Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես է եկել հայտարարությամբ

Ապրիլի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես է եկել հայտարարությամբ ապրիլի 1-ից 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի սահմանի երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների առնչությամբ:

Հայտարարության մեջ ասվում է. «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Ղարաբաղի սահմանի երկայնքով իրականացվող նախահարձակ գործողությունները, ուղղված նաև բնակավայրերի ու խաղաղ բնակչության դեմ:

Մեր աղոթքը և զորակցությունն ենք բերում Լեռնային Ղարաբաղի իշխանություններին ու ժողովրդին, Պաշտպանության բանակի քաջարի հրամանատարներին ու զինվորներին: Հորդորում ենք չնվազող արիությամբ ու աներեր հավատքով դիմակայել Հայրենիքի անկախության և մեր ժողովրդի անվտանգության դեմ ուղղված թշնամական հարձակումներին:

Ադրբեջանի շարունակական սադրանքներն ու ռազմական գործողությունները խաթարում են կայունությունը տարածաշրջանում և ի չիք դարձնում հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը:

Կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը, ի մասնավորի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված երկրներին` կասեցնելու Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի չդադարող ոտնձգությունները:

Աղոթում ենք, որ Տերը երկնքի լուսեղեն հարկերում հանգստություն պարգևի զոհվածների հոգիներին, մխիթարություն` հարազատներին, շուտափույթ ապաքինում` վիրավորներին:

Թող Աստված զորակից ու պահապան լինի խաղաղության պաշտպան Հայոց Բանակին»:

02.04.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․