Անառակ կինը

Մի հզոր թագավոր ամուր ու բարձր մի քաղաք ուներ՝ բազմաթիվ բնակիչներով, և մի սիրելի որդի: Թագավորը կամեցավ ամուսնացնել իր որդուն, սակայն, մի կողմ թողնելով իր քաղաքացիների գեղեցիկ ու իմաստուն դուստրերին, որդուն ասաց.

- Իմ սիրելի որդի, գնա, պտտվիր աշխարհով և քեզ համար մի այնպիսի կին գտիր, ինչպիսին ուզում ես, որովհետև չեմ ցանկանում ստիպել, որպեսզի միայն այստեղ ապրողներից մեկին ընտրես:

Արքայազնն ուղևորվեց օտար երկրներ՝ ուսումնասիրելով բարբարոս լեզուներն ու սովորույթները և ջանասիրությամբ իրեն կին ընտրելով: Նա այնտեղ շատ տարիներ անցկացրեց և որպես հարսնացու՝ մի անառակ, անմաքուր, մերկ ու աղքատ մեկին ընտրեց: Լվաց նրան, կերակրեց, մաքրեց աղտեղություններից, հրաշալի զգեստներ հագցրեց, ցույց տվեց ողջ աշխարհին ու բերեց իր հոր արքայությունը:

Հայրն ուրախացավ որդու ընտրությանը, համբույրներով և ուրախությամբ ընդունեց նրանց: Հարսնացուին թագուհուն ներկայացրեց, իր աջ կողմում նստեցրեց, խոստացավ նրա բոլոր հարազատներին էլ այնտեղ ընդունել և ասաց.

- Սա իմ հարսն է, և ողջ նրա ազգն ու ցեղը նրա պես է լինելու:

Թագավորի քաղաքացիներն ու խորհրդականներն ապշած էին, թե ինչու իրենց բարի ու գեղեցիկ դուստրերի փոխարեն անմաքուր ու թշվառ անառակին ընտրեց: Սակայն, եթե կամենում են պատիվ ու երկրպագություն անել արքային, ապա ակամա երկյուղածությամբ ու սրտի թրթիռով խոնարհվում են նաև նրա կողքին գտնվողին:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

18.11.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․