կյանքից ավել արժե» (հմմտ. Սղ. 63. 4): Քրիստոնեական հավատն այսպես դարձավ հայ ժողովրդի շունչը և նրա պատմության սիրտը: Այն ձեր ապագայի հույսն է նաև:

Սակայն, միշտ առկա է փորձությունը` հավատը վերածելու անցյալի պատկանող գեղեցիկ մի բանի, կարծես լիներ սքանչելի մանրանկարված մի մատյան, թանգարանում պահելիք: Սակայն, եթե պատմության դիվաններում պահվի, հավատը կորցնում է հաղորդակցական ուժը, կենսունակ և փոխակերպող իր գեղեցկությունը, բոլորի հանդեպ իր դրական բացվածքը: Մինչդեռ, հավատը ծնվում և վերածնվում է Տիրոջ, Հիսուսի հետ կենդանի հանդիպումից, իր փրկող և կյանքի բոլոր պարագաներում լուսավորող գթասրտության փորձառությամբ: Օգտակար է ամեն օր վերանորոգել այս հանդիպումը, Աստծո Խոսքի ընթերցումով և աղոթքով բացվելով իր սիրուն, որ երջանկությունն է սնուցում: Իսկ երբ Հիսուս կանչի հետևելու իրեն, հատկապես երբ ձեզ` երիտասարդներիդ հրավիրի, մի՛ տատամսեք քաջությամբ պատասխանելու նրան «այո՛»: Նա մեզ ճանաչում է, մեզ իսկապես սիրում է, և ուզում է ազատել սիրտը վախի և հպարտության ծանրություններից: Նրան տեղ տալով, կարող ենք սեր ճառագայթել և Ավետարանը քարոզել: Այսպես կարողանալու եք ձեր ավետարանող մեծ պատմության սկիզբ տալ, որին Եկեղեցին և աշխարհը կարիքն ունեն այս նեղության ժամանակներին, որ միաժամանակ նաև ողորմության ժամանակներ են:

Հենց անցած տարվա Աստվածային Ողորմության Կիրակի օրվա ծիսակատարությամբ, որին մասնակցեց իմ սիրելի եղբայրը` Գարեգինը, որին շնորհակալություն եմ հայտնում ինձ ազնվորեն ընդունելու համար և իր ներկայությամբ և խոսքով մեզ պատվեց, ուզեցի բոլորի ուշադրությանը հանձնել Գրիգոր Նարեկացու կերպարը, ընդհանրական Եկեղեցու Վարդապետ: Նա կարապետ և մարգարեն էր աստվածային ողորմության: Դժվար է գտնել որևէ մեկին, որ հավասարվի նրան, քննելու անդնդային թշվառությունները, որ կարող են մարդկային սրտում տնավորվել. սակայն նա վերածում է դրանք աստվածային սիրո անդադրուն, արտասվալի և վստահ պաղատանքի, հաստատելով, որ Աստված «պարգևների բաշխողն է, բնությամբ բարի [...], մխիթարության ձայն, քաջալերանքի լուր, ուրախության թռիչք, [...] անհամեմատելի քնքշություն, հորդառատ ողորմություն, [...] փրկարար համբույր» (Մատյան ողբերգության, 3,1), հայտարարելով, որ «երբեք բարկության խավարից չի մթագնել նրա ողորմության լույսը» (նույն, 16,1): Նարեկացին ոչ միայն վարդապետ է ուսուցման, այլ հատկապես կյանքի, որովհետև սովորեցնում է, թե ինչքան կարևոր է ճանաչել մենք մեզ ողորմության կարոտ, և մեր թշվառությունների և վերքերի առաջ, բացվել Տիրոջ, «Աստված մերձավոր, բարության փափկություն» (նույն, 17,2), «սիրով լի մարդկանց նկատմամբ, [...] հուր, որ մեղքի խռյուն է սպառում» (նույն 16,2): Այս սուրբ վկան մարգարեաբար ներկայացնում է ձեր ժողովրդին, որ պատմության ընթացքում մեկնաբանել է շատ անգամ ողբերգական սեփական դեպքերը` նրա գրությունների լույսի տակ: Նա, սակայն, ընդհանրական Եկեղեցու Վարդապետ է արդեն. ձեր սիրելի ժողովուրդը ևս, տառապելու քաջատեղյակ և հարության զորությամբ, կարողանա հավատի վկա և վարդապետ լինել մեզ բոլորիս:

Աստվածամոր բարեխոսությամբ, Թագուհի և «ցնծություն մեր տառապյալ բնության» (Շարակնոց, Ավետման կանոն), խնդրում եմ, սուրբ Գրիգորի խոսքերով իսկ, աստվածային ողորմությունը և սիրելուց երբեք չհոգնելու պարգևը. Սուրբ Հոգի «հզոր պաշտպան, բարեխոս և խաղարարար, քեզ ենք ուղղում մեր աղաչանքները: [...] Պարգևիր մեզ շնորհը` սիրո և բարի գործերի քաջալերման [...] Հոգի քաղցրության, գթության, մարդասիրության և ողորմության, [...] ողորմեա՛ մեզ, Տեր Աստված մեր, ըստ մեծի ողորմության քում» (Շարական Պենտեկոստեի)»:

