25 Նոյեմբեր, Բշ
Անապատային արևից սևացած ուխտապանն իր այգեգործ եղբոր հրավերով գալիս է և բնակություն հաստատում մի գեղեցիկ բացատում: Այգու տերը մեկնում է հեռավոր մի երկիր և երբ վերադառնում է, սոսկում է ու ասում.
-Եղբա´յր, ինչո՞ւ ես կտրել իմ այգու բոլոր ծառերը, որտեղ ուղտդ հիացմունքով զբոսնում է և փուշ ու տատասկ որոնում:
Ուխտապանը պատասխանում է.
-Դու ինձ հրավիրեցիր այստեղ ապրել, բայց այսքան պտղատու ծառերի մեջ իմ ուղտի համար համեղ կերակուր չգտա, դրա համար էլ ծառերը կտրեցի, որպեսզի միայն փուշն ու տատասկը աճի և իմ ուղտի համար կերակուր լինի: Այգեգործն ասում է.
-Ուր գնում ես, իսկության մեջ անապատ ես փնտրում, և քո շուրջն էլ այդպիսին դարձնում: Այլևս ինչո՞ւ ես Աստծուց դրախտային այգի խնդրում, երբ իմ պարգևած այգին վայեյելու փոխարեն ամայացրեցիր և դեռ կյանքից էլ դժգոհում ես, թե այսքան ժամանակ դրախտավայր չես գտնում:
Ուխտապանը զարմացած հարցնում է. -Իսկ մի՞թե դրախտում փուշ ու տատասկ չի աճում:
Նա, ով չգիտի իր արժեքը, երբեք չի կարող գնահատել ըստ արժանվույն նաև դիմացինին և իրեն պարգևած արժեքը: Շատերը կամենում են կյանքն ու նպատակները տեսնել այնպես, ինչպես ուզում են տեսնել, այլ ոչ թե այնպես, ինչպես Աստված է կամենում, ցույց տալիս և պարգևում:
Հովհաննես Մանուկյան