13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
«Ուրախություն կլինի երկնքում մի մեղավորի համար, որն ապաշխարում է» (Ղուկաս 15:7):
Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու.
Այսօր Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթայում «Անառակի կիրակին է»: Այնպես չէ, որ միայն այսօրն է հիշատակվում և այսօրն է նվիրված «Անառակ որդու առակին»: Տարին տասներկու ամիս, երեք հարյուր վաթսունհինգ օր շարունակ եկեղեցին հիշեցնում է մարդկությանը անառակ որդու և անսահման գթասիրտ հոր առակը: Ողջ Աստվածաշունչը և եկեղեցու գոյությունը երկրի վրա այդ առակի մասին են, որ ներկայացնում են մեղավոր մարդուն և ներող հորը: Մարդկությունն ուզում է Երկնավոր Հորից հեռու ապրել, Հոր պատվիրանները համարում է կաշկանդող, ձգտում է Հոր տանից առանձին «ազատություն» վայելել: Ինչո՞ւ չակերտավոր ազատություն, որովհետև այդ ազատության աշխարհը մեղքերի աշխարհն է: Գիտակից մարդը անառակ որդու նման հասկանում և տեսնում է երկու աշխարհների միջև տարբերությունը և հետ է վերադառնում Հոր տուն: Իսկ մարդկության մեծագույն մասը շարունակում է մնալ և օրեցօր ավելի է թաթախվում մեղքերի մեջ՝ վերածվելով մեղքերի վերքերով պատված հիվանդի: Մեղքերով հիվանդացածը ինքը չի զգում, որ իր հիվանդությունը սխալ դեղամիջոցներով է փորձում բուժել: Մինչդեռ նրա համար ճիշտ դեղամիջոցը եկեղեցին ու Ավետարանն են, որ պիտի բուժեն նրա հոգին ու մարմինը մեղքերի հիվանդություններից, որովհետև Սուրբ Գիրքն է, որ կարգուկանոն է մտցնում մեղավոր մարդու կյանքի մեջ, հեռու պահում մեղքերի գրավչությունից, ցույց տալիս մեղքի վնասակարությունը մարդու համար և բացում է լուսավոր ու հոգուն խնդություն պարգևող մի նոր աշխարհ: Տա՛ Աստված, որ բոլորը անառակ որդու նման կարողանան տեսնել մեղավոր կյանքի կործանարարությունը և ուժ գտնեն իրենց մեջ դարձի ճանապարհը բռնելու, որովհետև մենք այսօր ականատես ենք լինում, որ որոշ մարդիկ նախընտրում են մարմնավոր և աշխարհիկ վայելքները: Դա նշանակում է, որ մարդիկ այդպես էլ չեն գիտակցում Աստծու տան և Սուրբ Գրքի արժեքը: Դա նշանակում է, որ մարդիկ շարունակում են մնալ մեղքերի ճիրաններում և մխրճվել մեղքերի անդունդը: Նրանց բաժինն է դառնում «խոզի կերը», բայց կրկին չեն ցանկանում հիշել և վերադառնալ Հայր Աստծու տուն՝ համեմատություն անցկացնելով իրենց նախկին և ներկա վիճակի մեջ:
Ողջ կյանքի ընթացքում մարդու համար հնչում է դեպի Իր գիրկը հրավիրող Աստծու կանչը: Այս առակում որդին ինքն է որոշում վերադառնալ, ներողություն խնդրել հորից և մնալ նրա մոտ: Այնինչ մեզ համար արդեն այս առակը Հայր Աստծու ձայնն է, որով ազդարարվում են նրա սերը մարդկության հանդեպ, բարեգթությունը, անհիշաչարությունը, ներողամտությունը, ողորմածությունը, հոգատարությունը: Այս առակը Աստծու ձայնն է, որով կանչում է մեզ Իր մոտ, Իր ապահով տունը՝ առանց դատապարտելու մեզ: Նա պաշտպանում է մեզ մարդկանց դատապարտող և մեղադրող հարձակումներից, որոնք չեն մոռանում և անընդհատ հիշեցնում են մարդու մեղավոր անցյալը, ինչպես դա եղավ շնության մեղքի մեջ բռնված մեղավոր կնոջ պարագայում, որի վրա քարեր էին ուզում նետել փարիսեցիներն ու օրենսգետները: Հիսուս ասաց. «Ձեր միջից անմեղը նախ թող քար գցի դրա վրա»: Բոլորը մեկ առ մեկ հեռացան: Հիսուս կնոջը հարցրեց. «Ո՛վ կին, ո՞ւր են. քեզ ոչ ոք չդատապարտե՞ց»: Եվ սա ասաց՝ ո՛չ, Տե՛ր: Եվ Հիսուս ասաց. «Ես էլ քեզ չեմ դատապարտում. գնա՛, այսուհետև մի՛ մեղանչիր» (Հովհաննես 8:11):