Ս. Պատարագի ընթացքում երկու Հովվապետերը միմյանց ողջույն տվեցին, որն ապա փոխանցվեց ներկաներին:

Շնորհակալական ուղերձով վերջում հանդես եկավ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթոլիկների առաջնորդ Գերաշնորհ Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը:

Ս. Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հռոմի Սրբազան Քահանայապետը պապամոբիլով շրջեցին հրապարակում` իրենց օրհնությունը բաշխելով ներկաներին:

Ապա Հռոմի Ֆրանցիսկոս Պապը մեկնեց Անարատ Հղության Քույրերի մենաստան:

Նույն օրը Ֆրանցիսկոս Պապն այցելեց Շիրակի թեմի Ս. Աստվածածին (Յոթվերք) առաջնորդանիստ եկեղեցի, ուր նրան դիմավորեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի և այս առիթով Գյումրի ժամանած Շիրակի, Արթիկի, Գուգարաց, Արագածոտնի թեմերի եկեղեցականների հետ: Թափորով երկու Հովվապետերը զանգերի ղողանջների ուղեկցությամբ մուտք գործեցին եկեղեցի, ուր «Ուրախ լեր» շարականի ներքո առաջացան դեպի ատյան: Եկեղեցու Ավագ Խորանին դրված Աստվածածնի Յոթ վերք սրբապատկերի առջև Վեհափառ Հայրապետը և Հռոմի Պապն առանձնական աղոթք ասացին, որից հետո Ֆրանցիսկոս Պապն օրհնեց ներկա ժողովրդին:

Այնուհետև Շիրակի թեմի առաջնորդը ողջունեց երկու Հովվապետերին` նշելով. «Անհուն ցնծությամբ և մեծ ուրախությամբ ողջունում ենք Ձեզ պատմական Գյումրի քաղաքի սքանչելի մայր տաճարում, որ կրում է մեր բոլորի մոր` Ս. Աստվածածնի անունը, որը սակայն ավելի հայտնի է իր ժողովրդական Ս. Յոթվերք անվանումով այստեղ պահվող հրաշագործ սրբապատկերի շնորհիվ, որը շատ ավելի հին է, քան ինքը` եկեղեցին, և որը, կիսելով հայ ժողովրդի ճակատագիրը, դարավոր թափառումներից հետո ի վերջո հանգրվանել է այստեղ: Այս վեհաշուք եկեղեցին ի սկզբանե կառուցվել է հենց այս սրբապատկերի պահպանության համար` ԺԹ դարի վերջին, և այս հարյուր երեսուն տարվա ընթացքում տեսել և հաղթահարել է մարտնչող անաստվածության յոթանասուն տարիները, երկու թուրքական ներխուժում և դարձյալ երկու սոսկալի երկրաշարժ: Սակայն, հակառակ իրեն բաժին հասած ծանրագույն փորձություններին, Աստվածամոր բարեխոսությամբ և մեր ժողովրդի հերոսությամբ այս մայր եկեղեցին բոլոր այդ տարիներին եղել և մնացել է անլռելի և անընդմիջելի աղոթքի վայր քաղաքի և շրջակայքի բոլոր բոլոր քրիստոնյաների, անգամ ոչ քրիստոնյաների համար: Այսօր էլ մեր մայր տաճարն իր մայրական գիրկը բացած քաղաքում առկա բոլոր հարանվանությունների առաջ` շարունակում է լինել գործնական միության և սիրո երաշխիքն ու գրավականը»: Այցի առիթով Միքայել Սրբազանը թեմի հավատացյալների անունից Ֆրանցիսկոս Պապին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանձնեց Աստվածածնի Յոթ վերք սրբապատկերի կրկնօրինակները, որից հետո երկու Հովվապետերը քայլեցին դեպի եկեղեցու ներսում գտնվող Խաչելության խորանը, ուր երկրպագություն կատարեցին Ս. Խաչի առջև:

Եկեղեցու մուտքի առջև երկու Հովվապետերն իրենց օրհնությունը բաշխեցին նաև հաշմանդամ երեխաների:

Այնուհետև Նորին Սրբությունը և Հռոմի Սրբազան Քահանայապետն այցելեցին նաև Գյումրիի հայ կաթոլիկ առաջնորդանիստ Սրբոց Նահատակաց եկեղեցի: Եկեղեցու առջև նրանց դիմավորեցին Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը, եկեղեցականներ և հայ կաթոլիկ համայնքի ներկայացուցիչներ:

Երկու Հովվապետերի առանձնական աղոթքից հետո Ամենայն Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց հայ կաթոլիկ համայնքի ներկայացուցիչներին և հաշմանդամ երեխաների:

Դուրս գալով Սրբոց Նահատակաց եկեղեցուց` Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հռոմի Սրբազան Քահանայապետը, հրաժեշտ տալով Գյումրիին, վերադարձան Երևան:

25.06.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․