Ամփոփվեց «Մենք մեր զինվորի կողքին ենք» 2016թ. բարեգործական ծրագիրը

Հուլիսի 1-ին Ստեփանակերտում Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հանդիպեցին, զորակցեցին ու դրամական աջակցություն փոխանցեցին զոհված արցախցիների հարազատներին։

Հանդիպումը կազմակերպվել էր Արարատյան Հայրապետական թեմի «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական ծրագրի շրջանակում, որով Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ արդեն երեք տարի զորակցություն է ցուցաբերվում զինվորների ընտանիքներին։ Ողջունելով ներկաներին, Պարգև Սրբազանը շնորհակալություն հայտնեց Նավասարդ Սրբազանին Արարատյան Հայրապետական թեմի բարեգործական ծրագրում արցախցի զոհված զինվորների 22 ընտանիքներն ընդգրկելու համար։ Մխիթարության խոսքեր ասելով՝ նա նկատեց, որ մեր արդար պայքարը ազգովի պիտի հասցնենք մինչև վերջնական հաղթանակ։ Նավասարդ արքեպիսկոպոսը ևս իր երախտագիտության խոսքն ասաց որդեկորույս հարազատներին՝ նշելով, որ յուրաքանչյուր հայորդու կորուստ ծանր է բոլորիս համար, սակայն նրանց սխրանքն ապրեցնում ու ուժ է տալիս մեզ՝ Հայրենիքի պաշտպանությունը շարունակելու գործում:

Այս տարի ծրագրում ընդգրկվել է 2015թ. հունիսի 1-ից մինչև 2016 թ. ապրիլը մարտական հերթափոխի և մարտական գործողությունների ժամանակ զոհված զինվորների 100 ընտանիք Հայաստանից ու Արցախից, և յուրաքանչյուրին տրամադրվել է 500-հազարական դրամ։ Ծրագրի իրականացման երեք տարիների ընթացքում 150 մլն դրամ է փոխանցվել 762 ընտանիքի։ Դրամական աջակցությունը տրվել է ըստ ՀՀ ՊՆ սոցիալական վարչության տրամադրած ցուցակների։ Հանդիպման ընթացում Պարգև Սրբազանը զոհված ևս 10 զինվորի ընտանիքի Արցախի թեմի կողմից փոխանցեց 500-հազարական դրամ։ Նույն օրն Արարատյան Հայրապետական թեմի կողմից բացի դրամական աջակցությունն Արցախի առաջնագծի դիրքապահներին հասցվեց նաև շուրջ երեք տոննա սնունդ, հագուստ, հիգենայի ու առաջին անհրաժեշտության պարագաներ։ Այս տարվա ապրիլի սկզբից սա արդեն 11-րդ խմբաքանակն է, որ հավաքվում ու զինվորներին է հասցվում «Աջակցություն Արցախի սահմանապահներին» ծրագրով։

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

01.07.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․