Այդպես էլ Տերը պաշտպանում և իր հովանու ներքո է առնում յուրաքանչյուրին, երբ մարդիկ զղջում են իրենց մեղքերի համար, դարձի են գալիս, ապրում Աստվածահաճո կյանքով, խոստովանում իրենց մեղքերը և թողություն ստանում դրանց համար: Տերն այլևս չի հիշեցնում անցյալի մեղքերը, ինչպես որ դա անում է աշխարհը՝ մարդու մեղքերը դրոշմ դնելով նրա անվան վրա: Աստված բարեգութ է և ներողամիտ, ինչպես աղոթքում է ասվում՝ չի կամենում մեղավորի մահը, այլ նրա դարձը չար ճանապարհից և ապրելը:
Մարդ կարող է իր ողջ էությամբ հեռացած լինել Աստծուց, մեկ ուրիշն էլ, թվա, թե մոտ է, սակայն իր մտքերով, հոգով ու սրտով հեռու լինի, որովհետև հավատավոր մարդն էլ կարող է իրեն անվերջ զբաղեցնող մտքեր ունենալ, զբաղմունքներ, վնասակար սովորություններ, որոնք կարող են նրան ավելի շատ աշխարհին կառչած պահել, քան հոգևոր կյանքին կապել: Այդ իսկ պատճառով մարդն իր հոգու ներսում կարծես միշտ պայքարում է, որ իր մեղքերը իրեն Աստծուց չհեռացնեն: Անառակ որդու առակը միայն Աստվածամերժ մարդկանց համար չէ, այլ բոլորի, ովքեր պայքարում են զանազան մեղքերից ձերբազատվելու համար և երբ Աստծու օգնությամբ հաղթահարում են, իրենց հոգու ներսում վայելում են իրական ազատության և Հոր տան մեջ բնակվելու ապահովության զգացումը:
Առակի հայրը Հայր Աստված է, որ որդուն ընդունում է գրկաբաց, սիրով և ուրախությամբ՝ առանց նախատինքի ու պարսավանքի խոսքերի: Նա չի մտածում մի լավ դաս տալ որդուն, նոր ընդունել և նրա հին իրավունքները վերականգնել: Չի բարկանում որդու վրա՝ իրեն արհամարհելու և իր կենդանության օրոք իր բաժին ժառանգությունը պահանջելու համար: Նա տեսնում է, որ որդին գիտակցել է իր մեղքը, և որ զղջացող սրտից են բխում նրա խոսքերը: Այսպես է և մեր Երկնավոր Հայրը: Կորսված ոչխարի և կորսված դրամի մասին պատմող առակում ասվում է, որ մարդ իր հարյուր ոչխարներից մեկը կորցնելու դեպքում իր իննսունինը ոչխարներին կթողնի և կգնա փնտրելու կորածին: Գտնելով խնջույք կկազմակերպի և իր բարեկամների հետ կուրախանա: Կամ մի կին, որ տասը դրամից մեկը կորցնի, ճրագ կվառի ու կփնտրի, մինչև որ գտնի: Եվ կրկին կուրախանա իր հարազատների ու հարևանների հետ. «Այսպես ուրախություն կլինի երկնքում մի մեղավորի համար, որն ապաշխարում է» (Ղուկաս 15:7):
Մարդը իր զղջումով է, որ կարժանանա Աստծու ներողամտությանը: Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսն իր զոհաբերությամբ, մեզ համարձակություն է տալիս կանգնելու Հայր Աստծու առջև: Այդ համարձակության պակասը դեռևս Ադամից ու Եվայից էր գալիս, որոնք թաքնվեցին Աստծուց իրենց կատարած մեղքի պատճառով: Հայր Աստված, հանուն իր արարածների փրկության, Իր Միածին Որդուն զոհեց: Հիսուս Քրիստոս ոչ միայն խաչվեց ու թաղվեց, այլև հարություն առավ՝ Իր Հարությամբ հերթական ուրախությունն ու բարի ավետիսը տալով մարդկությանը: Եվ մարդը Քրիստոսի պատարագմամբ ոչ միայն համարձակություն է ստանում կանգնելու Արարչի առջև, այլև հավիտենական կյանքի հույս է ստանում:
Ուստի, սիրելինե՛ր, զղջանք մեր գործած մեղքերի համար, ապաշխարենք, դառնանք դեպի Աստված` ձերբազատվելու համար մեղքերի շղթաներից, մեղքերի անդունդը չգլորվելու և Հայրական տան ապահով ու իրական ազատության մեջ բնակվելու համար:
Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:
Տեր Վահան քհն. Առաքելյան